Ապրիլի 10-ին ՆՓԱԿ-ում բացվել էր «Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսը, որի գլխավոր անձինք երիտասարդ ստեղծագործողներն էին։ 14-30 տարեկան հայաստանցի արվեստագետները փորձել էին «լրտեսել» ժամանակակից իրականությունն ու ներկայացնել այն երկիրը, որտեղ հայտնվել են։ Այս ցուցահանդեսը մարդաշատ, ակտիվ ու շատ պարադոքսալ էր։ Սակայն զարմանալու բան չկա, պարադոքսը հատուկ է երիտասարդներին, որոնք կամ հիշում են անցյալը (հիմնականում խորհրդային սիմվոլներն ու կարգախոսները), կամ հետազոտում են ժամանակակից բյուրոկրատական սիստեմը (փաստաթղթային, ՀԴՄ-կտրոնային, միլիտարիստական, դատարկախոսության միջավայրը), կամ էլ պարզապես խաղում են (լիակատար շրջափակման պայմաններում խաղում են խաղալիք տրանսպորտային միջոցներով, մարդուն տեղավորում են տուփի մեջ ու տեղադրում ցնցուղի տակ)։ Կոմպոզիցիաներից շատերում օգտագործված էին «բրենդային» խաղերը կամ էլ սիրելի անձնական իրերի (օրինակ, կոշիկների) ու «սիրելի» վայրերի (օրինակ, դպրոցի) լրտեսում-ցուցադրումը։ Ցուցահանդեսի համադրող Սեդա Շեկոյանը առաջ քաշելով «լրտեսման» թեման՝ կարծես մեծ իրարանցում էր հրահրել։ Չէ՞ որ լրտեսը հանցագործ է, ազգի դավաճան եւ Քրեական օրենսգրքի համաձայն՝ նրան հարկավոր է կալանավորել ու դատապարտել։ Բայց լրտեսը միաժամանակ կարող է նաեւ ազգի հերոս լինել, եթե հօգուտ հայրենիքի է կատարում իր ամենօրյա ծանր աշխատանքը։ «Լրտեսվող Հայաստանը» պրովոկացիոն գրական ուղեկցում ուներ, որի հետ ծանոթանալը շատ հետաքրքիր էր, քանի որ այն բանավիճելու ու պարզապես վիճելու էր դրդում։ Իսկ այն ստեղծագործությունները, որոնք ներկայացված էին, բավականին էկլեկտիկ տպավորություն էին թողնում։ Կարելի է նույնիսկ ասել, որ ցուցահանդեսի խորագիրն ավելի լավն էր, քան պատից կախված ու հատակին տեղադրված գործերի հավաքածուն։ Վաղուց արդեն այդքան մեծ ցուցադրությամբ մենք չէինք տեսել երիտասարդների մտքերը։ Այժմ տեսանք, որ նրանք փորձում են ինքնադրսեւորվել, եւ որքան բարդ է դա տեղի ունենում։ Այս նոր սերունդը լավ ուսուցիչներ ունի, եւ ամեն բան դեռ առջեւում է։ Արվեստագետ Արման Գրիգորյանը, ով նրանցից շատերին կոմպոզիցիայի հիմունքներ է դասավանդում Գեղարվեստի դպրոցում, ասաց. «Երիտասարդները որոնումների տարիքում են գտնվում, եւ ցուցադրվելը նրանց համար շատ կարեւոր է։ Ես հույս ունեմ, որ այս սերունդը կկարողանա անել այն մշակութային հեղափոխությունը, որը մենք չկարողացանք անել»։
«Լրտեսվող Հայաստանում» հեղափոխություն, իհարկե, չկար, սակայն կար ռումբ։ Այն տեղադրված էր սրահում, վրան էլ գրված էր. «Սա ռումբ է, եթե քաշես պարանից՝ կպայթի»։ Տակն էլ շատ սիմվոլիկ ավելացում էր արվել՝ չեմ քաշում, ալարում եմ, բայց կարող եք քաշել դուք… Ստացվում է՝ ինչպես մանկական հայտնի հեքիաթում՝ պարանը քաշիր, դուռը կբացվի։ Եվ հիմա ՆՓԱԿ-ը մնացել է այն միակ վայրը, որտեղ գոնե համարձակվում են այդ պարանը տեղադրել ու ցուցադրել այն մտքերն ու միջավայրը, որտեղ ակամա հայտնվել են 20-ամյա երիտասարդ ստեղծագործողները։ Այս պարագայում՝ գլխավոր լրտեսը հենց ՆՓԱԿ-ն էր, քանի որ վաղվա հայ արվեստագետների ներուժն ու երեւակայությունը հենց այդ արվեստի կենտրոնն էր ցանկացել ուսումնասիրել։ Մեր օրերում նոր ուժ փնտրելը բավականին մեծ քաջություն է պահանջում։ Մեկ էլ տեսար՝ պարանն ինքն իրեն քաշվեց։