Հարմարեցնում են իրենց

13/04/2010

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու», ինչպես նաեւ՝ «ՀՀ Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Տեղի տալով եվրոպական կառույցների համառ պահանջներին` վերջապես վերացվում է քրեական հետապնդումը վիրավորանքի եւ զրպարտության համար, ինչն անշուշտ դրական երեւույթ է, սակայն, բարեփոխման անվան տակ փորձ է արվում սահմանել այնպիսի նորմեր, որոնք իմաստազրկում են ողջ բարեփոխումը: Խոսքը վերաբերում է

Քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող այն փոփոխությանը, ըստ որի, վիրավորանքը սահմանվում է որպես խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը, կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություն: Նման անորոշ, առանց հստակ բնորոշման սահմանումը դիտավորյալ է արված` կամայական մեկնաբանություն տալու համար: Ծանոթ լինելով մեր իշխանավորների հիվանդագին «ինքնասիրությանը» եւ նկատի ունենալով դատական իշխանության` գործադիրի կամակատար լինելու հանգամանքը, կարելի է չկասկածել, որ այս փոփոխություններն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, դատարանները կհեղեղվեն իշխանավորների բողոքներով` ընդդեմ զանգվածային լրատվության միջոցների եւ այլոց, ովքեր կփորձեն որեւէ կերպ քննադատել նրանց, իսկ դատարաններն էլ վճիռներ կկայացնեն վերջիններիս դեմ: Պակաս ուշագրավ չեն որպես բարոյական վնասի հատուցում սահմանված գումարի հսկայական չափերը` դրան գումարած նաեւ նյութական վնասի հատուցումը եւ դատական ծախսերը: Մենք դա արդեն մեկ անգամ տեսել ենք Քոչարյաններն ընդդեմ «ՀԺ» օրաթերթի դատի ժամանակ: Երկու-երեք նման խոշոր տուգանք, եւ ցանկացած ԶԼՄ կսնանկանա ու կդադարի գոյություն ունենալ: Միայն ազատ խոսքից սարսափող իշխանությունն է, որ դիմում է նույն այդ ազատ խոսքի նկատմամբ ծայրահեղ մեթոդների: Ակնհայտ է, որ այս օրենքն օգտագործվելու է միայն ընդդիմադիր ԶԼՄ-ների եւ գործիչների դեմ, ինչը արձանագրվել է նաեւ հանրային քննարկումների ժամանակ: Սույն նախագիծը որոշակի հակասության մեջ է մտնում նաեւ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ (Հոդված 4. Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները եւ Հոդված 7. Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները): Հայ Ազգային կոնգրեսը հայտարարում է, որ իշխանությունը բարեփոխման պատրվակով պարզապես շարունակում է օրենսդրությունը հարմարեցնել իր հանցավոր գործունեությանը»: