Ջոն Ափդայք «Լեհական կերպարանափոխությունները»

17/04/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Բրունո Շուլցը մեծագույն գրողներից մեկն է, ով տիրապետում է աշխարհը արտասովոր եւ տարօրինակ կերպով բառերով պարուրելու շնորհին: Նրա երկրորդ եւ վերջին գրքում, ուր հուրհրատում են փոխաբերությունների կուտակումները, իսկ առարկաները, զրկվելով ծանրությունից, հօդս են սլանում, պատումը ավելի զարմանալի է թվում, քան առաջինում: Քաղաքի եւ հարազատ տան կախարդական աշխարհը, առկայծելով լուծվում է թվարկումների կառնավալային շքերթում, արձակ պատանեկան գիտակցության մեջ: Հիասքանչի ընկալունակությունը գրողի մեջ վաղ է դրսեւորվում` «աշխարհի հուրհրատող գեղեցկությունը» տեսանվում է նրան դպրոցական ընկերոջը պատկանող դրոշմանիշների ալբոմի շողշողացող էմբլեմներում, իսկ տարվա եղանակների փոփոխություններին ուղեկցող, հրաշալի մթնոլորտային երեւույթները հառնում են նրա առջեւ հանց թատերական հանդիսանք` «վիթխարի թափառիկ թատրոն, բանաստեղծական եւ կեղծապատիր, մեծ խայտաբղետ գնդարմատ, որն ամեն անգամ նոր համայնապատկեր է բացում»: Հիշողությունը, օպտիկական սարքի հանգույն, գրողին թույլատրում է զննել այդ համայնապատկերները, իսկ դրանք նկարագրելու համար նա յուրահատուկ լեզու է ստեղծում, որը, թվում է, գաղտնի համաձայնության մեջ է մտնում հենց Բնության հետ:

«Ով գիտի, թե ինչքան է ձգվում պահը, երբ գիշերն իջեցնում է վարագույրը, թաքցնելով, թե ինչ է կատարվում նրա խորքերում, բայց կարճատեւ ընդմիջումը բավ է, որպեսզի հավաքես գիշերային ներկայացման անհեթեթ, ֆանտաստիկ ճոխ բեմանկարները: Զարթնում ես, երկյուղելով, թե ուշացել ես, եւ իրոք որ հորիզոնում տեսնում ես լուսայգի վարդագույն ժապավենը սեւ գունդուկծիկ երկրի վրա»:

Բառ-գանձերը փայլկտում են գրքի էջերում, հար եւ նման Շուլցի ծայրեծայր լեցուն, ահեղ, զարմանալի երկինքներին: Սակայն այդ գեղեցկության հետ անկապտելիորեն միաձույլ է առասպելի դաժանությունը: Առասպելները, ինչպես եւ երազները, սղագրություններ են հիշեցնում` դրանց խտացվածությունը դիմադրություն չի հարուցում, որ իրականության սովորական հակազդեցությունն է ցավին: Թանկարժեք եւ տաղտկացնող մենության մեջ Շուլցը խորասուզվում է իր իսկ անցյալի մասին խորհրդածությունների մեջ, նրա ուսերի վրա ծանրանում է անցած-գնացած սերունդների բեռը: Եվ, դատելով սարսուռից, որով մենք ընթերցում ենք նույնիսկ ամենաքնարական եւ զավեշտական հատվածները, դա նրան հաջողվել է: Մեր նյարդերը լարված են, մենք ինչ-որ օտար մի բանի ներկայություն ենք զգում: Սարսափելի է դառնում, հանկարծ, գրողի կամքով, նրա, ով ղեկավարում է ողջ ծածուկ մեխանիզմը, կանհետեն նրա ստեղծած պատրանքները: Մենք հասկանում ենք, որ սոսկ պատահաբար ենք ողջ մնացել:

Ի.Բ.Զինգերը, հենց նույն միջպատերազմյան Լեհաստանի տաղանդավոր գրողը, այսպես է խոսում Շուլցի մասին. «Երբեմն նա գրում էր, ինչպես Կաֆկան, երբեմն` ինչպես Պրուստը, իսկ երբեմն հասնում էր խորքերի, որ հասու չէին ոչ մեկին, ոչ մյուսին»: Ակնհայտ նմանությունների հետ, Մարսել Պրուստի հետ Շուլցին միավորում է հափշտակվածությունն անցյալով եւ համեմատությունների հիացական լիությունը, իսկ Ֆրանց Կաֆկայի հետ` համակվածությունը հոր կերպարով եւ հակումն առ փոխաբերական ֆանտազիաները, նրանց միջեւ առկա է նաեւ առավել նվազ ակնհայտ տարբերությունը` ավագ գրողների մեջ ավելի ցայտուն է արտահայտված հակումն ավանդական հրեա-քրիստոնեական արժեքներին, իսկ Շուլցի մոտ` անօգնականությունը գոյության գաղտնիքի առջեւ: Ինչպես եւ Խորխե Լուիս Բորխեսի մոտ, Շուլցի մոտ մենք դեմ ենք առնում տիեզերածնության առանց աստվածաբանության: Նրա արձակի տանջալից ճիգերը (որը երբեք, ի տարբերություն Պրուստի կամ Կաֆկայի պատումի, մեզ առաջ չի տանում, այլ, ընդհակառակը, դրդում է կանգ առնել եւ վերընթերցել) միտված են այն բանին, որպեսզի առասպելը վերստեղծեն, կարծես թե բեկորներից, որ մնացել են ինչ-որ չանվանված արհավիրքից հետո:

Ի՞նչ արհավիրք: Ինձ թվում է, դա նրա հոր խելագարությունն է: Հնարավոր է՝ «խելագարությունը» չափազանց խիստ խոսք է, ըստ էության, դա հեռացումն է իրականությունից: «Շուլցի հայրը դրագոբիչյան վաճառական էր, ով ժառանգել էր գործվածքեղենի առեւտուրը եւ դրանով էր զբաղվում մինչ այն պահը, երբ հիվանդությունը ստիպեց նրան գործերը թողնել կնոջ խնամքին: Իսկ ինքը տասը տարով թաղվեց հարկադիր անգործության եւ սեփական անուրջների աշխարհում»,- այդպես է Սելինա Վենեւսկան, ով հիանալիորեն անգլերեն է թարգմանել Շուլցի գրքերը, նկարագրում նրա կյանքի փաստերը «Կոկորդիլոսների Փողոցի» առաջաբանում: Այդ գրքում «Ներշնչում» գլուխը պատմում է հոր գործերից հեռու կենալու մասին: «Հետզհետե նա հեռանում էր մեզանից, մեկը մյուսի ետքից ջնջում էր կապերը մարդկանց հետ: Այն, ինչ դեռ մնացել էր նրանից` մարմնական պատյանի ծվենը եւ մեկ էլ անիմաստ խենթությունների կույտը` ուր որ է կարող էր անհետանալ, ոչ մեկից չնկատված, ասես անկյունում ավլած-կուտակած աղբի գորշակույտ, որն Ադելյան ամեն առավոտ նետում էր աղբահորը»:

Հերոս հոր բազում կերպարանափոխությունները պսակում է կերպարանափոխությունը հրեշավոր ծովախեցգետնի, որի տեսքն է նա առնում «Հայրիկի վերջին փախուստը» գլխում: Ժամանակին հիասքանչ խելագարությունը արագ սաստկանում է, եւ դաժան ներքին պայքարը, որը Շուլցին ստիպում է պատկերել հորը մեկ խղճուկ, մեկ վեհանձն տեսքով, անտարակույս արտացոլում էր իրական փոփոխությունները հոր վիճակում, որոնք որդուն պատկերանում էին ավելի շուտ վախեցնող, քան զվարճալի, ավելի նվաստացուցիչ, քան բանաստեղծական:

Կաֆկայի մոտ, ի տարբերություն Շուլցի, հայրն ահարկու է այն բանով, որ չի կորցնում իր հզորությունը եւ ժամանակի ընթացքում դառնում է նվազ խոցելի: Երկու դեպքում էլ որդու հնարանքներում գլխավոր դերակատարը հայրն է, իսկ մայրը մշուշոտ, ջերմությունից զուրկ կերպար է, իսկ նրա հոգածություններն ու ողջախոհությունը առանձնակի երախտագիտություն չեն հարուցում: Բայց, համենայն դեպս, Շուլցի մոտ մայրը լիվին վտարված չէ իր ստեղծած աշխարհից, իսկ Սյորեն Կիերկեգորի երկերում` Եվս մեկ ամուրիի որդու, հափշտակված, թեպետ բնավ էլ հորով չդյութված, մայրն իսպառ բացակայում է: Հնարավոր է, մորից մարդ ժառանգություն է ստանում մարմնի զգացողությունը, իսկ հորից` աշխարհի զգացողությունը: Փոխհարաբերությունները հոր հետ Կաֆկային հանգեցնում են խորհրդավոր, դաժան եւ այդուհանդերձ կատարյալ տիեզերքի կառուցմանը: Իսկ Շուլցը պատկերում է գրոտեսկային, հասանելի, գեղատեսիլ տիեզերք, որը լի է հնարանքներով, բայց ամենեւին էլ ամենազոր չի:

«Մանեկեններում» («Կոկորդիլոսների Փողոցը») գրողը հոր շուրթերին է դնում հետեւյալ խոսքերը. «Եթե, մոռանալով ակնածանքն առ Արարիչ, ես ինձ թույլ տայի քննադատել արարվածը, ես կբացականչեի` առավել քիչ էություն, ավելի շատ ֆորմա»:

Ֆորմայի բացակայությունը նկատելի է եւ Շուլցի մոտ, իսկ տաղտուկը, որպես հավերժական պատիժ, որպես կյանքի անբաժանելի մաս՝ նա զգում է առավել ուժգին, քան Սեմյուել Բեքեթը: Նրան գրավում են փորձի ստապատիր վկայությունները, մեռյալ սեզոնները, կյանքի խուլ շերտերը, երբ մենք քնում կամ ննջում ենք: Ժամանակի խիստ հաշվարկը նրան անհուսալի եւ խաբուսիկ է թվում:

«Ամենքին հայտնի է, որ ժամանակն անհնազանդ տարերք է, ինչ-որ շրջանակների մեջ է մնում սոսկ հարկադրաբար, շնորհիվ լոկ աչալուրջ հսկողության, անդադար հոգածությունների, ջանադիր կարգավորման եւ նրա վայրիվերումների շտկման: Առանց խնամքի մնալով, այն տեղնուտեղը խախտում է բոլոր սահմանները, հակում ցուցաբերելով առ խոտորումը, անսպասելի ձեռնածությունները, անիմաստ տխմարությունները: Ավելի ու ավելի նկատելի էր դառնում մեր անձնական` հորս եւ իմ` ժամանակի անհամապատասխանությունը»:

«Մեր անձնական ժամանակի անհամապատասխանությունը»` այս ձեւակերպման մեջ պարփակված է ժամանակակից գրականության առանձնահատկությունը, նրա արմատավորումն անձնականում: Ժխտելով արքաներին եւ հերոսներին եւ նույնիսկ սագա-վերապատումները, որ ոգեւորում էին Ջոզեֆ Կոնրադին եւ Թոմաս Հարդիին, գրողը դատապարտված է ապրելու, «Մենության» հերոսի նման, իր հին մանկասենյակում: Առ էմպիրիզմն իր դարաշրջանի հակման պատճառով սահմանափակված իրադարձություններով, որոնց վկան էր նա, միապաղաղ, րոպե առ րոպե, գոյության մեջ, հեղինակը ձգտում է ուժգնացնել, վսեմացնել, իսկ այդ վսեմացման օբյեկտը դառնում է տարօրինակը, արտասովորը: Ավելի հաճախ, քան Պրուստը կամ Կաֆկան, Շուլցը տրվում է խելագար արտացոլանքները բազմապատկելու ցանկությանը, մեկ հորը պատկերելով որպես հիասքանչ շողշողացող ասուպ, «Հազարավոր կրակների հետ խաղացող», մեկ համեմատելով նրան աղբակույտի հետ:

Շուլցի մեզ հասած «Գիսաստղ» փոքրիկ պատմվածքը, որը տպագրվել է «Կոկորդիլոսների Փողոցը» գրքի վերջում, պատկերում է հորը, որ մանրադիտակի օգնությամբ լռության եւ վառարանի խողովակի առկայծող հոմունկոլուսի ականակուր խավարի մեջ հետազոտում է հածող աստղի ծնունդը, այնժամ, երբ քեռի Էդվարդը, հոր կախարդական գիտությամբ էլեկտրական զանգի փոխակերպված, ազդարարում է աշխարհի վերջը, որը վրա չի հասնում ու չի հասնում: Վառ հանելուկային պատկերները արտասովոր տարօրինակ են թվում, իսկ հերետիկոսական տիպի համանման կրոնական լարում գրականության մեջ չի պատահել Ուիլյամ Բլեյքի ժամանակներից ի վեր: Իրականում, Շուլցի շողշողուն երկինքները, որ մեր առջեւ բացում են «լույսի գալարագծերն ու շերտավորումները, գիշերվա բաց կանաչ շերտերի հատումները, տարածության միջբջջային պլազման, գիշերային տեսիլքների հյուսկենը», մեզ ետ են տանում դեպի հեթանոս աստղագուշակները, իրենց կեսգիշերային հրաշքներով, գերագույն ուժի հորդորներն աստղերով կարդալու փորձերով:

Յուրաքանչյուրն ինքն է արարում իր առասպելները, առավել եւս, որ կյանքի տաղտուկը սնուցում է դրանց սերմերը, իսկ այդ հայտնությունները մարմնավորող արձակի ազդեցության ուժը ոչ մի կերպ կապված չէ գրողական գործունեության տեւողությանը: Շուլցը երկար չի գրել, նա մինչեւ քառասուն տարեկանը չի տպագրվել եւ գրելը թողեց հիսուն տարեկանում իր կործանումից մի քանի տարի առաջ (նույնիսկ այստեղ, զոհվելով զանգվածային սպանությունների դարաշրջանում որպես մենավոր, նա առանձնացված գտնվեց): Նրա մեթոդը ողջ է: «Շուլցը իմ աստվածն է»,- այդպիսի խոստովանանք արեց ինձ վերջերս Հարավսլավիայում գրող Դանիլո Կիշը: Ընթերցելով հույն գրող Մարգարիտ Կրապանոուին, ակամա մտորում ես, արդյո՞ք նրան օրինակ չի ծառայել Շուլցը: Նա գրում է մանկության մասին նույն քնարական ուժով: Նրա «Կասանդրան եւ գայլը» ֆանտաստիկ, անհավասար պատումը, որ ներթափանցված է արատավոր սեքսուալությամբ, հիշեցնում է Շուլցի «Գարունը»: Եթե ոչ Շուլցի ազդեցությունը, ապա մտերմությունը դրան, կարելի է նշել այնպիսի ամերիկացի գրողի մոտ, ինչպես Հիլբերթ Ռոուջինը: Ռոուջինի հերոսները` ընտանեկան կապերով կապված մարդկանց փոքրիկ շրջանակ է, մշտապես միմյանցից դժգոհ, բայց անբաժան, եւ անցնում են պատմվածքից պատմվածք, հաստատելով այդ կենաց նյութի բարձրագույն արժեքը հեղինակի համար, որ շեշտվում է սիրով ընտրված փոխաբերություններով եւ նրբին ասույթներով, որ զարդարում են պատումը այնքան սովորական եւ ոչ այնքան երջանիկ ճակատագրերի մասին: Երբ խոսքը քաղաքական կերպարների մասին չէ (ինչպես, օրինակ, Էդիպի, Համլետի, Կուտուզովի), պատումի մեջ փնտրվում են, փոխաբերությունների օգնությամբ, վաղօրոք դրված նշանակալիության մակարդակները, այսպես, «Ուլիսում» իրականանում է հեգնազավեշտական մտահղացումը:

Ապրելով գաղտնապահ մարդկանց աշխարհում, գրողը ինտուիտիվ է աշխատում, մակաբերելով արծաթե թելը առօրյա կյանքի կոպիտ գործվածքից: Դյութված հայացքը առանձին առարկաներ վերածում է նշանների, իսկ, այդպես նշված առարկաները՝ գանձերի, այստեղ նկատի չեն առնվում ընդունված կրոնի սիմվոլները: Վերջերս տպագրվել էր Ռոուջինի «Ամուր մկաններ» պատմվածքը, որում մանհեթենյան այգու մետաղալարե ցանկապատի վրա որպես ծածկ ամրացված է Ալբրեխտ Դյուրերի «Վարդագույն պսակների տոնի» կարտոնե պոստերը: Հերոսը, որ ապրում է մոտակա տան վերեւի հարկում, ժամանակ առ ժամանակ զննում է այդ անսպասելի վայրում հայտնված նշանը. «Իր ննջասենյակի պատուհանից Ալբերտը նայում էր գեշ եղանակից խունացած Rosenkranzbild-ին, վարդերով շողշողացող, որոնց նմանը երբեք չէր եղել մոտակայքում… Երբեմն, երբ Ալբերտը կանգնում եւ երգում էր, մթին այգին, թվում էր նրան, սուզվում էր ջուրը, եւ միայն ծառի վերին ճյուղերն էին ցցված նրա մակերեւույթի վրա, իսկ թեքված պլակատը դառնում էր լաստ, որ կարող էր գրավել հուսահատված լողորդին, բայց նա կհայտնաբերեր, որ այն նույնիսկ երեխայի չի պահի»:

Շուլցի մոտ փոխադրանկարներով լեցուն գիրքը ներխուժում է կյանք. «Այդպես թռչում էր, ցրվելով, էջ առ էջ, եւ ներթափանցվում էր բնանկարի մեջ, այն գույներով հագեցնելով»: Դրոշմանիշներով ալբոմը առավելապես հառնում է որպես աշխարհի փոխարինում, որպես աստվածային խթան. «Ես բացեցի այն, եւ իմ առջեւ շողշողացին աշխարհի գույները, փչեց անպարագրելի տարածությունների քամին, պտտվող հորիզոնների համայնապատկերը: Դու գնում էիր ալբոմի էջերով, իսկ Քո ետեւից ձգվում էր բոլոր կլիմաների եւ գոտիների երկայնափեշը: Կանադա, Հոնդուրաս, Նիկարագուա, Աբրակադաբրա, Գիպորաբունդիա… Ես հասկացա Քո մտահղացումը, Տեր: Դրանք Քո պերճանքի ծախքերն էին, առաջին պատահած բառերը, որոնցից դու օգտվեցիր»:

Միեւնույն հայացքը, որ փոքրիկ վառ պատկերումներում տեսնում է տիեզերքի ողջ հարստությունը, որսում է սիմվոլիկ իմաստը բնության երեւույթներում, այնպիսին, ինչպես «աստղերի անվրդով ատյանը», «որոնց մեջ ջրանշաններով թափանցում էին երաժշտական գործիքների ուրվապատկերները, բանալիների հատվածները, քնարների եւ կարապների չլրված ուրվագծերը, ընդօրինակող, անիմաստ աստղային մեկնություն երաժշտության լուսանցքներում»:

Իր պատմվածքների Շուլցի նկարազարդումները, թեպետ եւ վարպետորեն արված, չեն դառնում պատկերվածի եւ իրականի հոսանուտ ձուլվածքի մասը, այլ, ասես օտար նկարազարդումներ, հակասում են տեքստին, խոչընդոտ են ծառայում մեր երեւակայությանը: Լույս տեսած լուսանկարչական թիթեղների վրա դաջված բնորոշ գծանկարներ, որ առաջին հերթին խեղճուկրակության տպավորություն են թողնում` ծռված վզեր, վիթխարի գլուխներ, որպես կանոն, վերեւից տեսնված, անժպիտ, լռակյաց: Մանրակրկիտ գծագրված տիկնիկներ, որ առավել տիկնիկային են դարձնում բնանկարները, որոնցում նրանք բնակվում են, որ ոչ մի կերպ չեն բացահայտում իր հեղինակի արձակի շողշողուն խորքերը, դրանք ավելի շուտ ստիպում են հիշել նկարազարդված հեքիաթների ողջ հազարամյակները, որ կեցած են իր լեգենդների վերապատմման ետեւում:

Կաբալիստորեն մեկնաբանված անձնական փորձ. շատ ու շատ արձակ ստեղծագործությունների համար այդ բանաձեւը հարմար է գալիս, եւ, որքան էլ ափսոս է, դժվար ընկալելի է: Ինքնեկ լինելը` միակ կրոնական փորձն է, որ յուրաքանչյուրն ունի, եւ այդ փորձը կարող է հաղորդվել սոսկ մասնակիորեն` շփման եւ արվեստի միջոցով: Շուլցի բառարվեստն ապշեցնում է մեզ, նույնիսկ ցնցում է՝ գեղեցիկի լիառատությամբ: Սակայն, ինչպես պնդում է հենց ինքը, նրա արվեստը ձգտում է ծառայել ճշմարտությանը, լրացնել պաշտոնական պատմության թողած բացերը: «Եվ ուր թաքնվի այն (գեղեցիկը), որտեղ ապաստան գտնի, եթե ոչ այնտեղ, ուր ոչ ոք այն չի փնտրի»: Շուլցն ինքը գաղտնապահ մարդ էր, Աստծուց մոռացված գալիցիական քաղաքավանից, ծնված, որպեսզի, ի հակառակ հանգամանքների, ցուցադրի մեր ներքին կյանքի պարադոքսալ հարստությունը: