«Ադրբեջանցի դիպուկահարներին մենք կարող ենք հակազդել մեր դիպուկահարներով, ինչն էլ մշտապես կատարում ենք»,- երեկ Ստեփանակերտում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ Արցախի պաշտպանության բանակի եւ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են ադրբեջանցի դիպուկահարների կրակին: «Իմ կողմից կա հստակ հրահանգ` չպատասխանել անկանոն կրակահերթերին` հենց այնպես փամփուշտ չվատնել»,- ասել է Ս. Օհանյանը` հավելելով, որ ադրբեջանցի դիպուկահարները լուրջ պատասխան են ստանում: Ըստ նախարարի` վերջին շրջանում շփման գծում կրակոցները շատացել են, ինչը պայմանավորված է Ադրբեջանի որոշ զորամիավորումների եւ ստորաբաժանումների հերթափոխով. նոր եկած ստորաբաժանումները բնազդով փորձում են ավելի շատ կրակել, որպեսզի ցույց տան, որ իրենք տեղում են: Ըստ Ս. Օհանյանի` այսօր հայկական բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է, եւ այն ձեւավորվում է ոչ թե զինծառայողների թվով, այլ բարձր ոգով եւ պատրաստվածությամբ: «Մենք ի վիճակի ենք ոչ միայն պաշտպանվել, այլեւ որոշակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- ասել է նա: