«2004թ. ապրիլի 12-ին քոչարյանական վարչախումբը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բռնի ուժ գործադրեց խաղաղ ցուցարարների դեմ: Ցույցը վարչախմբից ընդամենը պահանջում էր կատարել Սահմանադրական դատարանի մեկ տարի առաջ ընդունած որոշումը: Բաղրամյան պողոտայում անզեն ու խաղաղ ցուցարարների վրա հարձակվեցին հատուկ միջոցներով զինված ոստիկաններ` որպես բազա ունենալով ԱԺ-ի բակը: Տեղի ունեցավ դաժան ջարդ»,- ասված է ՀԱԿ-ի տարածած երեկվա հայտարարության մեջ: «Ապրիլի 12-ին կատարված հանցագործությունը մնաց անպատիժ: Դա այն, թերեւս, ամենակարեւոր հանգամանքներից մեկն էր, որից ոգեշնչված, նույն բռնապետությունը կրկնեց այն 2008-ի մարտի 1-ին` այս անգամ ավելի դաժան եւ արդեն հրազենի օգտագործմամբ, ինչին զոհ գնաց 10 քաղաքացի: Այսօրինակ ոճրագործությունները, անպատիժ մնալով, կրկնվելու հնարավորություն ունեն: Ուստիեւ, ինչպես մարտիմեկյան, այնպես էլ ապրիլի 12-ի հանցագործները անպայման պատասխանատվության պետք է ենթարկվեն` հանուն արդարության, հանուն օրինականության, հանուն հայկական պետականության գոյատեւման»,- ասված է հայտարարության մեջ: