Պետեր Էստերխազի «Գովք նյութի, կամ՝ քիմերների որս Մեծն Դրոգոբիչում»

17/04/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Քմայքներ եւ խեղումներ` այսպես է բնութագրում Գոմբրովիչն իր եւ Շուլցի ստեղծագործությունը անկողմնակալ օրագրում: Որից, ի թիվս այլ բաների, պարզվում է, որ Շուլցը Գոմբրովիչին շատ սիրել եւ գնահատել է, ինչպես եւ Գոմբրովիչը՝ նրան: Շուլցը ծնվել էր այն բանի համար, որ միշտ տանուլ տված լինի, եւ աշխարհը սիրահոժար դրանում աջակցում էր նրան: Լեհական գրականության շինության վրա, ասում է այնուհետեւ Գոմբրովիչը, ես եւ նա` ճարտարապետական ավելորդություններ ենք, ոլորագծեր, պարուրագծեր, քիմերներ, գրիֆներ:

Այդպիսի մարդու տանը տիրում է, տարածվելով հանց ջրի վրայի կլորակները, հավերժական քայքայումը, գրողի ուշադրությունը սեւեռվում է առարկաների վրա, որոնք չունեն իրենց տեղը ժամանակի մեջ: Այն ամենը, ինչ կատարվում է, կատարվում է ոչ ցերեկով եւ ոչ էլ գիշերով: Այն ինչ-որ տեղ՝ միջեւ, բացառապես միջեւ: Նրբին, ինչպես մանրամաղ անձրեւը, մթնշաղի լողացող վարագույրը, կպչուն, քնատ լուսայգի մշուշը… կամ` դիմենք այլ խոսքերի` փոշոտ, գզգզված, տրորված մոլախոտ… կարծես հենց ինքը՝ գլուխը կորցրած ժամանակը փորձում է իր վրայից դեն նետել տարեթվերով դասավորված իրադարձությունների պինդ շրջափակը:

Բոլոր հանճարները` ժամանակակիցներ են, որի համար էլ մենք բարյացակամորեն գլխով ենք անում` օ՜հ, իհարկե, Բնօրինակ է: Սուրբ յուրօրինակ մեծ նահատակը, որ մարում է այնչափ խոր անկման եւ քայքայման մեջ: Իսկ Կոկորդիլոսների փողոցը` մի՞թե այն 1992 թվականից չէ, այսպես ասենք, պոստմոդեռնից չի՞: Այո եւ ողջ թաղամասը` չէ որ դա այլ բան չէ, քան տենչանքների եռք, վաղօրոք, եւ այդու դատարկ եւ անուժ: Անսովոր թեթեւության մթնոլորտում այդտեղ աճում է ցանկացած ակնթարթային քմահաճություն` վաղանցիկ լարումը ուռչում-դառնում է դատարկ եւ փչված ուռուցք, առաջանում է անգույն խավոտ կակաչների, բրդոտ ուղտափշերի թեթեւ մացառուտը, որի վրա լողում է զառանցանքի ու հաշիշի անկշիռ փառը: Ոչ մի տեղ, քան այստեղ, մենք չենք զգում այդքան անխուսափելիորեն հնարավորությունների սպառնալիքը, իրագործման մոտիկությամբ ցնցված, դժգունած եւ ուժահատ իրականացման արբեցուցիչ բերկրանքով:

Մի՞թե ցավագինորեն ծանոթ այս վայրերում մենք տանը չենք:

Շուլցին հասու էր այն, ինչն այսօր գիտի (գիտի եւ մոռանում է) յուրաքանչյուրը, եւ ուրեմն, թող որ այստեղ ես փոքր-ինչ չափազանցնում եմ, գիտեին միայն Գոմբրովիչն ու Կաֆկան: Սակայն, այդպես չէ` դա հասու է յուրաքանչյուր մեծ գրողի, նույնիսկ կարծում եմ, որ մեծությունը հենց դա է, ում մասին ուզում է խոսենք, պլաստիկ Օվիդիոսից մինչեւ խստաշունչ Ֆլոբերը:

Շուլցը, թերեւս, հենց այն պատճառով է այդքան ծանոթ թվում, քանզի ժամանակի եւ տարածության հետ նա յուրահատուկ, շեշտված հարաբերությունների մեջ է: Նա դրանցում ասես կենդանի էակներ է տեսնում` խենթությունների մեջ թաղված, քայքայվող ժամանակը, որ կատաղի աճում է, ցասումնալից աճում է եւ, որբացած, հանգչում է, եւ տարածությունը, ուր չեն գործում Էվկլիդեսյան օրենքները, ուր փողոցները խառնվում եւ փոխվում են, եւ մենք, օրորվելով, հածում ենք մի երազից դեպի մյուսը… Դե ի՞նչ այն բանից, որ ամեն ինչ, այսպես ասած, երազ է` ձին, խեցգետինը, ուտիճները, հայրը, փոշոտ մոլախոտը: Ի՞նչ այն բանից, որ ամեն առավոտ ես, որպես կանոն, ինձ գտնում եմ անկողնու կպչուն տիղմում… ուշ է, արդեն ամեն ինչ պատահել է` եւ ձին, եւ խեցգետինը, եւ ուտիճները, եւ հայրը, եւ մոլախոտը, այն ամենը, ինչ կարող էր մեզ հետ տեղի ունենալ, արդեն տեղի է ունեցել: Ամեն ինչ` զուտ ճշմարտություն է, եւ արաբեսկների սարսափը, եւ ուսուցիչ Արենդտի մոտ գծանկարի գիշերային դասերը, մաքուր ճշմարտություն է, եւ հայրը, ով չկա եւ անսպառ է նյութի գովքի մեջ: Չկա մեռյալ նյութ, ուսուցանում էր նա, մեռյալությունը` զուտ արտաքին տպավորություն է, որ թաքցնում է կենաց անիմանալի ձեւերը: Եվ դիմակը` մաքուր ճշմարտություն է` մռայլ պերճանքը, դիմակի, կառնավալային հանդերձանքի, տիկնիկ-խամաճիկի, վարագույրների, թատերայնության մռայլ ծիծաղելիությունը…

Եթե ես կամենամ ամեն գնով ասել ճշմարտությունը, ես կասեի, որ այն, ինչ անում է Շուլցը` դեկոնստրուկցիա է: Համենայն դեպս, նա ստեղծագործում է` առարկաները մասերի բաժանելով: Գրականությունը լոկ այն պատճառով է հնարավոր, կարդացել ենք մենք ինչ-որ տեղ, որ աշխարհը դեռեւս անավարտ վիճակում է։ Վախը, որ իր ճանկերի մեջ է պահում Շուլցին, արդարացված վախն է ավարտունության հանդեպ: Դա էլ հենց նրա բնազանցական կատակերգության հիմքն է:

Մենք հետզհետե սառչում ենք մեր կյանքում: Ողջը, քանի որ այն վաղուց լքել է իր իրականությունը, կարծրացել է. նյութը կատակ չի հասկանում: Այն միշտ լեցուն է ողբերգական արժանապատվությամբ: Ով կխիզախի մտածել, թե կարելի է նյութի հետ խաղ անել, թե թույլատրելի է հանուն կատակի ձեւափոխել այն, կտեսնի, որ կատակը չի ներաճում նրանում, մեկեն չի մարսվում, ինչպես ճակատագիր, կամ կանխորոշում:

Երեխան` ահա ամբողջական եւ դրամատիկ էակ: Իսկ կյանքը` այդ ամբողջականության հետզհետե կորուստն է, հետզհետե խամրումը, հետզհետե մահը: Ահա թե ինչու Շուլցը երեխա է, եւ դա նրա մենավոր պայքարի գլխավոր արդյունքն է:

Եվ ինչ է ստացվում, երբ քամին ճանկում է մեկին եւ տանում է, ավելի ու ավելի բարձր, դեպի աշնանային, դեղին, անիմանալի երկինքները: Ստիպված են լինում նրան դասացուցակից ջնջել:

Մենք հիշում ենք Նիցշեին՝ մտրակած ձիու հանդեպ իր վշտով: Չգիտեմ, թե Շուլցի կյանքի կամ առասպելի որ դրվագն է համապատասխանում հաղթական ցնցմանը: Գիտեմ լոկ` Բրունո Շուլցը չի վշտանում այն ձիու համար: Նա ինքը`այդ ձին է: