Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահի մրցանակ շնորհելու մասին: ՀՀ նախագահի 2009թ. մրցանակի են արժանացել. բնական գիտությունների զարգացման բնագավառում` Վարուժան Աթաբեկյանը` «Կենտ պարբերությամբ ազատ պարբերական խմբեր» գիտական հոդվածաշարի համար, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում` Վազգեն Մելիքյանը` «Ցածր էներգասպառմամբ եւ բարձր արագագործության ինտեգրալ սխեմաների նախագծման մեթոդներ» գիտական հոդվածաշարի համար, արվեստի բնագավառում` Գետիկ Բաղդասարյանը եւ Ջիմ Թորոսյանը` «Ներսես Աշտարակեցի» հուշարձանի համար, բժշկագիտության բնագավառում` Սմբատ Ջամալյանը` Հայաստանում առիթմոլոգիայի եւ էլեկտրաֆիզիոլոգիայի զարգացման համար, ֆիզիկայի զարգացման բնագավառում` Ռադիկ Կոստանյանը, Էդվարդ Կոկանյանը, Գագիկ Դեմիրխանյանը եւ Վահան Բաբաջանյանը, գրականության բնագավառում` Վահագն Մուղնեցյանը` «Տաբու» վեպի համար, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Համլետ Պետրոսյանը` «Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը» գրքի համար: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նույն օրը Ս. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին: Մրցանակ է շնորհվել Վիլյամ Շաբասին` Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման եւ դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար, եւ Սարգիս Շահինյանին` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու եւ դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաեւ մշակույթի մի շարք բնագավառներում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին: Կերպարվեստի եւ կինոյի բնագավառում մրցանակ է շնորհվել Օվսաննա Շեկոյանին` «Դպրոց» գեղանկարների շարքի համար, Վահագն Ղուկասյանին` «Մտահղացում» գեղանկարների շարքի համար, Բագրատ Բալաբեկյանին` կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական որոնումների համար, գրականության բնագավառում` Արամ Պաչյանին` պատմվածքների շարքի համար: