Ամերիկայի հայկական խորհուրդը երեկ նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ ասված է. «Ամերիկայի հայկական խորհրդի եւ ամերիկահայերի անունից մենք Ձեզ հորդորում ենք տեր կանգնել համայնքին տված Ձեր խոստմանը եւ որպես պատմական փաստ ճանաչել 95 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը՝ իրադարձությունները կոչելով իրենց անունով՝ Հայոց ցեղասպանություն։ Ցեղասպանության նշանակության խեղաթյուրումը` հանուն միջազգային կամ ներքին քաղաքական ու տնտեսական շահերի, հակասում է առաջընթացին եւ շարունակում է նախադեպը` թույլ տալով, որ տեղի ունենան նոր ցեղասպանություններ եւ մարդու իրավունքների խախտումներ։ Խոսքերի վկայությունը Դարֆուրում տեղի ունեցած ցեղասպանությունն է։ Ձեր վարչակազմի որոշ անդամներ հավանաբար խորհուրդ են տալիս քաջալերել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, որպեսզի վավերացնեն հայ-թուրքական արձանագրությունները։ Մենք փոխարենը խնդրում ենք, որպեսզի Դուք երկու երկրների ղեկավարներին կոչ անեք իրենց երկրներում որդեգրել ժողովրդավարական սկզբունքները` տարածաշրջանում համերաշխության եւ բարեկամության մթնոլորտ հաստատելու համար։ Հայաստանի եւ Թուրքիայի հակամարտության պատմությունը սկիզբ է առնում 19-րդ դարի վերջից, սակայն նրանց ստորագրած արձանագրությունները խորհրդանշական քայլ են՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ճանապարհին։ Թուրքիան միակողմանի է փակել սահմանը եւ միակողմանի էլ պետք է բացի՝ առանց նախապայմանների։ Սակայն թուրք առաջնորդների հայտարարություններն այդ արձանագրությունների վերաբերյալ հակասում են նախապայմանների բացակայության մասին բոլոր պնդումներին։ ՀՀ ներկայիս ռեժիմը, ցավոք սրտի, օգտագործում է այդ արձանագրությունները՝ իշխանության համար պայքարում իր դիրքերն ամրապնդելու նպատակով՝ հայ ժողովրդին դնելով դժվարին կացության մեջ եւ զրկելով նրան ժողովրդավարության հաստատման հարցում միջազգային հանրության աջակցությունից։ Միացյալ Նահանգները՝ որպես գլոբալ ժողովրդավարության առաջատար, բավարար ուժ ունի՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա ղեկավարության վրա ազդելու համար, որպեսզի նրանք հաստատեն եւ պահպանեն այդ սկզբունքները։ Նախագահ Օբամա, ամերիկահայերը հորդորում են Ձեզ անել այն, ինչը բխում է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության շահերից՝ նպաստել ժողովրդավարական բարեփոխումներին տարածաշրջանում եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նրա 95-րդ տարելիցի օրը՝ 2010թ. ապրիլի 24-ին»։