«ՀայՌուսգազարդ» ընկերության Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շուշաննա Սարդարյանը երեկ հերքել է մեր թերթի նախորդ համարում հրապարակված տեղեկությունը, թե իրենց աշխատակիցները բնակիչներից ստորագրություններ են հավաքում, որտեղ վերջիններս կողմ են գազի սակագնի բարձրացմանը: «Այդ բնակիչների գանգատները բանահյուսության ժանրից են, եւ, բնականաբար, իրականությանը չեն համապատասխանում: Մեր աշխատակիցների այցերը այլ նպատակ ունեն: Նրանք բնակիչներին եւս մեկ անգամ ծանուցում են գազի սակագնի բարձրացման մասին, ինչը շատ քաղաքակիրթ գործելակերպ է: Իսկ ինչ վերաբերում է ստորագրություններին, ապա դրանք բոլորովին այլ նպատակ ունեն եւ վերաբերում են մեր ներքին կարգապահությանը. բնակիչները ստորագրում են, որ մեր հսկիչն այցելել է իրենց, եւ մեզ էլ դրանք անհրաժեշտ են, որպեսզի մենք տեղեկանանք, որ մեր հսկիչն իսկապես այցելել է տվյալ բնակչին»,- ասել է նա: