Ինչպես միշտ

17/04/2010

«Հայաստանն ընդհանրապես այս ձեւով չպետք է մտներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, իսկ մտնելուց հետո էլ պետք է շուտ դուրս գար գործընթացից»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Հրայր Կարապետյանը: Նա ասել է, թե Թուրքիայում ապրող հարյուր հազար հայերին երկրից վտարելու Էրդողանի հայտարարությունը լավ առիթ էր հայ-թուրքական գործընթացից դուրս գալու համար, բայց Հայաստանը չօգտագործեց այդ առիթը: Հրայր Կարապետյանն առաջարկել է հիմա` մինչեւ ապրիլի 24-ը դուրս գալ գործընթացից` չժխտելով, սակայն, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման եւ հայ-թուրքական սահմանի բացման կարեւորությունը: Վաշինգտոնյան հանդիպումների առնչությամբ Հրայր Կարապետյանը նշել է, թե հիշյալ հանդիպումներն ապացուցեցին, որ Ադրբեջան-Թուրքիա դաշինքը գործում է միասնական ճակատով եւ հաճախ հանդես գալիս որպես մեկ միավոր: Ըստ նրա, սա է վկայում Թուրքիայի վարչապետ Էրդողանի վաշինգտոնյան հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում: «Եթե ապրիլի 24-ի ելույթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չարտասանի «ցեղասպանություն» բառը, դա կնշանակի, որ ամերիկյան վարչակազմը տեղի տվեց թուրքական շանտաժին: «Ցեղասպանություն» բառը չարտասանելը կլինի Թուրքիայի ժամանակավոր հաղթանակը»,- ասել է ՀՅԴ-ական Հ. Կարապետյանը:

Այսքանից հետո Հրայր Կարապետյանն ասել է, որ իրենք գոհ են Վուդրո Վիլսոնի շիրմին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտասանած ելույթից, որով, ըստ նրա, ՀՀ նախագահն ամրապնդել է համայն հայության շահերը: ՀՅԴ-ն, սակայն, ըստ Կարապետյանի, շարունակելու է հանդես գալ ընդդիմադիր դիրքերից: «Մենք չենք պատրաստվում այսօր իշխանության մաս լինել, մենք եղել եւ մնում ենք ընդդիմադիր դիրքերում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իրենք դեռ բավական դժգոհություններ ունեն երկրի ներքին կյանքում եղած խնդիրների առնչությամբ: Նա հերթական անգամ կրկնել է ՀՅԴ-ի այն ծիծաղելի «արդարացումը», թե իրենք դժգոհ են ՀՀ արտաքին գործերի նախարարից, քանի որ վերջինս սպասողական եւ լռելյայն վիճակում է ու քայլեր է ձեռնարկում միայն Ս. Սարգսյանի ասելուց հետո: