Թերլեմեզյանը կտեղափոխվի

20/09/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը
հիմնադրվել է 1921 թվականին, եւ մինչ օրս գործում է Լեոյի փողոցի 3
հասցեում գտնվող շենքում: Շենքը 1860 թվականի կառույց է, եղել է բնակելի
շենք, այնուհետեւ վերափոխվել է ուսումնարանի պահանջների համաձայն:

Ուսումնարանի տնօրեն Սամվել Պետրոսյանի բնորոշմամբ՝ շենքի վիճակն այժմ
կատաստրոֆիկ է: «Որ հանկարծ անձրեւ է գալիս, նստած վախով սպասում եմ՝ մի
բան չփլվի նորից»,- ասում է տնօրենը: Նման դեպք արդեն եղել է՝ անցյալ տարի
փլվել է տանիքի մի մասը: «Էս մեր ղեկավարներին բոլորովին չի հետաքրքրում
մշակութային այս օջախի ճակատագիրը՝ կփլվի՞, կմնա՞, պե՞տք է, պետք
չի՞…»,- ասում է Ս. Պետրոսյանը՝ հավաստիացնելով, որ տարածքը, որի վրա
հազար աչք է եղել, մեծ ջանքերի գնով է միայն հնարավոր եղել պահպանել:
Մինչդեռ ուսումնական այս հաստատությունն արժանի էր մեծագույն խնամքի ու
հոգատարության: Միայն այն փաստն էլ բավական է, որ այս կրթօջախի հետ
կապվում են այնպիսի անուններ, որոնք մեր կերպարվեստը ճանաչելի են դարձրել
աշխարհին: «Նկարիչների միության 2000 անդամների 95 տոկոսն այստեղ է
ուսանել, եւ այսօր էլ մենք երիտասարդ ուսանողներ ունենք, որոնք
ցուցադրվում են աշխարհում, եւ խեղճուկրակ չեն ցուցադրվում՝ եղանակ ստեղծող
տղերք են»,- վստահաբար ասում է Ս. Պետրոսյանը: Կառավարությունն այս տարվա
մայիսին որոշում է ընդունել ուսումնարանի տարածքը փոխանակել մեկ այլ
տարածքի հետ: «Մենք մի լավ գաղափար ունեինք,- ասում է Ս. Պետրոսյանը,-
քանի որ պետությունն ի վիճակի չի մեր այս տեղում նոր շենք կառուցել մեզ
համար, մենք որոշել էինք Դալմայի այգիներում հողակտոր ձեռք բերել ու
այգիների հարեւանությամբ շենք կառուցել, նույնիսկ տեղը որոշվեց,
հողահատկացում արվեց, սակայն երբ իմացանք ովքեր են մեր հարեւանությամբ
հողակտորներ ձեռք բերել (նկատի ունի Դալմայի այգիներում սեփականատեր
օլիգարխներին.-Ն.Ա), հրաժարվեցինք այդ մտադրությունից, որովհետեւ նման
միջավայրը նպատակահարմար չգտանք»:

Ուսումնարանին
հատկացվելիք ներկայիս շենքը՝ Արշակունյաց 39 հասցեում, տնօրենի
հավաստմամբ` իրենց ընտրությամբ է եղել. «Դա Թամանյանի նախագծով կառուցված,
նախկին Էլեկտրասարքերի գործարանի շենքն է՝ մի հոյակապ շինություն»:
Կառավարության որոշմամբ` ուսումնարանին թույլատրվել է 2396,11քմ ընդհանուր
տարածքը փոխանակել վերոհիշյալ հասցեի 3699,3քմ տարածքի հետ, որի
սեփականատերը «Ականաթ» ՍՊԸ-ն է: Վերջինս պարտավորվել է շենքը վերակառուցել
ժամանակակից պահանջներին համապատասխան եւ հանձնել ուսումնարանին:
Նախատեսված է եղել մինչեւ սեպտեմբեր վերանորոգման աշխատանքներն ավարտել:
Նոր ուսումնական տարին ուսումնարանը պետք է դիմավորեր նոր շենքում:
«Սակայն վերանորոգումը ձգձգվեց միայն այն պատճառով, որ մինչ այժմ «Ականաթ»
ՍՊԸ-ն զբաղված է փաստաթղթերի կարգավորմամբ. մինչեւ մի փաստաթուղթ
քաղաքապետարանը ստորագրում-ուղարկում է նախարարություն, ամիս է տեւում,
հետո այդ փաստաթուղթը մինչեւ հասնում է վարչապետին ու նախագահին, տարին
անցնում է»,- բողոքում է ուսումնարանի տնօրենը: Նա, այնուամենայնիվ, հույս
ունի, որ ձմեռային արձակուրդներից հետո կաշխատեն նոր շենքում:

Տնօրենի հավաստմամբ՝ իրենց հատկացվելիք նոր շենքը «Ականաթը» գնել է 1 մլն
դոլարով. «Դեռ 500-600 հազար դոլարի վերանորոգման աշխատանքներ էլ պետք է
անեն այնտեղ»: «Ականաթ» ՍՊԸ-ի տնօրենը ծագումով պարսկահայ ճարտարապետ
Սերյոժա Սուքիասյանն է: Սամվել Պետրոսյանը համոզված է, որ նոր շենքն
անհամեմատ լավը կլինի. «Բացի այն, որ Սերյոժա Սուքիասյանը հրաշալի
ճարտարապետ է (նրա նախագծով մի քանի գեղեցիկ կառույցներ արդեն կան
Երեւանում, մեկը՝ «Վալմար» գալերեան), նաեւ իր կուսակցությունն է
հանձնարարել առանձնահատուկ վերաբերվել մեր ուսումնարանին»:

Սերյոժա Սուքիասյանը դաշնակցական է: Եթե նկատի ունենանք, որ նույն
կուսակցությանն է հարում նաեւ ուսումնարանի տնօրեն Սամվել Պետրոսյանը,
կարելի է ենթադրել նաեւ, թե ներկուսակցական ինչպիսի հաջող գործարք է
կայացել «Հանուն մշակույթի» կարգախոսով։ Հատկապես, որ Գեղարվեստի
ուսումնարանի ներկայիս տարածքի տեղն ու դիրքը «յուղոտ պատառ» է համարվում,
եւ, ինչպես պարոն Պետրոսյանն ինքն էլ էր հավաստիացնում, շատերի աչքն էր
դրա վրա։ Այս դեպքում` «յուղոտ պատառը» դաշնակցության աչքը չհանեց։