Անցած շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ պաշտպանեց Տիգրան Սարգսյանի կառավարությանը եւ «անհիմն» որակեց վարչապետի փոփոխության մասին շրջանառվող խոսակցությունները: Այդ խոսակցությունները շրջանառվում են Տ.Սարգսյանի նշանակման պահից եւ ակտիվանում էին հատկապես այն ժամանակ, երբ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» եւ խորհրդարանական ընդդիմություն համարվող ՀՅԴ կուսակցությունները սկսում էին քննադատել նրան ու նրա նախարարներին: Մասնավորապես ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի քանի շաբաթ առաջ Էկոնոմիկայի նախարարի մասին հայտարարել էր, թե «ինքը իր տեղում չի եղել եւ չի տիրապետում ոչ էկոնոմիկային, ոչ էլ երկրում տնտեսական վիճակին»: Եվ քաղաքական կուլիսներում համոզված էին, որ ԲՀԿ ղեկավարը Ն.Երիցյանին քննադատելով իրականում ցանկացել է քննադատել վարչապետին: ԲՀԿ-ից նույնիսկ կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարություն հնչեց: Իսկ ՀՅԴ-ի դեպքում կարելի է հիշել թեկուզ անցած շաբաթ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հայտարարությունը, թե կառավարությունից գազամատակարարման խնդիրների հետ կապված հարցապնդումների պատասխանը ստանալուց հետո ՀՅԴ-ն կարող է պահանջել վարչապետի հրաժարականը: Քաղաքական շրջանակներում ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համարվում են Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժեր: Այս ուժերի քննադատությունը ամբողջացրեց Ռ.Քոչարյանն ինքը՝ կառավարությանն ուղղված սեփական քննադատությամբ: Ու Ս.Սարգսյանն իր պաշտոնավարման երկրորդ տարելիցին վերջապես պատասխանեց իր վարչապետին պաշտոնանկ անելու բոլոր ուղղակի եւ անուղղակի պահանջներին. «Այսօր, երբ տնտեսությունը կամաց-կամաց վերականգնվում է, ի՞նչ իմաստ ունի խոսել տնտեսական թիմի փոփոխության մասին: Ես սա անհիմն եմ համարում»: Երեկ փորձեցինք վերը նշված երկու կուսակցություններից պարզել, թե Ս.Սարգսյանի այս հայտարարությունից հետո իրենք շարունակո՞ւմ են դժգոհել ՀՀ կառավարությունից ու վարչապետից: Թե՞ այս հայտարարությունը զսպեց նրանց քաղաքական պահանջները: ԲՀԿ կուսակցության եւ ոչ մի պատգամավոր չցանկացավ այս թեմայով զրուցել: Ըստ էության նրանք չցանկացան Ս.Սարգսյանին դեմ արտահայտվել` պաշտպանելով իրենց արտահայտած տեսակետները: Իսկ եթե պաշտպանեին նախագահի դիրքորոշումը, ապա կհակասեին իրենք իրենց, եւ, որ ամենավտանգավորն է, իրենց առաջնորդ Գ.Ծառուկյանին: Միակ պատասխանը հնարավոր եղավ ստանալ Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից` «Մենք մեր կոալիցիոն պարտականությունները շարունակում ենք կատարել: Իսկ դա ենթադրում է, որ ԲՀԿ ներկայացուցիչները կառավարության մաս են կազմում, եւ վարչապետի աշխատանքն այդ առումով մենք դրական ենք գնահատում»: ՀՅԴ-ում ավելի համարձակ էին: «Փորձ արվեց պաշտպանել կառավարության գործունեությունը, դա իրենց խնդիրն է: Բայց դա որեւէ կերպ չի փոխում մեր մտադրությունը: Մասնավորապես ՀՅԴ-ն առիթներ ունեցել է ներկայացնելու այս կառավարության բացթողումները: Մեր հիմնական մեղադրանքը երկու ուղղությամբ է եղել` ստանձնած պարտավորությունը չի կատարվել, եւ ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ կառավարությունը որեւէ լուրջ քայլ չի կատարում: Արդյունքում փորձ է արվում նույն քաղաքականությունը վարել, թե իբր չխոսենք ճգնաժամի մասին, դա մեզ կշրջանցի: Դա ասվեց տարբեր ձեւերով` նախագահի կողմից: Դա նաեւ երկար ժամանակ կառավարությունն էր պնդում: Մինչդեռ մեր քաղաքացիներն ամեն օր իրենց մաշկի վրա զգում են տնտեսական անարդյունավետ քաղաքականության հետեւանքները, որի պատճառով մեծացել է աղքատության ու գործազրկության մակարդակը, ազգաբնակչության կենսամակարդակը անկում է ապրել: Փոքր ու միջին բիզնեսը ավելի ուժգնությամբ զգում է հարկային վարչարարության ճնշումը, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում որեւէ դրական քայլ չկա: Թե կառավարության ո՞ր ծրագրից կամ գործողությունից է քաղաքական մեծամասնությունը գոհ, ես դժվարանում եմ պատասխանել: Ժամանակն է, որ մեր տնտեսության մեջ արմատական փոփոխություններ իրականացվեն: Եվ խոսքից գործի անցնելն ամենեւին չի պարտադրում, որ ամեն անգամ մենք դասախոսություններ կամ ցանկությունների փունջ լսենք»,- ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Իսկ արդյո՞ք խոսքից գործի անցնել չէ, երբ անցած շաբաթ կառավարության նիստում Տ.Սարգսյանը հայտարարեց, որ հետայսու ՀՀ խոշորագույն ձեռնարկությունները պարտավոր են լինելու անցնել արտաքին աուդիտ: Նա համաձայնեց այն քննադատության հետ, թե կառավարությունը չի կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն: Պետության համար չարիք համարեց այն հանգամանքը, երբ խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորություններից: Վարչապետն ավելացրեց նաեւ, որ պետք է վերահսկողության տակ վերցնել պատգամավորներին եւ նախարարներին, որպեսզի նրանք անմիջականորեն չզբաղվեն բիզնեսով: «Մեկ տարի առաջ էլ նույնն էր հայտարարվում: Այն, որ պատգամավորները կամ նախարարները բիզնեսով չպետք է զբաղվեն, դա սահմանադրական նորմ է: Դրա ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն: Բիզնեսով զբաղվող պատգամավորների մասին Կառավարության կողմից ԱԺ-ին պետք է ներկայացնեն տեղեկություններ, որպեսզի նրանց գործունեությունը դադարեցվի: Իսկ նախարարները երկրի նախագահի իրավասության տակ են գտնվում: Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին աուդիտի պարտադրանքով թափանցիկ դարձնելու մոտեցմանը, ապա հիշեցնեմ, որ նախ հաստատեցին 500 մլն եւ ավելի սուբյեկտների կողմից պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջը: Հետագայում քաղաքական մեծամասնությունը փոխեց այն 1 մլրդ դրամով: Նույն կառավարությունը ներկայումս ԱԺ է ներկայացրել օրենսդրական փոփոխություն, որով փոքր բիզնես է համարում նույնիսկ 1,5 մլրդ դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներին: Ակնհայտ հակասություն է առաջանում, մի կողմից՝ կառավարությունը 1 մլրդ-ից ավելի շրջանառություն ունեցողին համարում է խոշոր, մյուս կողմից՝ օրենսդրական փոփոխության արդյունքում մինչեւ 1,5 մլրդ-ը միջին է: Կառավարությունն ինքն էլ է շփոթի մեջ»,- հակադարձեց Ա.Մինասյանը: Մինչդեռ անցած շաբաթ ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչ Գիերմո Տոլասան «շատ արդյունավետ» էր համարել կառավարության հակաճգնաժամային ծրագիրը եւ համոզմունք էր հայտնել, թե այդ ծրագիրը եթե կյանքի չկոչվեր, ապա տնտեսական անկման ցուցանիշը շատ ավելի ցածր կլիներ: Ա.Մինասյանն այս դեպքում արդեն խորհուրդ է տալիս ոչ թե «հալած յուղի տեղ ընդունել» միջազգային կառույցների խորհուրդները, այլ հասկանալ, թե դրանք որքանով են պիտանի մեր տնտեսության համար: «Եթե դուք կմատնանշեք որեւէ դեպք, երբ նույն ԱՄՀ-ն կամ Համաշխարհային բանկը երբեւէ քննադատել են ՀՀ կառավարությանն ամբողջական ծրագրի համար, ես ներողություն կխնդրեմ: Չկա այդպիսի դեպք: ՀՀ կառավարությունը միշտ էլ կատարել է ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի ցուցումները եւ միշտ արժանացել է բարձր գնահատականի: Եվ կառավարությունը, որն աշխատում է այդ տնտեսական ցուցումների արդյունքում, արձանագրում է երկնիշ անկում եւ հանկարծ նորից արժանանում է դրական գնահատականի, այս դեպքում արդեն նույն միջազգային կառույցներն իրենց պետք է պատասխանատու զգան»,- կարծում է Ա.Մինասյանը: