Ծաղիկը թափոն չէ

13/04/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամը մեծ ուշադրություն է դարձնում էկոլոգիական դաստիարակությանն եւ Հայաստանի տարբեր մարզերում գործող իր էկո-ակումբների միջոցով՝ բնության հանդեպ հարգալից ու պատասխանատու վերաբերմունք է քարոզում հիմնականում պատանի հայաստանցիների շարքերում։

Երեխաները ներգրավվում են իրենց հայրենի բնակավայրի աղբազատման ու մաքրման աշխատանքներին։ Նաեւ ֆիլմեր ու ցուցահանդեսներ են պատրաստում՝ իրենց հուզող հարցերի մասին։ Փորձ է արվում նոր սերնդի մեջ սոցիալական պատասխանատվության զգացում ամրապնդել։ Ինչպես ասում է հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը՝ իրենք ցանկանում են կրթել երեխաներին, որպեսզի հետագայում մարդն ու միջավայրը ավելի ներդաշնակ գոյատեւեն։ Ընդ որում՝ այդ ներդաշնակության մասին շատ լավ ակնարկվում է հիմնադրամի կողմից կազմակերպվող «Արեւորդի» էկո-փառատոնի ձեւավորման ու դիզայներական աշխատանքների մեջ, որտեղ ցայտուն ու էմոցիոնալ փաստերը միահյուսվում են պարզ ու բնական ֆորմաների հետ։ Շատ հաճախ արձաններ, բացիկներ, ապլիկացիաներ պատրաստելիս երեխաները որպես հումք օգտագործում են թափոնները՝ շշերը, տուփերը եւ վերամշակված տարբեր նյութերը։ Նրանց ստեղծածը, արվեստի գործ լինելուց բացի, նաեւ ցուցադրական երանգ է պարունակում, քանի որ ի ցույց է դրվում ահազանգը։ Եթե, օրինակ, «Կոկա-կոլայի» հազարավոր շշերը եղջերուներ կամ արջեր չդառնային, ապա ուրեմն քաղաքը շրջապատող աղբակույտերը մի քանի անգամ ավելի բարձր կլինեին։

Անցյալ տարի հիմնադրամը կարճատեւ, սակայն հնչեղ ակցիա էր կազմակերպել՝ մայրաքաղաքի մի քանի խոշոր խանութներից վերացնելով տոննաներով օգտագործվող ցելոֆանե տոպրակներն ու դրանք փոխարինելով էկոլոգիապես մաքուր, նկատելիորեն ավելի ամուր ու գեղեցիկ թղթե փաթեթ-պայուսակներով։ «1 տոննա վերամշակված թուղթը խնայում է 17 ծառ» գրառմամբ այդ պայուսակը, սակայն, արագ անհետացավ խանութներից։ Այն պատրաստելը բարդ գործ է, ցելոֆանը շատ ավելի էժան եւ հազար անգամ ավելի վտանգավոր է, մանավանդ այն դեպքում, երբ որպես աղբ ենթարկվում է այրմանը։ Հայտնի է, որ այրվող ցելոֆանը քաղցկեղ առաջացնող գործոն է, եւ ավելի սարսափելի բան, քան այրվող ցելոֆանի «բույրը» շնչելն է, կարող է համարվել թերեւս միայն ռադիոակտիվ ճառագայթման կիզակետում գտնվելը։

Հայաստանն ամեն տարի այնքան ցելոֆանե ու պլաստմասսայե տարաներ է օգտագործում, որ (հաշվի առնելով այդ արհեստածին նյութերի վերամշակման անհնարինությունը) շատ շուտով մեր հանրապետությունը կարող է վերածվել հսկայական ցելոֆանե բուրգի։ Արդեն իսկ փողոցում այնքան շատ են սավառնող գույնզգույն տոպրակները, որ թվում է` տոպրակներից պրծում չկա։ Նույնիսկ հողն է հագեցել «ցելոֆանային» հիշողությամբ եւ մուտացիաների է ենթարկվում։ Եվ եթե պլաստիկ աղբի ուտիլիզացիայի լուծման ծրագրերը չեն մշակվում պետական մակարդակով, ապա այդ գործը փոքր ծավալով սկսում են կատարել տարբեր հ/կ-ներն ու հիմնադրամները։ «Ի՞նչ անել վտանգավոր աղբի հետ» հարցը թերեւս միայն մեկ պատասխան ունի։ Պետք է որքան կարելի է քիչ արհեստական նյութ դնել ամենօրյա շրջանառության մեջ եւ ուշադրություն դարձնել ալտերնատիվ (այս դեպքում՝ օրգանապես մաքուր) փաթեթների ու տոպրակների վրա, որոնք բնությունից ծնված լինելով՝ ձուլվում են բնության հետ։ Չէ՞ որ նույնիսկ ամենաշքեղ ծաղկեփունջն է ավելի գեղեցիկ ու «առողջ» դիտվում, երբ ոչ թե ցելոֆանային, այլ թղթային ձեւավորում է ստանում։

«Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի ուշադրության կենտրոնում շուտով հայտնվելու են հենց ծաղիկները։ Այն ծաղիկները, որոնք ամեն տարի ապրիլի 24-ին դրվում են Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ, իսկ արդեն մի քանի օր անց որպես անպետք ու փտող մի զանգված՝ այրվում ու անհետանում են։ Սովորաբար ծաղիկների այդ զանգվածը 2-3 տոննա է կշռում, եւ հիմնադրամն առաջարկում է ավելի նպատակային լուծում տալ հարգանք ու հուշ խորհրդանշող այդ ծաղիկներին՝ վերամշակելով ու դրանց նոր կյանք պարգեւելով։ Նախատեսվում է ծաղիկներն ազատել ցողուններից, այնուհետ՝ չորացնել թերթիկներն ու օգտագործել «Արեւորդի» էկո-ակումբների սաների կողմից ստեղծվող բացիկներում ու նկարներում։ Հիմնադրամը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ու «Վիվա Սել» ընկերությունը ցանկանում են համայն հայության հիշողության ու սգո այդ օրը չավարտել ծաղիկների ոչնչացումով, այլ ավելի նրբանկատ գտնվել այդ արարողության հանդեպ ու ծաղիկը (չորացնելուց հետո) օգտագործել որպես զարդարանք։

Իսկ ցողուններից էլ պատրաստել հենց այն օրգանապես մաքուր տոպրակները, որոնց կարիքն այդքան զգում է Հայաստանը։