Ինչո՞ւ են Հայաստանում դոլարի փոխարժեքի «կարուսելային» տատանումները
ցավագին հետեւանքներ առաջացնում տնտեսության ու հասարակության տարբեր
շրջանակներում: Պատասխանը պարզ է, երեւույթը` բարդ. մեր տնտեսությունը
մեծապես դոլարիզացված է:
Դոլարիզացիան տնտեսագիտության մեջ նոր երեւույթ է, ինչպես դոլարը թողարկող
երկիրը` համաշխարհային պատմության մեջ: Ոչնչով աչքի չընկնող, մշակութային
ու պատմական անցյալ չունեցող ԱՄՆ-ը աշխարհում իր հեգեմոնիային հասավ հենց
իր արժույթի միջոցով: Այսօր ԱՄՆ դոլարի 55%-ից ավելին գտնվում է ԱՄՆ-ից
դուրս:
ԽՍՀՄ երկրներին վերջին հանգամանքը սպառնալ չէր կարող: «Երկաթյա
վարագույրը» անանցանելի էր նույնիսկ «ամենակարող» դոլարի համար:
Սոցիալիստական համակարգի փլուզմամբ եւ արտաքին հարաբերությունների
զարգացմամբ պայմանավորված` այսօր այդ հիմնախնդրի առաջ են կանգնած նախկին
ԽՍՀՄ երկրները, այդ թվում` մեր հանրապետությունը:
ՀՀ 1993 թ. ներդրեց իր պետական արժույթը, որի 14,5 միավորն առաջին օրը
հավասար էր 1 դոլարի: Դոլարի աճող պահանջարկը հանգեցրեց նրան, որ արդեն
կես տարի անց փոխարժեքը հատել էր 400 դրամի սահմանը: Այս փաստը բացատրվում
է հիմնականում ազգային արտադրության ծավալների կտրուկ նվազմամբ եւ «դրսի»
ապրանքներից կախվածությամբ. չէ՞ որ ներմուծվող ապրանքների դիմաց դոլարով
ենք վճարում… ու ոչ միայն ներմուծվող: Հայաստանից արտահանող
ընկերությունները հաստատ հայկական դրամով չեն «աշխատում», ուստի դոլարը
կրկին դոմինանտ դիրքեր է զբաղեցնում: Սա է մեր տնտեսություն ամերիկյան
փողի «ներխուժման» նախապատմությունը, որն էլ հանգեցրեց դրամի նկատմամբ
հասարակության տարբեր խավերի անվստահության արմատավորմանը: Նույնիսկ
ամենասովորական մանրածախ առեւտուրն իրականացվում էր դոլարով (թերեւս
գյուղատնտեսական մթերքները բացառություն էին կազմում): Բացի այդ,
բնակչության մեծ մասը արտասահմանից հսկայական օգնություն էր ստանում եւ
առանց դրամի վերածելու սպառում ներքին շուկայում: Տեղական բանկերում
ներդրվող ավանդների մեծ մասը նույնպես կատարվում էր դոլարով նույնիսկ այն
պարագայում, երբ դրամով ավանդների դիմաց բանկերի կողմից առաջարկվում էին
ավելի մեծ տոկոսադրույքներ:
Ո՞րն է հիմնախնդրի կարեւորությունը: ՀՀ ԿԲ-ն օրենքով իր առջեւ դրված
գերակա նպատակին` գների կայունությանը հասնելու համար իրականացնում է
դրամավարկային քաղաքականություն դրամական զանգվածի միջոցով: Վերջինս
տեղական բանկերում դրամով եւ արտարժույթով ավանդների ու շրջանառության մեջ
գտնվող դրամի եւ արտարժույթի ծավալների հանրագումարն է: Հայկական փողի
քանակը շրջանառության մեջ հայտնի է, քանի որ այն ԿԲ-ն է թողարկում, բայց
արտարժույթի ծավալները հաշվելը պարզապես անհնար է: Այնուամենայնիվ, ԿԲ-ն
2003 թ. հետազոտություն է կատարել, որի արդյունքում մոտավորապես պարզել է
վերջին ցուցանիշը: Արտարժույթի, այդ թվում` ԱՄՆ դոլարի, ծավալները
դրամական զանգվածում կազմում են մոտ 80% (ավանդները եւ կանխիկ փողը
միասին): Կոպիտ ասած, Հայաստանի փողերի գերակշռող մասը մերը չէ: Այդ
դեպքում, այն լիովին վերահսկելն էլ մեր ձեռքում չէ կամ… թվում է, թե մեր
ձեռքում չէ:
1994 թ. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին»
օրենք էինք ընդունել, համաձայն որի` ՀՀ-ում որպես օրինական վճարամիջոց
համարվում է միայն ՀՀ դրամը: Սակայն օրենքն ընդհանրապես չէր խանգարում, որ
մեր տոնավաճառներում եւ խանութներում ոչ միայն ապրանքները դոլարով
գնանշվեին, այլեւ շատ հաճախ հրաժարվեին դրամ ընդունելուց: Դրա համար էլ
1993-ից մինչ օրս դոլարիզացիայի մակարդակը, թերեւս ցածր տեմպերով, բայց
աճի միտում ունի: Օրենքի նոր տարբերակը, որն ուժի մեջ է մտել ս. թ.
հունիսի 28-ից, նախատեսում է վերահսկողության եւ պատժամիջոցների ավելի
խիստ մեթոդներ: Գուցե արդեն առեւտրի կետերում գները դոլարով նշված չեն,
սակայն առօրյայում շատ հաճախ կարելի է հանդիպել նման հարցական եւ «ոչ
օրինազանց» նախադասությունների. «Իսկ դոլարով ինչքա՞ն կլինի»: Ոչ մեկս էլ
հստակ չենք պատկերացնում, որ այսպիսի «անհամեստ արտահայտություններով»
նպաստում ենք այն բանին, որ դոլարի փոխարժեքի անսպասելի ու զսպանակային
տատանումներից վերջին հաշվով տուժում ենք հենց մենք, իսկ այս հարցում մենք
«մեր գլխին տեր չունենք», քանի որ ԿԲ-ն արդեն բազմիցս պաշտոնապես
հայտարարում է, որ փոխարժեքի կարգավորումն իր առաջնային խնդիրը չէ: Եվ
վերջապես, չպետք է մոռանալ, որ պետության հիմնասյուներից մեկը հենց
ազգային արժույթն է: