Անիմացիայի գաղտնիքները շրջանառության մեջ են դրվում

17/04/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնը, որն ընդամենը մեկ տարվա կյանք ունի, փորձում է գործնականորեն հարթել ու ընդարձակել անիմացիոն արվեստի ճանապարհը Հայաստանում:

Ըստ փառատոնի տնօրեն, նկարիչ Վրեժ Քասունու` իրենց երազանքը Հայաստանում անիմացիայի դպրոցի հիմնումն է: Մոտ օրերս այդ ապագա դպրոցի առաջին հիմնաքարը կդնի Ֆրանսիայում ապրող ճապոնացի անիմատոր Յոշի Թամուրան, ով ակտիվորեն աշխատում է ամերիկյան խոշոր անիմացիոն ընկերությունների հետ ու պարբերաբար աշխարհի տարբեր անկյուններում հանդես է գալիս իր սեմինարներով ու «work shop» ձեւաչափի դասընթացներով:

Թամուրայի «work shop»-ին մասնակցելու են միայն հայաստանցիները: Թեեւ Վ. Քասունին նկատում է, որ արտասահմանցիների մասնակցությունը որոշակիորեն կարող էր թեթեւացնել ֆինանսական բեռը (Յոշի Թամուրայի աշխատանքային այցերը բավականին թանկ են), սակայն իրենք ցանկանում են առաջին հերթին անիմացիոն ասպարեզը զարգացնել հենց Հայաստանում: «Երբ ոտքի կանգնենք, կկարողանանք տարածաշրջանային դասընթացներ կազմակերպել, իսկ հիմա ավելի շուտ փորձում ենք ռազմավարական խնդիրներ լուծել. ուժեղացնել մեր բազան ու զարգացնել անիմացիոն ֆիլմերի արտադրությունը»: Անիմացիոն ասպարեզում գործող հայաստանյան 5 ստուդիաներից ընտրվելու են մի քանի մասնագետներ, որոնք արդեն իսկ գիտելիքների պաշար ունեն: «Թամուրան բաժնեկցելու է իր փորձառությունը, այլ ոչ թե զրոյից է սովորեցնելու: Կարծում եմ, համագործակցելու կարողությունը հիմա մեզ շատ է անհրաժեշտ: Ես ինքս տարիներ առաջ Հալեպից Երեւան տեղափոխվեցի` ցանկանալով դուրս գալ հայկական գաղութից ու համագործակցության ավելի լայն հնարավորություններ գտնել: Հիմա մենք հասել ենք այն կետին, երբ կարող ենք ասել, որ հայկական անիմատորները դարձել են գաղութային մասնագետներ եւ շատ հազվադեպ են համագործակցում իրար հետ»,- ասում է Վ. Քասունին։

Յոշի Թամուրայի առաջին «work shop»-ը 1 տարվա տեւողություն ունեցող ուսումնական շղթայի հիմքը կդնի: Թամուրայի մեկնելուց հետո դասերի շարունակականությունը չի խաթարվի, քանի որ հետագայում դասերին մասնակցող անիմատորները պարտավորություն են ստանձնում` նույն աշխատանքն անել ավելի երիտասարդ լսարանի հետ: Կարելի է ասել, որ կիրառվելու է «Սովորեցիր ինքդ, սովորեցրու ուրիշին» մոտեցումը: Մշակվել է ծրագիր, որի համաձայն` հայկական անիմացիոն ստուդիաների ներկայացուցիչները 14-20 տարեկան երեխաներին կփոխանցեն իրենց փորձն ու գիտելիքները: Վ. Քասունին նկատում է. «Ավելի մեծ տարիքի պատանիներն արդեն շատ լավ իմանում են, թե ի՞նչ են սպասում կյանքից, ու պատրաստ են իրենց գիտելիքների համար վճարել, իսկ երեխաները դեռ որոնումների փուլում են գտնվում: Մենք պարզապես նրանց առջեւ կբացենք անիմացիայի աշխարհի գաղտնիքները, ինֆորմացիա կտանք եւ ոչինչ չենք ակնկալի: Թող իրենք կողմնորոշվեն»: Քանի որ Յոշի Թամուրայի աշխատանքային դասերը հայ անիմատորների համար անվճար են լինելու, նրանք հետագայում յուրատեսակ «բարտերային» փոխհատուցում կկատարեն: Վ. Քասունին նկատում է, որ նման մոտեցումը գործում է հոլիվուդյան խոշոր ստուդիաներում, որոնց ներկայացուցիչները պարբերաբար դասավանդում են համալսարանների անիմացիոն բաժիններում։ Իրականում Հայաստանում շատ պրոֆեսիոնալ ու տաղանդավոր անիմատորներ կան (նույնը թերեւս չի կարելի ասել կինոռեժիսորների մասին, քանի որ կինոյի ոլորտում շատ վաղուց հասունացել է սերնդափոխության խնդիրը), անիմացիոն ստուդիաներն էլ բավականին ակտիվ գործում են հոլովակների ու գովազդների դաշտում, սակայն այդ գործունեությունը հիմնականում լոկալ բնույթ է կրում՝ մնալով փոքր պատվերների սահմաններում: Մինչդեռ, եթե աշխարհի հետ շփվելու ու սեփական արածը ներկայացնելու ուղիները բացվեն, կշահեն ոչ միայն անհատ անիմատորները, այլ Հայաստանի իմիջը: Չէ՞ որ մենք հսկայական «բոնուս» ունենք. այն ուղին, որը բացել է անիմացիայի մեծ վարպետ, լուսահոգի Ռոբերտ Սահակյանցը։ Խստապահանջ պրոֆեսիոնալ լինելով՝ նա մեր թերթին տված իր հարցազրույցում (առանց ավելորդ համեստության, ընդամենը որպես փաստ) ասել էր. «Մենք սովոր ենք հիանալ մեր դարավոր մշակույթով ու պատմությամբ միայն անցյալ ժամանակով՝ մոռանալով, որ հենց հիմա մենք հպարտանալու բան ունենք։ Այո, ես համարում եմ, որ Թուրքիայի հետ պատերազմ մղելով, մենք հաղթել ենք։ Թեկուզ նրա շնորհիվ, որ Թուրքիայում իմ մակարդակի մուլտիպլիկատոր չկա եւ դեռ երկար ժամանակ չի լինի»։

Եվ որպեսզի Ռոբերտ Սահակյանցի բացած ճանապարհը տարիներ հետո փակուղով չավարտվի, հենց հիմա է պետք անիմացիոն աշխարհի նոր պրոֆեսիոնալների պատրաստել։ Եվ որքան շատ լինեն անիմացիայի տարբեր ոճեր ու մոտեցումներ ներկայացնող դպրոցները, այնքան մեր ճանապարհը երկար ու հեռանկարային կլինի։ Ուշագրավ է, որ մեր տարածաշրջանում անիմացիոն դպրոց գոյություն չունի, քանի որ շատ պետություններ դրա նախադրյալները չունեն։ «Տաղանդավոր երեխաներ չունեն»,- շտկում է Վ.Քասունին։ Նույնիսկ, երբ ցանկություն ու գումար է լինում, անիմացիոն դպրոցը չի կարողանում գործել հենց մարդկային ռեսուրսի պատճառով։ Այդպես եղավ, օրինակ, Դուբայում, որտեղ խոշոր գումարներ ներդրվեցին, մասնագետներ հրավիրվեցին, սակայն դպրոցը մեկ տարի աշխատելուց հետո ժամանակավոր փակվեց։ «Իսկ մենք կարող ենք լավ դպրոց ունենալ։ Ռոբ Սահակյանցը մեզ հսկայական ժառանգություն է թողել։ Նա ոչ միայն տաղանդավոր, այլեւ շատ ուժեղ մարդ էր։ Եվ շատերին է սովորեցրել։ Կարծում եմ, հիմա ժամանակն է շարունակել այդ ավանդույթը»,- ասում է նա։

Նկար շարժելու արվեստը

Հայտնի է, որ անիմացիոն ֆիլմերն ու պատկերապատումները՝ գրաֆիկական նովելները շատ նմանություններ ունեն։ Նկարի միջոցով պատմություն պատմելու սկզբունքը նույնն է. գրաֆիկական նովելներում նկարները դասավորվում ու համադրվում են ճիշտ այնպես, ինչպես կառուցվում է կինոկադրը։ Այսինքն՝ օգտագործվում է կինոյի սկզբունքը (խոշոր, միջին եւ ընդհանուր պլանների հաջորդականությամբ)։ Արվեստի այդ ճյուղերի նմանության շնորհիվ էլ շատ հաճախ կամ պատկերապատումներն են վերածվում ֆիլմի, կամ էլ ընդհակառակը՝ ֆիլմն է շարունակվում որպես պատկերային գիրք։ Հայաստանում անցկացվող պատկերապատումների փառատոնի հիմնադիր Տիգրան Մանգասարյանն, օրինակ, վստահ է, որ պատկերապատում ստեղծելու համար ցանկացած նկարիչ, նկարել կարողանալուց բացի, պետք է անպայման նաեւ կինոյի գաղտնիքներին տիրապետի։ Ճիշտ կլինի ասել, որ իրականում ոչ մի գաղտնիք էլ չկա, ամեն բան շատ հստակ ու պարզ է. տեխնիկական հնարքներին տիրապետելու, կինոյի տրամաբանությունը չխախտելու դեպքում միայն կարելի է ուշադրության արժանի գործեր ստեղծել։ Ուշագրավ է, որ Յոշի Թամուրան մի քանի ամիս առաջ այցելելով Հայաստան, իր առաջին կարճ դասընթացը անվանել էր «Motions&Emotions», այսինքն՝ իրար էր միահյուսել հույզի եւ շարժման լոգիկան։ «Մանր շարժման մեջ սխալ թույլ տալով, կարելի է հսկայական աշխատանք տապալել։ Ցանկացած նկար արեք՝ ելնելով ձեր հերոսի բնավորությունից, չմոռանալով նրա հոգեբանությունն ու մոտիվացիան։ Մի խնայեք ձեր ժամանակը՝ լավագույն պոզան կամ ժեստը գտնելու համար»,- ասել էր նա։

Երբ խոսքը գնում է «շարժվող պատկերների» մասին (ֆիլմում կամ գրքում)՝ սիրողական մոտեցումը միանգամից աչք է ծակում, եւ չեն փրկի ոչ հետաքրքիր սյուժեն, ոչ էլ օրիգինալ հերոսները։ Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում անցկացվող ամենախոշոր պատկերապատումների փառատոնն, օրինակ, գրավում է ոչ միայն գրահրատարակիչների, այլեւ կինոպրոդյուսերների ուշադրությունը։ Ընդամենը 50 հազար բնակչություն ունեցող այդ քաղաքում փառատոնի հյուրերի քանակը հասնում է 200-300 հազարի։ Այստեղ իրենց աշխատանքներն ու ապագա ֆիլմերի սյուժեներն են ներկայացնում բազմազգ նկարիչ-անիմատորները։ Վրեժ Քասունին, ով մասնակցել է Անգուլեմի վերջին փառատոնին, պատմում է, որ այս տարի «Նոր տաղանդներ» շատ մեծ ցուցադրություն էր կազմակերպվել, եւ իսրայելցի պրոդյուսեր Արի Ֆորմանն իր նոր լիամետրաժ անիմացիոն նախագծի համար ստեղծագործական խումբ էր հավաքում։ «Մենք զրուցեցինք Արի Ֆորմանի հետ, եւ նա մտահոգությամբ ասաց, որ Իսրայելը ընդամենը 1-2 անիմատորներ ունի։ Ես էլ ամենայն լրջությամբ պատասխանեցի, որ մենք ավելի շատ անիմատոր ունենք, քան իրենք… Եվ դա իրոք այդպես է, մեր մասնագետները շատ «ուժեղ» են, չէ՞ որ յուրաքանչյուր 10 հայից 9-ը նկարիչ է։ Եվ շատ հնարավոր է, որ նման համագործակցության շնորհիվ, մի քանի հայ մասնագետներ կարող են խոշոր ֆիլմերի ստեղծմանը մասնակցել։ Ընդ որում՝ կարող են անել դա հենց Հայաստանից, փառք Աստծո, հիմա բարձր տեխնոլոգիաները դա թույլ են տալիս։ Ֆորմանն, օրինակ, ցանկություն է հայտնել մասնակցել հաջորդ «ՌեԱնիմանիային»։ Եվ եթե նրան հրավիրելու անհրաժեշտ գումարներ ունենանք, կարող ենք հայ նկարիչ-անիմատորների ցուցահանդես կազմակերպել ու ներկայացնել մեր ներուժը։ Թող ընտրեն, վստահ եմ, որ ընտրությունը մեծ կլինի»,- ասում է նա։ Վրեժ Քասունին միաժամանակ պնդում է, որ շատ արագ արդյունք (այսինքն, «ՌեԱնիմանիայի» ուժերով պատրաստած հայրենական արտադրության անիմացիոն ֆիլմ) մենք դեռ չենք կարող ունենալ. «Երիտասարդները պետք է սովորեն անիմացիայի աշխարհ մտնել, իմանալ, թե ինչպես են աշխատում այս կամ այն անիմացիոն «գործիքները», եւ հետո միայն այդ գործիքներով որեւէ բան ձայնագրեն։ Իրականում դա շատ բարդ գործ է, պետք է ժամերով եւ օրերով նկարես, մտածես, դիտես, դիտարկես, լավագույն լուծումները գտնես։ Եվ վերջիվերջո ընդունես, որ անիմատորը ռեժիսորի ստրուկ չէ, այլ՝ լիարժեք բեմադրիչ, ֆիլմի պատասխանատու է»։

Չշտապել, բայցեւ չուշացնել

Սովորաբար, երբ Հայաստանում որեւէ փառատոն է ծնվում (իսկ դրանք շատ-շատ են), մենք ներքուստ միշտ սպասում ենք արվեստի այս կամ այն ճյուղի զարգացմանն ու ակտիվացմանը։ Թվում է, որ եթե բանիմաց գիտակներ են հավաքվում, ապա կինոն (կամ էլ թատրոնը, երաժշտությունը) պետք է ոչ միայն սպառում գտնի մեր ներքին շուկայում, այլեւ հայրենական արտադրանքի խթանիչը դառնա։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն, օրինակ, իր 7-ամյա պատմության ընթացքում հասցրեց լավ ֆիլմերով ու անվանի հյուրերով հագեցնել հայաստանյան շուկան, մի քանի հաջող համագործակցության սկիզբ դնել, իսկ երբ եկավ սեփական արտադրանքը խթանելու պահը, անհասկանալի պատճառներով արգելակեց։ Ոչ վաղ անցյալում, օրինակ, «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ այսուհետ անձամբ ինքը ֆիլմ չի նկարահանի, փոխարենը կաջակցի երիտասարդներին ու համահայկական նախագծերին։ Հանրությանը ներկայացվեցին «Տուն» եւ «Հող» ֆիլմերի նախագծերը, որոնք նովելային կառուցվածք պետք է ունենային եւ ստեղծվեին հայազգի անվանի ռեժիսորների կողմից։ Նախագծերը սառեցվեցին. գումար չկար, չկար նաեւ այդ նախագծերը առաջնահերթ համարելու որոշումը։

Այն փաստը, որ շատ հաճախ հնարավորություններն ու ցանկություններն իրար չեն համընկնում, կարծես շատ չի հուզում կինոոլորտի ներկայացուցիչներին։ Դրա վառ ապացույցը Կինոկենտրոնի աշխատաոճն է, որը հայտարարում է Կաննը, «Օսկարը» (էլ չասած՝ հազարավոր մանր մրցույթների ու փառատոների մասին) նվաճելու իր պատրաստակամության մասին, սակայն չի ցանկանում սթափ ընդունել, որ Հայաստանն իր 20-ամյա անկախության ընթացքում որակյալ ու «մարտունակ» ֆիլմ դեռ չի կարողացել ստեղծել։ Եվ չի էլ ստեղծի, քանի դեռ շարունակում է աշխատել կիսասովետական-կիսաստվերային պայմաններում։ Այսինքն, պատասխանատվություն չի կրում էկրանին տապալվող ֆիլմեր արտադրելու որոշում ընդունելու համար։ Ինչեւէ, այդ թեմային մենք կանդրադառնանք ավելի ուշ։ Իսկ շարունակելով փառատոնային թեման, հարկ է նշել, որ «ՌեԱնիմանիայի» միջոցով տարբեր միջազգային փառատոներում աճել է հետաքրքրությունը հայկական մուլտֆիլմերի հանդեպ։ Հայկական անիմացիոն ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն ցանկանում են կազմակերպել Տորոնտոյի, Շտուտգարդտի անիմացիոն փառատոները։ Սակայն շատ հաճախ դա հնարավոր չէ անել, քանի որ շատ ֆիլմեր միայն կինոժապավենի վրա են պահպանված (DVD ֆորմատի վրա չկան), իսկ ֆիլմերի մեծամասնությունը զուրկ է նաեւ սուբտիտրերից։ «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտֆիլմն, օրինակ, միայն ռուսերեն տարբերակ ունի։ «ՌեԱնիմանիան» պատրաստ է իր ուժերով իրականացնել ֆիլմերի թարգմանությունը։ «Եթե մեզ 10 ֆիլմի համար գումար տրամադրեն, մենք այդ գումարով պատրաստ ենք 30 ֆիլմ թարգմանել։ Թող վճարումը լինի սիմվոլիկ, բայց մեր կամավորները գիտակցեն, որ իրենց աշխատանքը գնահատվում է»,- ասում է Վ.Քասունին։

Ընդհանրապես «ՌեԱնիմանիայում» շատ բան հիմնված է կազմակերպիչների էնտուզիազմի վրա։ «Ես ինքս անիմացիայի ռոմանտիկ եմ»,- ժպիտով ասում է փառատոնի գեղարվեստական տնօրեն Լուսինե Քասարջյան-Գայֆեջյանը։ Ինչպես հայտնի է, ռոմանտիզմը երկար տեւել չի կարող, այն կամ մարում է, կամ էլ լճանում է։ Ընդ որում՝ այս փառատոնը կարող է խուսափել լճացումից (թեկուզեւ միայն նրա շնորհիվ, որ կազմակերպիչները չեն ապրել խորհրդային տարիների Հայաստանում ու այդ համակարգի դեկլարատիվ լոզունգներով չեն ուղղորդվում)։ Համենայնդեպս, «ՌեԱնիմանիան» փորձում է իրատես լինել ու ծրագրել միայն այն գործը, որի արդյունքը տեսանելի ու շոշափելի կլինի մի քանի տարի անց։ Այն չի հայտարարում, որ, ասենք, հաջորդ տարի մենք կնվաճենք Կաննը կամ Հայաստան կբերենք «Օսկարի» արձանիկը, այլ հաջորդ տարի նախատեսում է խոշորագույն ամերիկացի անիմատոր Մաքս Հաուըրդի դասընթացը կազմակերպել։