Արմավիրի մարզի Արշալույս գյուղ գնացող ավտոբուսում մարդիկ, ասես, հոգսերից համրացել էին ու նույնիսկ չէին նկատում իրար: Քաղաքից կատարած գնումների մեծ տոպրակներից մերթընդմերթ դժգոհում էին, հետո նորից անխոս շարունակում ճանապարհը:
«Մեր գյուղում պրոբլեմի պակաս չկա: Ուր էլ նայեք` պրոբլեմ ա, սոցիալապես անապահով վիճակ: Մարդիկ էլ վաղուց հարմարվել են էդ վիճակին»,- ասաց Արշալույս գյուղի բնակիչներից մեկը, ում ասածները հաստատեցին գյուղի տաղավարներից մեկում հավաքված «բլոտասեր» տղամարդիկ: «Ամեն ինչ չերեզչուր թանկացնում են: Եթե գյուղացին տարեկան 132.000 դրամ մենակ ոռոգման ջրին տա, բա էլ ինչի՞ մասին ա խոսքը: Գոնե լավ ա ամսական չենք տալիս, թե չէ` տներն էլ ծախենք, չենք կարա տակից դուրս գալ: Ամեն ինչ էլ աճեցնում ենք, բայց մեկ ա` գյուղացուն մենակ իրա էշությունն ա քյար մնում: Էն ժամանակ պարարտանյութը 2000-3000 դրամ էր, հիմա էլ սարքել են 8000-10.000 դրամ»,- նշեց Ազատը` հետեւելով խաղաթղթերի տրցակին: «Գյուղի վիճակը երբեք էլ լավ չի եղել: Մեր գյուղի վիճակը միշտ էլ նույնն ա, եթե, իհարկե, սա գյուղ ա»,- հարեւանցիորեն նկատեցին «բլոտասեր» տղամարդիկ` նարդու տախտակի անգույն մակերեսին սկսելով հերթական խաղը:
Ընդհանրապես Հայաստանի գրեթե բոլոր գյուղերը նման են իրար` իրենց հնչեղ անուններով ու ոչ պակաս հնչեղ խնդիրներով: Արշալույսն էլ բացառություն չէ, իհարկե, բացի այն կարեւոր հանգամանքից, որը համագյուղացիները միշտ շեշտում են` «Հայաստանի երկու խոշոր գեներալները մեր գյուղից են»: Գյուղը չունի նախակրթարան, խմելու ջրի կանոնավոր մատակարարում, մշակույթի տուն: Թեեւ սրանք էլ մեզանում վերածվել են օրինաչափ երեւույթների: Ըստ բնակիչների` իրենց գյուղում առայժմ որեւէ տարածք չեն գնել: «Երեւի պիտի վաճառեն, որ գնեն»,- նշեց գյուղի բնակիչ Նելլին: Ու ցավալին այն է, որ հայաստանյան գյուղերի բնակիչներն այնքան են հոգնել սեփական երկրի կառավարությունից ու իշխանություններից, որ դադարել են ապագայի հույսեր կապել նրանց հետ: «Մենք ոչ մի բան էլ չենք ուզում, մենակ մեզ նեղություն չտան` էդ էլ ա մեծ օգնություն»,- այսպես էին ասում գյուղացիները: Նրանց դժգոհություններն այնքան նման են իրար, որ թվում է` նախորդ հրապարակման քաղվածքներից են: «Ի՞նչ օգուտ գրելուց, աղջիկ ջան: Սաղ տեղերում էլ նույնն ա, կարող ա՞ մեզ լսեն, հը՞: Չէ` դու էլ քո գործն ես անում»,- գյուղի նեղ փողոցի հեռավոր կետերին նայելով` ասաց Աիդա տատը` կանչելով տիկին Էմմային: «Գյուղում ոռոգման ջուրը շատ լավ ա, բայց խմելու ջուր չկա: Գիտես` որտեղի՞ց ենք բերում: Հասնում ենք մինչեւ հուշարձան: Չնայած էդ պրոբլեմը մեր գյուղում միշտ էլ կար»,- շարունակեց Աիդա տատը: «Ամեն ինչ էլ մշակում ենք, բայց օգուտ չկա: Քաղաքից գալիս են մեզնից կոպեկներով առնում, տանում են` իրանք մանեթներով ծախում: Բայց դե մենք էլ ուրիշ տարբերակ չունենք: Մենք էսքան ժամանակ 50-60 դրամից թանկ ապրանք չենք վաճառել»,- ավելացրեց տիկին Էմման` թոռան` Ժորայի ձեռքից ամուր բռնելով:
Արշալույսի աղավնին` իրականությունից դուրս
Ժորան մանկուց հաշմանդամ է: Տնեցիները մինչ օրս փորձում են հասկանալ Ժորայի հիվանդության պատճառը: Էմմա տատը պատմում է, որ 3,5 ամսականում բարձր ջերմությունից երեխան ծանր ցնցումների մեջ էր ընկել: Դա տեւել էր 10 օր, որից հետո պարզ դարձավ, որ երեխան կորցրել է իրականությունն ընկալելու կարողությունը: «Բան չի հասկանում: Ի՛նչ տեսնում ա` ուզում ա ձեռ տա, շոշափի: Անընդհատ հետեւել ա պետք»,- կիսամութ սենյակի ցածրիկ բազմոցին կուչ եկած` պատմում էր տատը, որի պատմությունները Ժորան չէր լսում: Արտաքին աշխարհից փոքրիկին անջատում է այն ցանցապատ տարածքը, որտեղ նա կարծես իր երազների հետ է մնում: «Ի՞նչ անենք: Բերում ենք էս ցանցի մեջ ենք տեղավորում: Հակառակ դեպքում` անընդհատ փախչում ա տնից, չի ենթարկվում մեզ: Ախր, չի հասկանում»,- շարունակ պատմում էր կինը: Ժորան հանգիստ փակել էր աչքերը: Միակ իրը, որ կարելի էր գտնել այստեղ` ցանցատարածքում, կանացի հին պայուսակն էր, որը բարձիթողի ընկած էր մի անկյունում: «10 հոգով էս տան մեջ ենք ապրում: Նեղվածք ա: Ի՞նչ անենք: Ապրում ենք, ավելի ճիշտ` գոյատեւում ենք: Այ, եթե Ժորան լավ լիներ… Հիմա առաջին դասարան կլիներ»,- տատի այս խոսքերից փոքրիկ Ժորան հանկարծ ժպտաց. ժպիտը նրա սեւ աչքերին առանձնակի փայլ էր հաղորդում: «Շատ ա հոգնում: Տեսաք` դրսում ինչքան էներգիա կորցրեց: Էստեղ լավ հանգստանում ա»,- թոռան կծկված իրանին նայելով` խոսեց Էմմա տատը: Քիչ անց Ժորան շեշտակի նայեց տատիկին, ասես, ինչ-որ բան էր խնդրում: Տատն էլ փաղաքշանքով հանեց Ժորային ցանցատարածքից: Ազնվամորու թաղերի մոտ Ժորան նստեց, գաղտագողի նայեց ջերմոցի տոպրակներից ներս, որտեղ այս տարի առաջին անգամ տան մեծերը ազնվամորի աճեցնելու փորձ էին արել: «Նոր ենք տնկել: Տեսնենք` շահավետ կլինի՞, թե՞ չէ: Գյուղացին կախված է մենակ եղանակից, ուրիշ ոչ մի բանից»,- հարեւան այգում աշխատողներին մատնացույց անելով` ասաց Էմմա տատը: Իսկ տան հետդարձի ճանապարհին Ժորան ոգեւորությամբ հետեւում էր բակի աղավնիներին: «Երանի մենք էլ սրանց պես լինեինք` առանց հոգսերի, ու չհասկանայինք կյանքի ծանրությունը»,- ասաց Էմմա տատը: Քիչ անց Ժորային դարձյալ տեղավորեցին ցանցատարածքի մեջ` նրան թողնելով իր մաքուր երազների հետ: Իրականություն չընկալող փոքրիկի համար պետությունը նշանակել է, այսպես ասած, հաշմանդամության թոշակ` 11.000 դրամ: «Մինչեւ 2021 թվականը ժորան թոշակ կստանա»,- հավելեց տատը: Ժորան Արշալույսում ինձ հանդիպած միակ մարդն էր, որի հետ կարելի էր հաղորդակցվել մաքուր երազների դաշտում: Մինչդեռ գյուղի բնակիչներից շատերին կյանքի պայմանները դարձրել էին այնքան դաժան, որ կատարվող անցուդարձի մասին պարզապես արձագանքում էին. «Մեզ մոտ սաղ լավ ա, ի՞նչ ա եղել: Սաղ էլ հավասար ապրում ենք»,- միակամ նշեցին երկու կին` անթաքույց արհամարհանքով: Նրանցից քիչ հեռու գյուղի Հաղթանակ փողոցի ժանգագույն ցուցատախտակն էր ու կիսախարխուլ տները, որոնցից լավ պահպանվել էին միայն կառուցման տարեթվերը: