«Մենք անցնում ենք չտրորված արահետով»

13/04/2010

Երեկ Երեւանի ժամանակով ժամը 18:30-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որը տեւել է մոտ 1 ժամ 15 րոպե: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Ս. Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել վարչապետը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն եւ փոխարտգործնախարար Ֆրիդուն Սինիրլիօղլուն: Վերջինս անցած շաբաթ ժամանել էր Հայաստան եւ Սերժ Սարգսյանին էր փոխանցել Էրդողանի նամակը: Երեկվա հանդիպումը անցել է թափանցիկ` ապակեպատ դռների ետեւում` Միջուկային անվտանգության հարցերով համաշխարհային գագաթաժողովի պաստառի ֆոնին: Էրդողանի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Վաշինգտոնի Ազգային տաճար եւ ծաղկեպսակ է դրել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրմին: Այնտեղ նա հանդիպել է ամերիկահայերի հետ, որի ընթացքում խոսել է Էրդողանի հետ իր հանդիպման արդյունքների մասին: «Այս առավոտ ես հանդիպեցի Թուրքիայի վարչապետի հետ: Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է շատ հստակ. Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի եւ հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա: Մենք չենք պատրաստվում որեւէ ձեւաչափով քննության առարկա դարձնել Ցեղասպանության եղելության փաստը կամ ձեւացնել, թե հավատում ենք, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում: Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետեւ մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաեւ այս քննությունը»,- Վաշինգտոնի Մայր տաճարում ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ ասել է Ս. Սարգսյանը, ում ելույթը հրապարակել է նախագահի մամլո գրասենյակը: «Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին ոմանք մտավախություն ունեին, թե դրանով կդանդաղեցվեն կամ ժամանակավորապես կսառեցվեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը: Ժամանակը ցույց տվեց, որ այդ մտավախություններն անհիմն են եւ անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի մենք բոլորս պատրաստ ենք առավել ջանքերի, պատրաստ ենք նոր պայքարի: Անցած ամիսներին մենք ձեզ հետ միասին վկան եղանք Թուրքիայի դատապարտված փորձերին` պառակտելու հայրենիքն ու Սփյուռքը, իրավիճակը ներկայացնելու այնպես, թե իբր գոյություն ունի երկու տարբեր կարծիք Հայաստանում եւ Սփյուռքում: Այսօր մենք միասին կրկին անգամ հերքում ենք նման սին պատրանքները: Չկա՛ Հայաստանի հայության եւ Սփյուռքի հայության կարծիքների տարբերություն. կա միասնական հայ ժողովուրդ, եւ նա տեր է իր արդար դատին…»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո Թուրքիայի վարչապետը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Ջորջ Մեյսոնի անվան համալսարանում, որտեղ մասնավորապես հայտարարել է. «Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների խորհրդարանների որոշումը Հայաստանին բարիք չի բերի: Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ ցեղասպանության մեղադրանքները եւ մերժում ենք խորհրդարանների միակողմանի որոշումները: Մենք գտնում ենք, որ պատմությունը պետք է ուսումնասիրեն եւ գնահատեն պատմաբանները, այլ ոչ խորհրդարանները: Մենք մեր արխիվները բացելու պատրաստակամություն ենք հայտնել եւ կոչ ենք արել մյուս երկրներին նույն կերպ վարվել»: