Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ` Ղրղըզստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար հետաքրքիր են մի քանի պատճառներով. «Ղրղըզստանը նման է մեզ` մոտավորապես բնակչության նույն թվաքանակը, մոտավորապես նույն տարածքը, լեռնային երկիր` առանց գյուղատնտեսության համար լավ պայմանների: Հարեւանները` Չինաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղըզստանի համար նույնն են, ինչ մեզ համար Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը: Ղրղըզստանում տեղի ունեցավ երկրորդ գունավոր հեղափոխությունը եւ տեղի ունեցավ գրեթե նույն սցենարով, ինչ առաջին անգամ, եւ գրեթե նույն պատճառներով»: Նա նաեւ նկատել է, թե Ղրղըզստանում տեղի ունեցող հեղափոխության պատճառն արդեն երկրորդ անգամ նույնն է` երկրի իշխանությունը կենտրոնացած է ընտանեկան կլանի ձեռքում: «Բակիեւի պարագայում ավելի, ավելի վատ էր, քան Ակաեւի ժամանակ, քանի որ նրա ընտանիքն ավելի փոքր էր, իսկ Բակիեւը 7 եղբայր ունի եւ մեկ որդի»,- նշել է Ա. Իսկանդարյանը:
Համեմատելով 2008թ. Հայաստանում տեղի ունեցած դեպքերը, Ա. Իսկանդարյանն ասել է, թե դրանք որեւէ նմանություն չունեն Ղրղըզստանի դեպքերի հետ: «Ճիշտ չէ ասել, որ Հայաստանում նույն բանն է տեղի ունեցել: Դրանք տարբեր մասշտաբի իրադարձություններ են: Հայաստանում երբ տեղի ունեցավ Մարտի մեկը, իշխանության հանձնում էր, որի ժամանակ սովորաբար թուլացում է տեղի ունենում, սակայն անիշխանություն չէր: Իսկ Ղրղըզստանում չեն կարողանում նույնիսկ ժամանակավոր նախագահի ընտրության հարցում համաձայնության գալ, միայն կառավարության ժամանակավոր ղեկավար են նշանակել: Եթե Բակիեւը պարտվի, պետք է փախչի երկրից: Բակիեւի հակառակորդները բոլորը բանտում են եղել: Հեռանալ քաղաքականությունից, այնտեղ նշանակում է` անհետանալ: Իսկ մեզ մոտ եւ՛ Տեր-Պետրոսյանը, եւ՛ Քոչարյանը ապրում են Հայաստանում, եւ ոչ՝ բանտում»,- ասել է քաղաքագետը: