FIDH-ի մասնակիցները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

10/04/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH)` հայկական ու թուրքական լիգայի անդամ կազմակերպությունները համաժողովի շրջանակում ընդունել են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ համատեղ բանաձեւ:

Բանաձեւով հայ եւ թուրք գործիչները երկու երկրների իշխանություններին ու հասարակություններին կոչ են անում համատեղել ջանքերը եւ ապահովել այնպիսի միջավայր, գործընթացներ, որոնք «թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ազգությունների, կրոնի եւ այլ հիմքերով խտրականության համար, ինչպես նաեւ հավատարիմ մնալ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպանության չափանիշներին»: «Այս ուղղությամբ առաջընթացը եւ Թուրքիայում ժողովրդավարական ձեւափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձեւավորեն Հայոց ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համարգ Տարածաշրջանում դեպի մարդու իրավունքները հարգանքն ապահովելու նպատակով հայցում ենք խոսքի ազատություն բոլոր երկրներում եւ առաջարկում ենք հրաժարվել բոլոր այն օրենքներից, գործողություններից, որ սահմանափակում են խոսքի ազատությունը, մասնավորապես հայ-թուրքական երկխոսությունը խոչընդոտող Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածից»,- նշված է բանաձեւի մեջ:

Արդյո՞ք այդպիսով թուրք իրավապաշտպաններն ընդունում են 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը. այդ հարցին նրանք հրաժարվեցին պատասխանել: «Դա շատ նուրբ հարց է եւ կարող է վտանգել կողմերի միջեւ հարաբերությունները: Այդ հարցին հոգեբանական մոտեցում է պետք: Մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ, սակայն ժամանակ է պետք, որպեսզի մեր ժողովուրդը ընդունի տարիներ շարունակ ասվածները: Այս խնդրի հետ կապված պաշտոնական որոշում չի ընդունվել: Սակայն ՄԻ միության Ստամբուլի բաժինը այսպիսի մի բաժին ունի, եւ մեր մոտեցումը զարգանալու է այն փաստաթղթի վրա, որ քիչ առաջ կարդացի»,- երեկ բանաձեւը լրագրողներին ներկայացնելիս ասաց թուրք իրավապաշտպան Յավուզ Օնենը:

Իսկ գուցե անհրաժեշտ է, որ Թուրքիան ի՞նքը ճանաչի Ցեղասպանությունը. այդ հարցին ազգությամբ թուրք մյուս իրավապաշտպան Յուսուֆ Ալաթասը պատասխանեց. «Խնդիրը միայն մի բառով չի կարելի արտահայտել, այս խնդրի հետ կապված բավականին քայլեր կան, որ պիտի արվեն: Օրինակ՝ այսօրվա բանաձեւն անգամ մի սկիզբ է»:

Բանաձեւի մեջ կային նաեւ «տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձեւերն ու դրսեւորումները» դատապարտող տողեր: Սակայն հայտնի է, որ տարածաշրջանում ռազմատենչ հայտարարություններով հիմնականում Ադրբեջանն է հանդես գալիս: Արդյո՞ք թուրք իրավապաշտպանները Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն են դատապարտում: Յ.Օնենը պատասխանեց. «Մենք դատապարտում ենք բոլորի ռազմատենչ հայտարարությունները: Եթե ռազմատենչ հայտարարություններ է անում Ադրբեջանը, մենք դատապարտում ենք նաեւ Ադրբեջանին: Բոլոր սահմանային եւ տարածքային վեճերը հանգում են մարդու իրավունքների ոտնահարումների: Մենք նաեւ դատապարտում ենք Թուրքիայի այն քայլը, որ զինվելու վրա մեծ գումարներ է ծախսում: Մենք ուզում ենք, որ այդ միջոցները բարօրության համար օգտագործվեն»:

Հայկական կողմից բանաձեւը նախաձեռնող` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արտակ Կիրակոսյանը հայ լրագրողներին հիշեցրեց, որ եթե թուրք իրավապաշտպանների հայտարարություններն այսօր մենք կարող ենք հերոսական քայլ համարել, ապա դա Թուրքիայում նրանց համար կարող է ճակատագրական լինել: «Մենք ճշմարտություններն ենք պաշտպանում, չենք մտածում, թե ինչպիսի վերաբերմունք կունենանք մեր երկրում: Անգամ ներողություն խնդրելու ստորագրահավաքի ժամանակ մեր դեմ դատ հարուցվեց: Սակայն ես դրա մասին չմտածեցի, որովհետեւ սա իմ խղճի խնդիրն է»,- ավելացրեց Յ.Ալաթասը:

Թուրք իրավապաշտպանները նաեւ նշեցին, որ իրենք Հրանտ Դինքի բարեկամներն են: «Թուրքիայում սպանելով Հ.Դինքին, սպանեցին մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը: Հրանտ Դինքի թաղման ժամանակ երբ ասացինք, թե հայ ենք, մենք անկեղծ էինք»,- ասաց Յ.Օնանը:

Այնուամենայնիվ, ավելացնենք, որ այս բանաձեւը թեեւ պաշտոնական փաստաթուղթ չէ, բայց բացառիկ է այն առումով, որ թուրք գործիչները ՀՀ-ում ընդունում են Թուրքիայի ու Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարություն: Միաժամանակ, որքան էլ թուրք իրավապաշտպանները պնդում էին, թե բանաձեւի ընդունման որոշումը ինքնուրույն են կայացրել, միամիտ կլիներ կարծել, թե այն համաձայնեցրած չի եղել ոչ միջազգային կազմակերպությունների, ոչ էլ Թուրքիայի հետ: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի նման պետությանը, եւ հատկապես, երբ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը գտնվում է գերտերությունների ու միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում:

Ավելացնենք նաեւ, որ Հայաստանից այս բանաձեւի նախաձեռնողներն են եղել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա», «Եվրոպական ինտեգրացիա», «Կովկասի ինստիտուտ», «Տարածաշրջանային զարգացման ու քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպությունները: Թուրքիայի կողմից` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի երեք հասարակական կազմակերպություններ: «Մենք ցանկանում էինք Հայաստան գալ, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները նորից վտանգված են: Մենք ցանկանում ենք բացել այն դռները, որոնք կողպել են պետական կողմերը: Մենք ցանկանում ենք մեր հայ գործընկերների հետ կողք կողքի նստել եւ մտածել մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության մասին: Մենք ուզում ենք մի նոր եղբայրական կամուրջ մեջտեղ հանել: Այս հավաքույթը մեր կողմից ընդունվում է որպես պատմական»,- եզրափակեց Յ.Օնենը:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաեւ FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը: Նա նախ հայտարարեց, որ չի ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե ինքը միացել է ընդդիմությանը: Ասաց, որ ՀՀ իշխանությունների հետ իր բոլոր հանդիպումներում ամենաբարձր մակարդակներով կարեւորել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ Մարտի 1-ի 10 սպանությունները բացահայտելու անհրաժեշտությունը: Ս.Բելասենի խոսքով՝ մեր իշխանությունները ընդունել են, որ ՄԻ-ի ոլորտում կան խնդիրներ, եւ նրա կարծիքով՝ կա այդ խնդիրները վերացնելու ցանկություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ս.Բելասենը խոսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի համաձայնագրին Հայաստանի միանալու անհրաժեշտության մասին: Բայց Ս.Սարգսյանը նրան պատասխանել է, թե «ՀՀ Սահմանադրությունը դեռ պատրաստ չէ, որ ՀՀ-ն միանա Հռոմի համաձայնագրին»:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ միջազգային կառույցներն այս համաժողովի մասնակիցների միջոցով ՀՀ իշխանությունների առաջ Հռոմի համաձայնագրին միանալու կտրուկ պահանջ են դրել: Համաձայնագրին Հայաստանի ու Թուրքիայի միանալու կոչ կար նաեւ վերը նշված բանաձեւում: Հիշեցնենք նաեւ, որ FIDH-ի համաժողովի բացման օրը Երեւանում էր եւ ելույթ ունեցավ Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Եվ կարծես թե իմիջիայլոց Ս.Բելասենն ասաց, թե համաժողովի ժամանակ խոսել են նաեւ Միջազգային դատարանին ներկայացած եւ կալանավորված բոլոր հայտնի բռնակալների մասին: FIDH-ի նախագահը շեշտեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալների հարցը շատ կարեւոր է եւ «միջազգային առումով դրված հարց է»: «ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, մահեր ցույցերից, նաեւ արդարադատության հետ կապված խնդիր»,- եզրափակեց Ս.Բելասենը:

Հիշեցնենք, որ Ս.Բելասենն ու համաժողովի այլ մասնակիցներ ՀՀ իշխանություններից պահանջել էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, նրանց նկատմամբ իրականացնել արդարադատություն, ՀՀ-ում վերականգնել արդար դատաքննության իրավունքը, եւ այլն: Իսկ FIDH-ի պատվավոր նախագահ Պատրի Բորդուենը հայտարարել էր, որ «Համաժողովն անցկացնելու համար Հայաստանն ենք ընտրել, որովհետեւ այստեղ արդարադատությունը չի համապատասխանում ՄԻ եվրոպական չափանիշներին, այստեղ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան»: ՀՀ իշխանություններին նման պահանջներ է ներկայացնում նաեւ Եվրոպայի խորհուրդն իր բանաձեւերում: Տիկին Բելասենը դրական պատասխանեց մեր այն հարցին, թե արդյո՞ք համաժողովն այստեղ անցկացնելու եւ նման պահանջներ ներկայացնելու հարցը նախապես որոշվել է եվրոպական կառույցների հետ: «Այստեղ կային ներկայացուցիչներ նաեւ ԵԽ-ից, ԵՄ-ից, Եվրոպական դատարանից: Նրանք ոչ միայն մասնակցել են մեր աշխատանքներին, եղել են նաեւ փոխանակումներ այս առումով: Կարեւոր է, որ մենք մասնակցում ենք այդ լոբբինգին»,- պատասխանեց Ս.Բելասենը: