Ապրենք միասին

10/04/2010

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությունում ունեցած իր ելույթում անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: «Հայերը արդեն ադրբեջանական տարածքներում ստեղծել են իրենց պետությունը: Մեր հողերում հնարավոր չէ ստեղծել մեկ այլ հայկական պետություն»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը` հավելելով, թե Ադրբեջանը երբեք չի համաձայնվի դրա հետ: «Հայկական կողմը որքան շուտ հասկանա դա, ապա դա լավ կլինի թե՛ նրանց, եւ թե՛ մեզ համար: Նման ձեւով հարցը կլուծվի մոտ ժամանակներում: Այնուհետեւ Կովկասում հնարավոր կլինի խաղաղություն հաստատել: Քանզի առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր չի լինի տարածաշրջանում որեւէ այլ նախաձեռնություն կամ քաղաքական բովանդակությամբ նախագիծ իրականացնել: Ղարաբաղյան հակամարտության` տարածաշրջանում ընդհանուր զարգացման կամ նոր հարաբերություններ ստեղծելու կոնտեքստից հանելու նպատակով ձեռնարկվող բոլոր փորձերը անիմաստ են: Դա չի լինի, քանզի դա հիմնական խնդիր է, եւ գլխավոր արգելքը պետք է վերացվի: Ադրբեջանը լիովին իրավունք ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու»,- ասել է Ալիեւը: Ըստ նրա` ադրբեջանական տարածքների «օկուպացման» գործընթացը 20 տարվա պատմություն ունի: «Պետք է վերջ տրվի դրան: Նրանց զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված տարածքներից: Նրանք, ովքեր ներկայումս ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ ադրբեջանցիները, որոնք միանշանակ կվերադառնան այնտեղ, պետք է ապրեն համատեղ` ինքնիշխան Ադրբեջանական պետության շրջանակներում` անվտանգության երաշխավորության հիման վրա, այսօր աշխարհում գոյություն ունեցող ինքնավարության բարձր կարգավիճակով: Այդ դիրքորոշումը ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Այդ դիրքորոշումը արտացոլում է նաեւ միջնորդների գործունեությունը եւ ըստ էությամբ նրանց` երկու կողմերին ներկայացրած առաջարկությունը»,- հայտարարել է Ի. Ալիեւը: