Տզրուկաբուժություն

17/04/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին ասում էր, որ իր երիտասարդության գաղտնիքը մորթին եւ տզրուկներն են: Այն ժամանակվանից շատ տարիներ են անցել, եւ մարդիկ կարծես թե մոռացել են տզրուկների տված օգուտի մասին: Մինչդեռ առաջներում տզրուկներով բազմաթիվ հիվանդություններ են բուժել:

Մարդիկ տզրուկաբուժության օգնությանը դիմել են դեռեւս մեր թվարկությունից հազարամյակներ առաջ: Հին Եգիպտոսում քրմերը փարավոններին բուժում էին տզրուկների միջոցով, բայց հույժ գաղտնի պահելով բուժման եղանակը: Ռուսաստանում տզրուկաբուժության օգնությանը դիմել են սկսած 17-18-րդ դարերից: Պետերբուրգի գեղեցկուհիները նմանակելով ֆրանսուհիներին` պարահանդեսներից կամ պաշտոնական ճաշկերույթների գնալուց առաջ ականջի հետեւի մասում տզրուկներ էին կպցնում: Այս պրոցեդուրան նրանց թարմություն ու լավ տեսք էր հաղորդում:

Ինչ եւ ինչպես են բուժում տզրուկները

Գնալով մարդիկ ավելի շատ են դիմում բնական բուժամիջոցներին` գիտակցելով, թե քիմիական միջոցներն ինչքան վնասակար են մեր օրգանիզմին: Բժշկական տզրուկը շատ հուսալի եւ փորձված միջոց է: Այն օգտագործում են կարդիոլոգիայում, ակնաբուժության, մաշկաբանության, վիրաբուժության, նյարդաբանության եւ այլ բժշկական գիտությունների ոլորտում:

Գիրուդոթերապիան, նույն ինքը` տզրուկաբուժությունը, շատ արդյունավետ միջոց է համարվում երակների լայնացման, թրոմբոֆլեբիտների, հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, հայմորիտի, մաշկային եւ գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար: Տզրուկաբուժության շնորհիվ շատերի մոտ հակաբիոտիկների ու հորմոնային պրեպարատների ընդունումը դառնում է ոչ անհրաժեշտ: Դժվար է հավատալ, որ այդ մի փոքրիկ տզրուկով կարելի է պայքարել հարյուրավոր հիվանդությունների դեմ: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ տզրուկը կենսաբանական ակտիվ նյութերի եւ ֆերմենտների մի ողջ ֆաբրիկա է, որոնք մարդու արյան մեջ անցնելիս, առաջացնում են հակաբորբոքային, ցավազրկող, հակաայտուցային ազդեցություն` միաժամանակ նվազեցնելով թրոմբի առաջացման վտանգը: Դրանք դրական ազդեցություն են ունենում նաեւ իմունային համակարգի վրա:

Բժշկական տզրուկի այդքան հիվանդություն բուժելու գաղտնիքը թաքնված է նրա թքագեղձերի մեջ, իսկ ավելի կոնկրետ՝ դրանցում գտնվող ֆերմենտներում: 20-րդ դարի վերջում գիտնականները պարզեցին, որ տզրուկի թուքը պարունակում է մոտ 100 օգտակար նյութ, որոնք մարդու օրգանիզմի համար կարող են կարեւորագույն նշանակություն ունենալ: Այդ փոքրիկ կենդանի բուժակը կարող է կանխել այնպիսի անոթային «արհավիրքը», ինչպիսիք են սրտի կամ ուղեղի կաթվածը, կարգավորել երակային ճնշումը, կանգնեցնել նոր սկսվող հիպերտոնիկ հիվանդության զարգացումը եւ այլն: Այսքանից հետո ինքներդ պետք է որոշեք` ընդունել սինթետիկ պրեպարատնե՞ր, թե՞ օգտվել այն յուրօրինակ հնարավորությունից, որը մեզ ընձեռել է բնությունը:

Իհարկե, ինչպես բոլոր բուժամիջոցներն, այնպես էլ տզրուկաբուժությունն ունի իր հակացուցումները: Բուժման այս ձեւը չի կարելի կիրառել արյան ցածր մակարդելիության, անեմիայի եւ զզվելու դեպքում: