Բարեփոխումների հերթական զոհն այս անգամ ՀՀ պետական բուհերի խորհուրդներն
էին, որոնք, համաձայն կառավարության նոր որոշման, պետք է կազմավորվեն այլ
սկզբունքով: Խորհրդի անդամների միայն 50 տոկոսն է լինելու բուհի ներսից,
մնացած 50-ը բուհի հետ կապ չունեցող մարդիկ են լինելու: «Ձայները բաժանված
են հետեւյալ կերպ ՝ 25 տոկոսը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, 25 տոկոսը՝
ուսանողություն, 25-ը՝ կառավարության կողմից լիազորված անձինք, 25-ը՝
տարբեր ոլորտների նշանավոր ներկայացուցիչներ,- ասում է Երեւանի Վ.
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտքարտուղար Դոնարա
Ղազարյանը: -Այն, որ դասախոսական եւ ուսանողական կազմն ունեն հավասար
ձայներ, արդեն ընդունելի չէ: Ինչ վերաբերում է մնացած 50 տոկոսին, կասկած
է առաջանում, թե դրսի մարդը ինչպես կարող է հստակ կարծիք ունենալ մեր
համալսարանի մասին»: Խորհրդի նախագահը նույնպես պետք է լինի դրսից, նա չի
կարող լինել նույն բուհի հաստիքային աշխատող՝ դեկան, ամբիոնի վարիչ,
դասախոս: Խորհրդի անդամների թիվը լինելու է նվազագույնը` 20,
առավելագույնը՝ 32 հոգի, այսինքն՝ զույգ թիվ, ինչը հավասար ձայների
դեպքում ենթադրում է իշխանությունների ներկայացուցիչների հաղթանակ, քանզի
խորհրդի նախագահն ունի երկու ձայնի իրավունք: Բնականաբար, կառավարության
այս նոր որոշումը չէր կարող ուրախացնել բուհերի ղեկավարությանը:
Վերջիններս համոզված են, որ այսպիսով բուհը զրկվում է ինքնավարությունից,
եւ բուհի հետ կապ չունեցող մարդիկ են դառնում բուհի տերն ու տիրակալը:
«Այսօր մենք փորձում ենք հետեւել եվրոպական կրթության մոդելին, համաձայն
որի` բուհերը պետք է լինեն ինքնավար եւ զերծ լինեն քաղաքական
գործառույթներից: Բնականաբար, այս որոշումը դառնում է դրա
հակասությունը»,- ասում է Դ. Ղազարյանը: Բուհերը չեն պատրաստվում
ենթարկվել այս որոշմանը եւ իրենց բողոքն են ներկայացնում կառավարությանը:
«Այս որոշումը բուհերին ուղարկվել է սեպտեմբերի սկզբին թե օգոստոսի
վերջին,- ասում է Դ. Ղազարյանը,- առաջին հերթին` մեր ըմբոստությունը եղավ
նրանից, որ մինչեւ որոշումը բուհ մտնելը, որոշման նախագիծ, որպես
այդպիսին, չեղավ: Կարելի էր գոնե որոշումն ընդունելուց առաջ նախագիծն
ուղարկել, որպեսզի մենք նույնպես քննարկեինք այն: Ինչո՞ւ է գաղտնի պահվել
այդ փաստաթուղթը»: Բուհերին հուզում է նաեւ այն, թե որն էր այսպիսի
որոշում կայացնելու դրդապատճառը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հավաստմամբ՝ «Որեւէ
վերահսկողության խնդիր չկա, կա պետական բուհերի խորհրդի ձեւավորման նոր
կարգ, որին ընդգրկվել են տարբեր հատվածներից մարդիկ: Բուհական որեւէ
գործընթացի դա չի խանգարի, պարզապես նրանք, ովքեր կարծիքներ են հայտնում,
պետք է շատ ավելի ուշադիր կարդան այդ փաստաթուղթը եւ կտեսնեն, որ որեւէ
խանգարիչ գործոն չկա: Ինչո՞ւ եք մտածում, որ ոչ մասնագետ մարդ պետք է այդ
համակարգում լինի: Ի՞նչ է, նախարարությունում ոչ մասնագետնե՞ր են
աշխատում»:
Դժվար է հասկանալ, թե ինչ են մտածել մեր պետական այրերն այս որոշումը
կայացնելիս: Իրենց խորին համոզմամբ, այս որոշումը որոշակի կարգուկանոն
կմտցնի բուհերում, մասնավորապես ենթադրվում է, որ կաշառակերության դեմը
կառնվի: Սակայն չի բացառվում, որ այս ամենի ենթատեքստում կառավարությունն
էլ իր շահերն ունի: