Շքեղությունը պերճա՞նք է, թե՞ թշվառություն

13/04/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանում շքեղությունը խիստ հարաբերական հասկացություն է: ԱԺ-ում, սակայն, փորձ է արվում ընդունել օրենք «Շքեղության մասին»: Նման օրենքը ենթադրում է օրենքով կարգավորել հարուստ մարդկանց թուլությունները: Ի դեպ, օրենքի նախագիծը ենթադրում է լրացուցիչ հարկել նաեւ որկրամոլությունը. ըստ նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանի` ռեստորաններում առատ ճաշը եւս շքեղություն է, որն, ամենայն հավանականությամբ, հարկվելու է ըստ Օրենքի` «Խնջույք` ժանտախտի ժամանակ» հոդվածի:

«Շքեղություն» եզրը խիստ գեղեցիկ փաթեթավորում է այն ամենի համար, ինչն, ըստ Սուրբ Գրքի, ընդունված է դասել տասը մեղքերի ցանկում` ցուցամոլություն, ունեցածը գրագետ տնօրինելու անկարողություն, տարբեր մոլություններ: Ամեն դեպքում, վերոնշյալ մեղքերի «շնորհիվ», եթե օրենքն ընդունվի, այնուհետ ՀՀ բյուջեն միայն կշահի: Բանն այն է, որ նոր օրենքի իմաստը հատկապես ուղղվելու է սոցիալական խնդիրների մասնակի լուծմանը. թանկարժեք գնումները լրացուցիչ կհարկվեն, գումարը կմտնի բյուջե, կբարձրանան թոշակները, նպաստները:

Անցած տարի, տնտեսական ճգնաժամի կուլմինացիայի ժամանակ, եթե հիշում եք, գերմանացի մի մեծահարուստ տնտեսվարող կամավոր առաջարկեց երկրի ղեկավարներին` մեծացնել իր եւ այլ խոշոր բիզնեսմենների` պետությանը մուծելիք հարկերի չափը: Հասկանալի է, որ տպավորիչ եկամուտները միայն բավարար չէին գերմանացի գործարարի նման առաջարկի համար: Նախ` անհրաժեշտ էր պարկեշտություն, կրթվածություն, կյանքի եւ շքեղության մասին գրագետ պատկերացումներ, բարձր գիտակցություն եւ սեր հայրենիքի հանդեպ: Հայրենիքի հանդեպ, քանի որ այդ երկիրն է նրան հնարավորություն տվել ձեռք բերել հարստություն այնպիսի՛ ճանապարհով, որը թույլ է տալիս պահպանել մարդկային դիմագիծը եւ չկորցնել հարգանքը պետության հանդեպ:

Մեր երկրում որեւէ մեծահարուստ իրեն լրացուցիչ հարկերով ծանրաբեռնելու խնդրանքով, որքան հայտնի է, հանդես չի եկել: Այն գործարարները, ովքեր կարողացել են օրինականության դաշտում աշխատելով` որոշակի կապիտալ կուտակել, դա արել են ամենեւին ո՛չ պետության աջակցության շնորհիվ: Հակառակը, իրենց էներգիայի եւ ժամանակի զգալի մասը վատնել են պետական ատյանների, չինովնիկների կամայականությունների դեմ կռիվ տալու եւ իրենց իրավունքները պետությունից պաշտպանելու վրա: Նոր գաղափարներ, նոր աշխատատեղեր ստեղծելու ունակ մարդկանց պետությունը ոչ թե խրախուսում է, այլ խոչընդոտում նրանց զարգացմանը` հնարավոր բոլոր միջոցներով: Հետեւաբար, օրինապահ եւ ոչ մի գործարար իր հաջողության համար ամենեւին պարտական չէ պետությանը:

Իսկ այն մեծահարուստները, ում օլիգարխ ենք համարում, վաղուց արդեն համագործակցում են պետության հետ, սակայն ջենթլմենությունն ու փոխադարձ վստահությունն այս դեպքում հանգստանում են: Թե հատկապես ո՛ր գործարարների հետ է պետությունը նախընտրում «աշխատել», կարելի է իմանալ` ընթերցելով ԱԺ պատգամավորների ցանկը: Հարուստ էլիտան` օլիգարխները եւ պետական բարձրաստիճան չինովնիկները, նախագահական ընտրությունների ժամանակ իրենց ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներն իշխանության թեկնածուին տրամադրելով` ինդուլգենցիա են ձեռք բերում: Այսինքն` իշխանություններից շատ բարձր արժեքով թույլտվություն են գնում` ՀՀ-ում ապրել, ինչպես դրախտում: Հայաստանի դեպքում դրախտը, հասկանալի է, խիստ պայմանական է:

Եթե պարոն Դալլաքյանի հեղինակած օրինագիծն ընդունվի, ապա լրացուցիչ հարկերի բարդություն կունենան նաեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Չինովնիկները պետական մրցույթներից, վարկերից եւ բյուջեից յուրացված գումարներով, կաշառք վերցնելով` շքեղ ավտոմեքենաներ եւ անշարժ գույք են ձեռք բերում, խանութներ բացում, վատնում պետության միջոցները` միմյանց թանկարժեք նվերներ անելով:

Պետությունը, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, չի խրախուսում, որ գումարները շրջանառվեն տնտեսությունում: Տնտեսական էլիտան հիմնականում (մեկ-երկու բացառությամբ) ձեւավորում են մարդիկ, ովքեր պրիմիտիվ բիզնեսով են զբաղվում: Եվ նրանք իրենց միջոցները քարացնում են ավտոմեքենաների, բնակարանների, շքեղ առարկաների, հաճույքի տարբեր տեսակների վրա: Աշխարհում փողի պակաս կա: Անգամ աշխարհի մասշտաբով հարուստները, ովքեր միլիարդների են տնօրինում բացառապես իրենց ինտելեկտի եւ աշխատասիրության շնորհիվ, մտածում են` հատկապես որտե՞ղ եւ ինչպե՞ս տնտեսեն գումարները: Ոմանք, ինչպես հայտնի է, անգամ չդիմացան ճգնաժամի սթրեսին եւ ինքնասպան եղան: Մեր երկրում դժվար ձեռք բերված գումարները` տրանսֆերտները, իշխանությունների գիտությամբ պետությանը չվճարված հարկերը, պետությունից կորզված գումարները դառնում են շքեղ ավտոմեքենաներ, բնակարաններ, ժամացույցներ, վիտամիններով հարուստ ճաշեր` թանկարժեք ռեստորաններում:

Դուրս եկեք փողոց. օլիգարխներն` իրենց ավտոշարասյուներով, կրկնվող համարանիշերի բոլոր հնարավոր զուգորդումներով, շրջում են մայրաքաղաքի փողոցներում: Ցուցամոլությունը, էժանագին շքեղության հանդեպ հակումը ցածր ճաշակի եւ ոչ կիրթ լինելու հիմնական արտահայտությունն են եւ լուրջ դիսոնանս են առաջացնում հասարակական կյանքում: Եվ դրանից ազատվելու այլ ճանապարհ չգտնելով` ընտրվում է լավագույն ելքը` այդ մարդկանց ուսին լրացուցիչ հարկեր դնել: Տնտեսական եւ քաղաքական նման էլիտա ունեցող երկրում, որպիսին է՛ Հայաստանը, «Շքեղության հարկը» կարող է եւ աշխատել, թեեւ, ինչպես մյուս հարկերից, այս հարկատեսակից խուսափելու միջոցները եւս քիչ չեն: Օրինակ` թանկարժեք գնումը կարող են ձեւակերպել մի քանի հոգու վրա: Երկար մտածելուց հետո օրենքը շրջանցելու բազմաթիվ ձեւեր եւս կարելի է գտնել: Սակայն Հայաստանում կա մի նրբություն. եթե օրենքի անվանումը լինի «Օրենք շքեղության մասին», ապա այն իրենց վրա կիրառելը մեծահարուստները եւս շքեղության դրսեւորում կհամարեն: Այսինքն` օլիգարխներին հաճելի կլինի, որ իրենք իրենց այնպիսի շքեղություններ են թույլ տալիս, որոնց համար դեռ պետք է հարկ վճարեն: Իսկ որպեսզի օրենքն աշխատի նպատակային, այսինքն` ազատ միջոցները ծախսվեն ոչ թե շքեղ իրերի կամ անշարժ գույքի վրա, այլ դրվեն շրջանառության մեջ, պետք է պարզապես խմբագրել օրենքի անվանումը: Դիցուք` «Օրենք անճաշակության մասին», «Օրենք` գումարները ոչ գրագետ ծախսելու մասին»: Այս դեպքում հերթական շքեղագույն ավտոմեքենան գնելիս` գնորդը նախ առիթ կունենա մտածելու` իր արածը շքեղությո՞ւն է, թե՞ հիմարություն: Հակված եմ ենթադրելու, որ այդ դեպքում որոշումը կընդունվի` մեքենա չգնելու օգտին: Հակառակ պարագայում` գոնե օրենքի անվանումը կբնութագրի իրականությունը: