Հասարակ քաղաքացու պաշտպանվածության հարցը սուր է դրված հատկապես ՀՀ
մարզերում, ուր որոշ դեպքերում քաղաքացին լիովին իրավազուրկ է։ Տեղի
իշխանության ներկայացուցիչները հենց իրենք են խախտում օրենքը, եւ
քաղաքացու բոլոր բողոքները զուր են անցնում՝ հանդիպելով հանցավոր
անտարբերության եւ անուշադրության: Ասվածի ապացույցն է օգոստոսի լույս
20-ի գիշերը Տաշիրի տարածաշրջանի, Ղարախաչե կոչվող ամառային արոտավայրից
խոշոր եղջերավոր անասունների գողության փաստը: Մի գիշերվա ընթացքում,
ամառային բնակավայրում գտնվող 300 գլուխ անասուններից գողացել էին Օձուն
գյուղի բնակիչ, երկու երեխայի հայր Դավիթ Մակիչյանի վարձակալությամբ
վերցված 22 գլուխ կովը, 3 երինջը եւ 1 մոզին: Դավիթ Մակիչյանը դիմում է
Տաշիրի տարածաշրջանի ՆԳ վարչություն: Օգոստոսի 20-ի ժամը 13-ին դեպքի վայր
ժամանած Տաշիրի տարածաշրջանի Քրեական հետախուզության պետ Վալերի
Ավետիսյանը, նույն բաժնի աշխատակից Հմայակ Սաղածյանը եւ անչափահասների
բաժնի աշխատակից Օտտո Նաբոեւը, առանց տեղազննության, առանց հարեւանների
հարցաքննության եւ օպերատիվ հետաքննչական աշխատանքների հայտարարում են, որ
գողությունը կատարել են հարեւան Վրաստանի բնակիչ ադրբեջանցիները, եւ որ
անասունները արդեն հատել են սահմանը: Նշում են նաեւ ենթադրյալ գողերի
անունները: Տեսնելով ՆԳ աշխատակիցների անտարբերությունն իրենց տարածքում
կատարված խոշոր չափի հանցագործության նկատմամբ, Դ. Մակիչյանը ինքն է
ձեռնարկում կորած անասունների որոնումը: Նրա որոնումների արդյունքում
անասունների սահմանի անցման ոչ մի հետք չի բացահայտվում, ավելին, լինում
են հարեւան հանրապետության ամառային արոտավայրերում, եւ տեղի բնակիչներին
հարցում կատարելով` պարզում, որ ՆԳ աշխատակիցների կողմից նշված՝
գողությունն իրականացրած ադրբեջանցիներից մեկը 70-ն անց ծերունի է, մեկը
գտնվում է բանտում, իսկ մյուս երկուսը, 10 տարի է, ինչ բացակայում են
Վրաստանից: Որոնումների արդյունքում նաեւ ի հայտ է գալիս, որ անասունների
հետքը կորչում է գողության վայրից 7 կմ հեռավորության վրա գտնվող
Կարակալլա գյուղի մոտակայքում: Ըստ տուժողի, այդ բոլոր տվյալները ՆԳ
աշխատակիցներն ընդունել են քմծիծաղով: Հարկ է նշել, որ տուժողի եւ մոտ 13
կովատերերի բազմաթիվ բողոք-դիմումները` Տաշիրի ՆԳ բաժնի պետ, փոխգնդապետ
Գ. Այվազյանին եւ պետի տեղակալ Սուքիասյանին, զուր են անցել: Ավելին,
Մակիչյանի հարեւան Արմեն եւ Էդիկ Կոնստանդյաններն իրենց վարքագծով Դ.
Մակիչյանի մոտ կասկած էին հարուցել գողությանը մասնակից լինելու առումով,
բայց դեպքից 5 օր հետո սույն եղբայրներին այդ ժամանակավոր կացարանից
տեղափոխել են Տաշիրի Բլագադարնոյե գյուղը: Ըստ տուժողի, Արմեն եւ Էդիկ
Կոնստանդյանները պահում են այդ համայնքի ղեկավար Մերուժան Ավետիսյանի (որը
Տաշիրի տարածաշրջանի քրեական վարչության պետ Վ. Ավետիսյանի հարազատ
եղբայրն է) անասունները: Չնայած Դ. Մակիչյանն այդ կասկածները բազմիցս
պնդել է, սակայն կրկին քար լռությունն է եղել: Կարելի է ենթադրել, որ
գողությունը կրել է կազմակերպված բնույթ: