«Տնտեսության ստվերայնության առումով Հայաստանում իրավիճակը շատ հեռու է բարվոք լինելուց»,- երեկ հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Ըստ նրա, հայաստանյան տնտեսության տխուր իրականությունն այն է, որ հարկերի հավաքագրման մակարդակը, համեմատ տնտեսության իրական ծավալների, ծայրահեղորեն ցածր է, նույնիսկ աֆրիկյան ենթասահարայի երկրների չափանիշներով: Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես խոստովանել էր, որ կառավարությունը չի կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն: «Դա մեծ չարիք է ցանկացած պետության համար, եթե խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորությունների կատարումից: Այդ չարիքը խարխլում է պետության հիմքերը, հնարավորություն չի տալիս փոքր ու միջին բիզնեսին զարգանալու»,- ասել էր նա: Մեկնաբանելով վարչապետի այս հայտարարությունը, Գ.Տոլոսան ափսոսանքով նշել է, որ թեեւ իր ուշադրության տիրույթում է պահում արդյունավետ հարկային վարչարարության ապահովման հարցը, այնուամենայնիվ, անգամ ՀՀ կառավարության ջանքերին հիմնադրամի ցուցաբերած աջակցության պարագայում, ցանկալի արդյունք դեռեւս չի արձանագրվել: Նա ներկայացրել է նաեւ ԱՄՀ-ի` 2010թ. կտրվածքով ՀՀ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների նախնական կանխատեսումը: Ըստ այդմ` տարվա ավարտին կարելի է ակնկալել ՀՆԱ-ի 1,8 տոկոսի աճ: Գնաճը նույն ժամանակահատվածում կկազմի 6,2 տոկոս: