Հիվանդներին էքսպերիմենտի՞ են ենթարկում

13/04/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Մարդասիրական օգնություն` խուճապի ելքով» հրապարակման մեջ ներկայացրել էինք հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող մարդկանց հարազատների «ահազանգերը»` կապված հոգեմետ դեղորայքի հետ:

Հիշեցնենք, որ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը 2009թ. նոյեմբեր ամսին որպես մարդասիրական օգնություն Հայաստան է ուղարկել «Մելտոլան-5» կոչվող հոգեմետ դեղերի մեծ խմբաքանակ, որն արտադրում է հնդկական «Alkem laboratories» ընկերությունը, եւ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ` եվրոպական երկրներում կիրառում չունի: Իսկ ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) Ավանի հոգեբուժական դիսպանսերից դեղորայքը հիվանդներին տրամադրվում է առանց հրահանգագրքույկի, ինչն օրենքի կոպիտ խախտում է, քանի որ «ՀՀ դեղերի մասին օրենքի» «Դեղերի պիտակավորումը եւ ձեւավորումը» հոդվածն անգամ մարդասիրական օգնության պարագայում չի ազատում այդ պարտավորությունից: Ինչպես նշել էինք՝ 2005թ. սկսած հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող հիվանդներին տրամադրվում էր «Զիպրեքսա» պրեպարատը, որը, խմբագրություն եկած մեծ թվով հիվանդների հարազատների հավաստմամբ` բավականին էֆեկտիվ դեղամիջոց է, եւ շատ հիվանդների առողջությունը դրա շնորհիվ վերականգնվել է: Հիվանդների հարազատներից շատերը, ինչպես նաեւ «Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց եւ նրանց հարազատների» հ/կ ներկայացուցիչները շատ վրդովված են մասնավորապես ՀՀ ԱՆ Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանի «Մելտոլան-5» պրեպարատի հետ կապված մեր թերթում տեղ գտած մեկնաբանություններից. «Հասկանո՞ւմ եք, Առողջապահության նախարարությունը, այսինքն` պետության կողմից լիազորված մարմինը գումարներ տնտեսելու պատրվակով վտանգում է մի ամբողջ հասարակություն, որովհետեւ հոգեկան հիվանդության սրացումը ոչ միայն հիվանդի ընտանիքի, այլեւ` շրջապատի, հասարակության, պետության խնդիրն է: Մ. Հարությունյանի բացատրությունները ոչ այլ ինչ են, քան ծաղր հոգեկան հիվանդ ունեցող մարդկանց համար: Այսինքն` եթե մարդասիրական օգնություն է, ուրեմն` պիտի սպառե՞ն նման ծանր խնդիր ունեցողների միջեւ: Կարող է վաղը մի բարերար փորձի աղբ ուղարկել, իսկ մեր պետությունը դա պիտի բաժանի՞»,- վրդովված դժգոհում են հիվանդների հարազատները, որոնցից բոլորն էլ վկայեցին «Մելտոլան-5» պրեպարատի կիրառության հետեւանքով հիվանդի մոտ առաջացած սրացման մասին: Նրանք հայտարարում են, որ այս դեղամիջոցը ինչպես նախարարության, այնպես էլ` հոգեբույժ-մասնագետների համար էքսպերիմենտի առարկա է, քանի որ պրակտիկորեն մեր մասնագետները դրա կիրառության փորձը չունեն: Ավելին` նույնիսկ դեղամիջոցը տրամադրող մասնագետները չունեն պրեպարատի հրահանգագրքույկը եւ պատշաճ ծանուցված չեն դրա գործածության մանրամասներին: Հիվանդներից շատերի հարազատները հրաժարվելով վերոնշյալ պրեպարատը հիվանդին տալուց` նախընտրում են իրենց միջոցներով դեղատներից գնել «Զիպրեքսա», որը բավականին թանկ է վաճառվում: Խմբագրություն եկած Սեդա Մարգարյանը մեզ պատմեց, որ որդուն ընդամենը «Մելտոլան-5» դեղամիջոցի մեկ դեղահաբ տալով` նրա մոտ արդեն հիվանդության սրացում է նկատել: Ի դեպ, վերջինս մեզ պատմեց, որ 2002թ. սկսած նրա որդին երեք անգամ հիվանդանոցում բուժվել է, սակայն 2005-ից տրամադրվող «Զիպրեքսայի» շնորհիվ մինչեւ օրս հիվանդանոցում չի հայտնվել. «Ի վերջո, տղայիս մոտ բանակում է շիզոֆրենիա հիվանդությունն առաջացել, դա նաեւ պետության վերաբերմունքն է: Այդ մի հատիկից նորից վատացավ, բիբերը լայնացան, ագրեսիվ դարձավ, իսկ մեր տանը 2 տարեկան երեխա կա: Ամեն րոպե կարող է վնասել երեխային, ինքն իրեն, շրջապատին… Իսկ «Զիպրեքսայի» շնորհիվ նույնիսկ մեր բակում ապրողները չգիտեին, որ երիտասարդ տղաս նման ծանր խնդիր ունի: Ստիպված դեղատնից գնում եմ, հակառակ դեպքում նորից հիվանդանոց պիտի ընկնի»: Նույն ազդեցությունն է ունեցել «Մելտոլան-5» դեղամիջոցն ընդունած Սերգեյ Սարգսյանի որդին, ով անմիջապես ասել է. «Գլխիս մեջ մառախուղ ա, նորից ձայներ եմ լսում, վատ եմ զգում»: Ս. Սարգսյանը նույնպես հրաժարվել է դեղամիջոցը որդուն տրամադրել եւ տարակուսած է Մ. Հարությունյանի այն հայտարարությունից, որ հիվանդների մոտ դեղը մեկ այլ դեղամիջոցով փոխարինելու հոգեբանական խնդիր է: «Մենք տանջանքով ենք մեր հիվանդներին դեղ խմացնում, որովհետեւ դա էլ մեծ խնդիր է: Տղաս չի էլ իմացել, որ «Զիպրեքսայի» փոխարեն ուրիշ դեղ է խմում, բայց միանգամից վատացել է: Հասկանո՞ւմ եք, նման խնդիր ունեցող հիվանդներից շատերն ինքնասպանության, ինքնավնասման փորձեր են անում: Անընդհատ վազում է դեպի պատուհանը, ձայներ է լսում, ասում է` ինձ կանչում են: Մենք հիմա հոգեպես ահավոր վիճակում ենք»: Նոնա Հարությունյանի հոգեկան հիվանդություն ունեցող որդին` կորցնելով հոգեկան հավասարակշռությունը, դանակահարել է հարեւանի որդուն, որը եղել է իր դասընկերը. «Նա շրջապատի համար վտանգավոր հիվանդ է ու էդ դեղը խմելուց հետո նորից ագրեսիվ ու դաժան է դարձել, անգամ ինձ է քաշքշում: Էս ի՞նչ է անում մեր պետությունը, ախր սրանք անկառավարելի մարդիկ են: Վտանգում են հարազատներին, շրջապատին, ի վերջո` մեղք են, դժբախտ մարդիկ են, չի կարելի նրանց վրա փորձարկումներ անել կամ էլ` նրանց հիվանդ հոգու հետ էսպես վարվել: Մենք թոշակառու մարդիկ ենք, չենք կարող էդքան թանկ դեղեր գնել ու լռել, ինչ է թե՝ Հ. Սասունյանի հեղինակությունը չվնասենք: Դա մարդասիրություն չէ, ամեն գնով համբավ ձեռք բերելու ու մարդկանց վնասելու քայլ է»:

Ի դեպ, անդրադառնալով հնդկական ծագման «Մելտոլան-5» պրեպարատին, նշենք, որ ինտերնետային երկարատեւ որոնումների արդյունքում մենք դրա մասին բավականին աղքատիկ տեղեկություն ստացանք բացառապես Հնդկաստանում գործող կայքէջերից: Թեեւ Մ. Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ այն լայն կիրառում ունի ԱՄՆ-ում եւ որակապես չի զիջում «Զիպրեքսային», այդուհանդերձ, միայն այն փաստը, որ ամենահեղինակավոր «Food and Drug Administration» եւ «European Medicines Agency» դեղագործակլություններում «Մելտոլան-5»-ը գրանցված չէ` վկայում է այն մասին, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այս պրեպարատը շրջանառությունից դուրս է: Նշենք, որ այս խոշոր գործակալությունում չգրանցված պրեպարատներն առհասարակ իրավունք չունեն հայտնվել վերոնշյալ երկրների շուկայում: Ի դեպ, հոգեկան հիվանդների հարազատները շուտով դիմելու են ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին եւ խնդրելու են հրաժարվել Հ. Սասունյանի մարդասիրական օգնությունից: