Մեր թերթի ապրիլի 1-ի համարում տպագրել էինք «Նաիրիտ» ԲԲԸ-ի նախկին աշխատակիցների բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին:
Հիշեցնենք, որ նամակում նրանք դժգոհություն էին հայտնում, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն, որը ստեղծվել է «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից եւ հանդիսանում է մասնավոր սեփականություն, դատարան է ներկայացրել մտացածին եւ արհեստական գումարի պահանջներ` ընդդեմ «Նաիրիտ» ԲԲԸ-ի: Արդյունքում իրենք` որպես վերջինիս պարտատերեր, չեն ստանալու իրենց հասանելիք գումարները եւ գույքը: Խնդրի հետ կապված` պարզաբանում է ներկայացրել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, որը տպագրում ենք ամբողջությամբ:
Այսպես` «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 26 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 875 որոշման 3-րդ կետի համաձայն, «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերությանը (ներկայումս` «Նաիրիտ» ԲԲԸ) պարտավորեցվել էր հիմնադրել մեր ընկերության իրավանախորդ` «Նաիրիտ-1» ՓԲԸ-ն` նախկին «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման մեջ մտնող քիմիական գործարանի եւ դրա հետ տեխնոլոգիապեu կապված շինությունների ու այլ կառույցների ներդրմամբ: Սակայն «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության 26 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 875 որոշման 3-րդ կետով սահմանված գույքի ներդրման պարտավորությունը կատարվել է մասնակի. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին հանձնվել են միայն նախկին «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման մեջ մտնող քիմիական գործարանի կառուցվածքում ընդգրկված օբյեկտները, իսկ վերջիններիս հետ տեխնոլոգիապես կապված, կառավարության որոշմամբ նախատեսված շինություններն ու այլ կառույցները չեն հանձնվել: Փաստորեն, պետությունը` հանդիսանալով «Նաիրիտ» ԲԲԸ-ի բաժնետեր, պարտավորեցրել է վերջինիս կատարել իրեն ամրացված գույքի` քիմիական գործարանի, ինչպես նաեւ դրա հետ տեխնոլոգիապես կապված շինությունների եւ այլ կառույցների ներդրում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում` արտահայտելով իր կամքը թիվ 875 առ 26.12.2000թ. որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում: Սակայն, նշված իրավական ակտի իմպերատիվ պահանջը պատշաճ չի կատարվել. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի իրավունքների եւ օրինական շահերի խախտմամբ` վերջինիս չի հանձնվել կառավարության որոշմամբ նախատեսված որոշ գույք (ավելին` այդ գույքն օտարվել է): Դրանց շարքին են դասվում, օրինակ, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գործունեության համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների (կոմունիկացիաների) հումքային բազա հանդիսացող Կոտայքի մարզում գտնվող աղի հանքը եւ բազմաթիվ այլ իրավահաստատող փաստաթղթեր: Բնական չէ՞, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն էլ, իր խախտված իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով, դիմել է դատարան` խնդրելով վերացնել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման մեջ մտնող քիմիական գործարանի հետ տեխնոլոգիապես կապված գույքի նկատմամբ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի սեփականության իրավունքի իրականացման խոչընդոտները, ճանաչել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ, իսկ վերջին հայցով` բռնագանձել 883.858.166 ՀՀ դրամ` որպես «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի իրավունքների եւ օրինական շահերի խախտմամբ վիճելի գույքը այլ անձանց օտարելու արդյունքում «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի կրած վնաս: «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի պահանջները հիմնավորվել են մի շարք ապացույցներով` ՀՍՍՀ ժողդեպուտատների Երեւանի քաղսովետի գործկոմի թիվ 12/10 առ 29.04.1981թ. որոշմամբ, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 577 առ 15.08.1984թ. եւ թիվ 1456-ռ առ 24.07.1984թ. կարգադրություններով, վիճելի գույքին վերաբերվող տեխնիկական փաստաթղթերով, ինչպես նաեւ դրանց կից փորձաքննության արդյունքներով եւ հատակագծերով: Վերջիններիս հետազոտման եւ գնահատման արդյունքում դատարանները հանգել են հետեւության, որ հիշյալ ապացույցներով հաստատվում է քիմիական գործարանի հետ վիճելի գույքի տեխնոլոգիապես կապված լինելու հանգամանքը, որի ուժով էլ պայմանավորված` այն ենթակա էր ներդրման «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում, ինչը, ՀՀ կառավարության թիվ 875 առ 26.12.2000թ. որոշման, ինչպես նաեւ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի իրավունքների եւ օրինական շահերի խախտմամբ, այդ պարտավորությունը կրող «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից չի կատարվել: Ի դեպ, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հիմնադիր «Նաիրիտ» ԲԲ ընկերությունը ամենեւին էլ մտահոգված չի եղել այն հանգամանքով, որ իր կողմից ստեղծված ընկերությունն ունենա այն տարրական հիմքերը, որոնք թույլ կտան քիմիական հսկային մնալ աշխատող ընկերությունների ցուցակում: Ավելին, զրկելով «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությանն իր շահերը պաշտպանելու բոլոր հնարավորություններից, չհանձնելով իրավահաստատող փաստաթղթերը, «Նաիրիտ» ԲԲԸ-ն ստեղծել է ստվերային միջավայր, որից օգտվելով` բազմաթիվ տնտեսավարող սուբեկտներ եւ անհատներ շարունակում են, առք ու վաճառքի պայմանագրեր կնքելով, ձեռք բերել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի համար կենսական նշանակություն ունեցող գույքը: Այդ գործընթացի չկասեցումն, ի վերջո, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին կարող է զրկել աշխատելու հնարավորությունից: Ճշմարտությունը հետեւյալն է. ըստ էության, «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը «Նաիրիտ» ԲԲԸ-ից պահանջում է ընդամենը այն, ինչ նա պարտավոր էր կատարել ՀՀ կառավարման որոշմամբ դեռեւս 8 տարի առաջ սահմանված պահանջով: Եվ տարօրինակ է, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ այս պահանջի բավարարումը դատարանների կողմից բաց նամակի հեղինակներին «անհասկանալի է»: