Երեկ Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններին: «Այդ լուրերն անհիմն են: Ես հիմա չեմ պատրաստվում վարչապետին կամ կառավարությունը փոխել: Երբ նման խոսակցություններ էին լինում այն ժամանակ, երբ տնտեսությունն անկում էր ապրում` 15, 16 եւ 17 տոկոս, եւ, ի դեպ, այդ խոսակցություններն ավելի քիչ էին, քան հիմա, ես դա ինչ-որ տեղ հասկանում էի: Այսինքն, եթե անկում կա, ուրեմն կարելի էր մտածել, որ մեր տնտեսական թիմն այնքան էլ կոմպետենտ չէ, չկարողացավ դիմակայել ճգնաժամին, կամ էլ թե` չկարողացավ կանխատեսել, որ կարող է գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամ լինել եւ այլն: Այն ժամանակ այդպիսի կարծիքները, միգուցե, կյանքի իրավունք ունեին: Բայց այսօր, երբ տնտեսությունը կամաց-կամաց վերականգնվում է, ի՞նչ իմաստ ունի խոսել տնտեսական թիմի փոփոխության մասին,- հայտարարել է Ս. Սարգսյանը` ավելացնելով,- Ինչ վերաբերում է կառավարության մի քանի անդամներ փոխելուն, ապա դա մշտական գործընթաց է: Նախարարներ միշտ էլ կարող են փոխվել, եւ դա ճգնաժամի կամ մեր ընդհանուր տնտեսական քաղաքականության հետ առնչություն չունի»: Եվ չնայած երեկ Ս. Սարգսյանը անդրադարձել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին` ասելով, որ վերջինս քաղաքականությունից չի էլ հեռացել, եւ որ ինքը նորմալ է վերաբերվում նրա հայտարարություններին ու ուղեւորություններին, այդուհանդերձ, ակնհայտ է, որ վարչապետի պաշտոնանկության լուրերի «անհիմն» լինելու մասին նրա հայտարարությունն ուղղված է առաջին հերթին Քոչարյանին ու այն քաղաքական ուժերին, որոնք վերջին շրջանում փորձում են Քոչարյանին վարչապետ նշանակելու հող նախապատրաստել: Այդ մասին է վկայում նաեւ Ս. Սարգսյանի այն արտահայտությունը, թե այսօր, «երբ տնտեսությունը կամաց-կամաց վերականգնվում է, ի՞նչ իմաստ ունի խոսել տնտեսական թիմի փոփոխության մասին»: Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը ներկայումս վարվող տնտեսական քաղաքականության քննադատությամբ ու «բնակարանաշինությանը զարկ տալու» առաջարկով հանդես էր եկել ընդամենը 2-3 շաբաթ առաջ, երբ պաշտոնական վիճակագրությունն արդեն արձանագրել էր, որ «տնտեսությունը կամաց-կամաց վերականգնվում է»: