Կոլիտը կարելի է բուժել առանց դեղերի

17/04/2010

Կոլիտի բուժման ժամանակ դիետան առաջնահերթ կարեւորություն ունի: Դիետայից պետք է միանշանակ հանվեն բոլոր թեփերը (նույնիսկ հացից). դրանք քերծում եւ բորբոքում են հիվանդ աղիի ներքին թաղանթը: Չի կարելի ուտեստները ուտել շատ սառը կամ շատ տաք վիճակում: Հեղուկներ, այդ թվում՝ նաեւ ջուր պետք չէ շատ խմել: Մի կերեք մսի դժվարամարս տեսակներ, օրինակ՝ խոզ, հորթ եւ այլն: Ոչ թե մրգահյութ խմեք, այլ ընդհակառակը՝ միրգը կերեք: Խուսափեք զանազան սուր համերով ուտելիքից` կծու, թթու եւ այլն: Աշխատեք մրգերը կորիզով չուտել, պետք է հրաժարվել տապակած ուտելիքից, թարմ հացից ու սուրճից: Կարելի է ուտել գրեթե բոլոր հացաբույսերը (բացառությամբ թեփի), հավի եւ ոչխարի միս: Բոլոր մրգերն ու բանջարեղենները պետք է ուտել առանց կորիզի եւ ցանկալի է՝ եփած: Հացը պետք է լինի կիսաչոր եւ յուղի քիչ քանակությամբ, ու ճարպերն էլ՝ քիչ: Կովի կամ այծի կաթ կարելի է խմել ցանկացած չափով, բայց ընդհանուր առմամբ հեղուկների օգտագործումը շատ չպետք է լինի: Եթե հիվանդը ճշգրտորեն պահպանի դիետան եւ ընդունի դեղամիջոցներ` բժշկի խորհրդով, ապա լրիվ կառողջանա: Պետք է հիշել, որ կոլիտի բուժման մեջ կա մեկ կարեւոր «ոչ». երբեք չօգտագործել լուծողականներ: Դրանք հաճախ կոլիտ են առաջացնում: Կարելի է երբեմն ընդունել հոգնա, այն էլ` եթե հիվանդը շատ ցանկանա: