Ըստ «Kommersant»-ի` ձերբակալվել է «Մոսկվայի գինու եւ կոնյակի ԿիՆ գործարան» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ եւ համասեփականատեր Արմեն Եգանյանը: Հայազգի գործարարին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են անցյալ չորեքշաբթի` խոշոր չափերի խարդախության կասկածանքով: Ձեռնարկատերը քննչական մեկուսարանում է եղել մինչեւ ուրբաթ կեսօր, երբ Տվերի շրջանային դատարանը նրան ազատ է արձակել 15 մլն ռուբլի գրավի դիմաց: Եգանյանի փաստաբանները ենթադրում են, որ գործարարի ձերբակալության պատճառն այն է, որ գործարանը փորձում է դատարանում վիճարկել «Օբյեդինենայա կոմպանիյա» ԲԲԸ-ը ստեղծման հարցը. 2008թ. Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավարությունը Մոսկվայի բանկի հետ համատեղ ստեղծված ձեռնարկությանն է փոխանցել ԿիՆ-ի 43,07%-ը: Դատարանում մեղադրյալի դատապաշտպանները պահանջել են, որպեսզի գործարարին ազատ արձակեն 10 մլն ռուբլի գրավի դիմաց: Բայց հաշվի առնելով մեղադրանքի ծանրությունը` դատարանը բարձրացրել է գրավի չափը մինչեւ 15 մլն ռուբլի եւ հետաձգել դատալսումները:
Գործ է հարուցվել նաեւ ԿիՆ-ի մի շարք ղեկավարների նկատմամբ` հարկերից խուսափելու մեղադրանքով: