Վատ մոռացված «լոլոների» մասին

10/04/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Կառավարության վերջին նիստի մասին պատմող հաղորդագրությունները հիշեցնում են լրագրության դաշտում ավագ գործընկերներիցս մեկի պատմած մի պատմություն: Ասում էր, որ իր ծանոթ լրագրողներից մեկը տասնյակ տարիներ լրագրությամբ զբաղվելուց հետո արդեն «գռդոն» էր անում. վերցնում էր մի քանի տարի առաջ իր իսկ տպած հոդվածները, փոքր-ինչ ձեւափոխում՝ հարմարեցնելով տվյալ ժամանակին, ու նորից տպագրում։

Նույն գործելաոճի օգնությանը դիմում է նաեւ մեր կառավարությունը։ Ընդ որում, եթե վերը նշված լրագրողը գոնե մի քանի տարի առաջվա իր մտքերն էր կրկնում, իշխանությունները ավելի անհամբեր են՝ մեկ տարի էլ չեն սպասում։

Այսպես, կառավարության հինգշաբթի օրը կայացած նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով խոշոր ձեռնարկությունների գործունեության մասին՝ ուշադրություն հրավիրեց նաեւ պետական պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելու անթույլատրելիության վրա։ «Կարծում եմ, որ խոշոր ձեռնարկությունների դաշտում թափանցիկություն ապահովելու ամենահզոր գործիքը հրապարակայնությունն է, եւ մենք այդ ռազմավարությունն ենք իրականացնում։ Եթե սրան ավելացնենք մեր էթիկայի հանձնաժողովների ձեւավորման պարտավորությունը, որը հնարավորություն է տալու վերահսկողության տակ վերցնել պատգամավորներին եւ նախարարներին եւ թույլ չտալ, որ նրանք անմիջականորեն զբաղվեն բիզնեսով, կարծում եմ, մեր հասարակության մեջ վստահությունը խոշոր բիզնեսի նկատմամբ կավելանա, ինչի կարիքը մենք ունենք»։

«Վարչապետը վճռական է տրամադրված»,- երեւի մտածեցին ոմանք։ Գուցեեւ վճռական է տրամադրված, սակայն 11 ամիս առաջ՝ նախորդ տարվա մայիսին, կարծեմ պակաս վճռականորեն չէր տրամադրված։ Իսկ ի՞նչ էր ասում նա այդ ժամանակ։ Հավաստիացնում էր, որ Հայաստանում ներդրվում է շահերի բացահայտման ինստիտուտ, այսինքն՝ մի մեխանիզմ, որը պետք է բացահայտի պաշտոնատար անձանց` պատգամավորների, կառավարության անդամների եւ այլոց շահերը, եւ թույլ չտա, որ նրանք բիզնեսով զբաղվեն։ Բնակչության լայն զանգվածներին ոչինչ չասող այդ արտահայտությունը կառավարության համար շատ լուրջ նշանակություն ուներ։ «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետեւ ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետեւ ՀՀ-ում լիակատար իրացվում է»,- խրոխտ տոնով անցած տարի հայտարարում էր նա։ «Ռեալ մեխանիզմները ներդնելուց» ի վեր անցել է շուրջ մեկ տարի, սակայն կարո՞ղ եք ասել՝ այդ ընթացքում քանի՞ պատգամավորներ ու նախարարներ են բացահայտել իրենց շահերը, դադարել զբաղվել բիզնեսով։ Միգուցե իշխանության վերնախավին նման դեպքեր հայտնի են, սակայն մեզ թվում էր՝ դա առաջին հերթին պետք է հասարակության համար տեսանելի լիներ։ Մի խոսքով՝ կառավարությունում մեծ տեղ են տալիս այն արտահայտությանը, որ՝ ամեն նորը լավ մոռացված հինն է։ Տվյալ դեպքում, իհարկե, հինն ու նորը վերաբերում են ոչ թե կոնկրետ գործին, այլ պարզապես խոսքերին, քանի որ մեր իշխանությունների համար կարեւորը խոսելն է։

Ի դեպ, նույնը կարելի է ասել նաեւ վերջին նիստի «մեխի»՝ խոշոր ընկերությունների գործունեության մասին։ «Մեզ քննադատում են, որ մենք չենք կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն, եւ ես այդ քննադատության հետ համաձայն եմ։ Եթե խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորությունների կատարումից, ապա դա մեծ չարիք է ցանկացած պետության համար։ Մեծ չարիք է, որովհետեւ դրանով խարխլվում են պետության հիմքերը, փոքր ու միջին բիզնեսին հնարավորություն չի տրվում զարգանալ»,- հինգշաբթի օրն ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Մեկ տարի առաջ նույնպես խոշոր բիզնեսի թեման զբաղեցնում էր պաշտոնական լրահոսի «հիթ-շքերթի» առաջին հորիզոնականները։ Այն ժամանակ քննարկվում էր 4 միլիարդից ավելի շրջանառություն ունեցող ընկերություններում մշտական հարկային ներկայացուցիչ ունենալու նախաձեռնությունը։ Այսօր «հիթերի» շարքում դրան փոխարինել է պարտադիր արտաքին աուդիտի թեման։ Ապրիլի 1-ին Ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն 285 ձեռնարկությունների ցանկը, որոնք 2009թ. ունեցել են 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն եւ պարտավոր են այս տարի հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները՝ արտաքին աուդիտորի եզրակացությամբ։ Իրենք՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, մասնավոր զրույցներում բողոքում են, որ սա «փող կլպելու» հնարքներից մեկն է։ Խոշոր ընկերության աուդիտը բավականին թանկ հաճույք է։ Իսկ աուդիտորական ընկերությունների մեծ մասը, ըստ բողոքողների, գործում է Ֆինանսների նախարարության տանիքի ներքո։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է իշխանական վերնախավին մոտ կանգնած բիզնեսի՝ աուդիտորական ընկերությունների բարգավաճման համար։ Մինչդեռ կառավարությունը հակառակն է պնդում՝ հավաստիացնելով, որ հաշվետվությունների հրապարակումը հանրությանը հնարավորություն է տալու վերահսկել իրենց, որովհետեւ «դրանց հիման վրա հնարավոր է իրականացնել ինքնուրույն վերլուծական աշխատանք եւ տեսնել, թե արդյո՞ք այդ խոշոր ձեռնարկությունները կատարում են պետության նկատմամբ իրենց պարտավորությունները»։ «Մտավախություն կա, որ հիմնական հարկային բեռը ճգնաժամային տարվա ընթացքում ընկել է ոչ թե խոշոր, այլ փոքր եւ միջին բիզնեսի վրա, եւ մենք պարտավոր ենք փարատել այս բոլոր կասկածները»,- ասում է վարչապետը։

Միգուցե ավելի ճիշտ կլիներ հարցը այլ կերպ ձեւակերպել՝ արդյո՞ք պետությունը կատարում է ժողովրդի նկատմամբ իր պարտավորությունները։ Ի վերջո, հարկերը ինքնանպատակ չեն վճարվում. դրա դիմաց հարկավոր է ինչ-որ բան անել բիզնեսի համար, կամ՝ գոնե չխանգարել։