ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուս. տարում Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական եւ ասպիրանտական (8 կրթաթոշակ) կրթություն ստանալու համար, ինչպես նաեւ 30 կրթաթոշակ` արաբերեն լեզվի 10-ամսյա վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար:
Մագիստրոսական եւ ասպիրանտական մրցույթին կարող են մասնակցել արաբերենին տիրապետող եւ համապատասխանաբար բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները: Լեզվի վերապատրաստման դասընթացների համար անցկացվող մրցույթին կարող են դիմել արաբերեն լեզվին տիրապետող ՀՀ բուհերի ուսանողները: Դիմորդները պետք է ներկայացնեն.
– դիմում` մրցույթին մասնակցելու համար, որում պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
– դիմում-հարցաթերթիկ,
– ավարտական դիպլոմի եւ միջուկի, իսկ ավարտական կուրսերի ուսանողներն` առաջադիմության թերթիկի (ակադեմիական տեղեկանքի) պատճենները` նոտարի կողմից անգլերեն կամ արաբերեն թարգմանված եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից վավերացված,
– անձնագրի պատճենը,
– բժշկի տեղեկանք` արտերկիր գործուղվողների համար,
– 3×4 չափսի 5 գունավոր լուսանկար,
– արական սեռի անձինք` զինգրքույկի պատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Ասպիրանտական կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաեւ.
– ռեֆերատ հայերեն լեզվով,
– ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտության վերաբերյալ,
– օտար լեզվի իմացությունը փաստող վկայական` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 28.11.2007թ. N1162-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Ասպիրանտական կրթաթոշակի համար հավակնող դիմորդները պետք է հանձնեն մասնագիտական քննություն` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի կողմից 2006թ. սեպտեմբերի 15-ի N 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգի» համաձայն եւ անցնեն հարցազրույցի փուլ: Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ ս/թ. մայիսի 5-ը (ներառյալ) ՀՀ ԿԳ նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն (ք. Երեւան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64): Մրցույթը տեղի կունենա ս.թ. մայիսի 7-14-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում (Հանրապետության 73):