Որտե՞ղ են 21-րդ դարի աշուղները

20/09/2005 Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

«Եղեգան փող». այսպես է կոչվում ժողովրդագուսանական երգարվեստի
համահայկական առաջին փառատոնը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-25-ը:
Ծրագրի հեղինակ Լյուդմիլա Մելիքյանն այս փառատոնը համարում է շատ կարեւոր
սկիզբ: «Ժամանակն է փոխել պատկերացումն աշուղական երաժշտության մասին:
Աշուղներն այլեւս կույր, խեղճ ու կրակ պապիկներ չեն»: Փառատոնին
մասնակցության մոտ 150 հայտ կա՝ ՀՀ մարզերից, Սփյուռքից, ԼՂՀ-ից եւ
Ջավախքից: Բացման արարողությունը կլինի Սպենդիարյանի անվան Օպերայի եւ
բալետի պետական ակադեմիական թատրոնում: Փակման արարողությունը՝ Ազատության
հրապարակում: «Կհնչեն ոչ միայն դասական աշուղների ստեղծագործությունները,
կծանոթանանք նոր գուսանների հետ նույնպես»,- ասում է Լ. Մելիքյանը:
Սեպտեմբերի 24-ին կկազմակերպվի այց Վայոց Ձոր եւ Գյումրի: Առաջին անգամ
փառատոնի շրջանակներում Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի
ինստիտուտի հետ համատեղ գիտաժողով կանցկացվի՝ նվիրված աշուղագիտության
արդի խնդիրներին:
«Սրանով մենք կփորձենք երիտասարդ երաժշտագետների, գիտնականների մոտ
հետաքրքրություն արթնացնել այս գիտության նկատմամբ: Այսօր ամենաերիտասարդ
աշուղագետները 60-70 տարեկան են»: Առաջին անգամ փառատոնի շրջանակներում
կկազմակերպվի հայկական երաժշտական գործիքների ցուցահանդես: