Տաք ջրով լցված շիշ

10/04/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխարհագրությունը (ՀՀ մայրաքաղաք Երեւան), համաժողովի բացմանը կազմակերպության նախագահի պահանջն իշխանություններին` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն «արդյունավետ» քննել եւ վերաբացել «Ա1+»-ը, ինչ խոսք, հաճելի իրադարձություններ էին: Բավական հուզիչ մթնոլորտում էր անցել իրավապաշտպանների հանդիպումը քաղբանտարկյալների, նրանց եւ Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Եթե այս ամենին գումարենք նաեւ համաժողովի մասնակիցների ակտիվ ներկայությունը ՀԱԿ-ի հանրահավաքին, ապա կարելի է համաձայնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ` այդ հանրահավաքի էներգետիկ ֆոնը նմանը չուներ: Սա` ընդդիմության համար:

Ի սկզբանե ակնհայտ էր` իշխանությունների համար այս համաժողովի մասնակիցների կոչումը` մարդու իրավունքների պաշտպանություն, նախ` ականջի համար հաճելի չէր: Առավել տհաճ էր քննարկման նյութը` Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, ՀՀ դատական համակարգը: Բացի սա` համաժողովին ներկա ընդդիմադիրներն` իրենց ռեպլիկներով, ելույթներով ներկայացնում էին Հայաստանի արդարադատությունն ու իշխանություններին, ինչպես որ են: Եվ այդքանից հետո նրանք դեռ ազատորեն շրջում էին դահլիճում: Սա արդեն նյարդայնացնող էր. իրավիճակը թույլ չէր տալիս անմիջապես, առանց ժամանակ ձգելու, նրանց իրավունքներն ըստ ամենայնի ոտնահարել` նվաստացնել, հարվածել, հայհոյել: Իշխանություններն իրավապաշտպանների համաժողովի ողջ ընթացքում արեցին այն, ինչի հնարավորություն ունեին` թուլացան եւ փորձեցին վնասների փոխարեն հաշվել օգուտները: Երեւանո՞ւմ է կազմակերպվել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովը: Հետեւաբար` Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, ուր ժողովրդավարության բարձր մակարդակը թույլ է տալիս հավաքվել այս մարդկանց, ավելի՛ն` նաեւ մասնակցել ընդդիմության հանրահավաքին, անգամ` կանգնել հարթակում: Եվ հետո, լրատվամիջոցները նշում էին` համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 400 իրավապաշտպան: Իսկ իշխանությունների համար 400 իրավապաշտպանը նախեւառաջ 400 զբոսաշրջիկ է: Իսկ սա նշանակում է` հյուրանոցային 400 համար, այցելություններ հանրապետության տեսարժան վայրեր, նախաճաշ, ճաշ, ընթրիք: Ի վերջո, հրապարակումներ աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցներումգ

Սակայն պարտադիր չէ իշխանության մեջ լինել` հասկանալու համար, որ իրավապաշտպանների վերոնշյալ հանդիպումները, 37-րդ համաժողովն` ինքը, սոսկ հասարակությանը լավ տրամադրություն, հույս ներշնչող միջոցառում էր: Բայց կարծել, թե այս համաժողովը կարող է արդյունավետ լինել քաղբանտարկյալների ազատ արձակման, «Ա1+»-ի վերաբացման կամ Մարտի մեկի մարդասպանների բացահայտման առումով, իրատեսական չէ:

Նախ` «Ա1+»-ը շուտով կնշի եթերից զրկվելու «հոբելյանը»` տասը տարին: Միջազգային պատկան ատյանները, անգամ Եվրոպական դատարանն է իրավաբանորեն հաստատել իշխանությունների կանխակալությունն ու պահանջել` վերաբացել «Ա1+»-ը: Ինչպես տեսնում ենք, երկրի ղեկավարությունը չի շտապում կատարել իր պարտավորությունը, քանի որ, ստացվում է, միջազգային իրավապաշտպան կառույցները, Եվրոպական դատարանը մեր երկրում հեղինակություն առանձնապես չեն վայելում:

Քաղբանտարկյալների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի` աննախադեպ խախտումներով դատավարությունը տեղի է ունեցել բոլոր դեսպանատների, իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչների աչքի առաջ: Այս անգամ էլ միջազգային բազմաթիվ հեղինակավոր կառույցներ են հորդորել երկրի նախագահին` ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այսօր բոլոր քաղբանտարկյալները` նույն կազմով, անազատության մեջ են: Մարտի մեկի իրադարձությունների «արդյունավետ քննության» մասին համաժողովի մասնակիցների հորդորներն արդեն ուշացած են. իշխանության ներկայացուցիչը վաղուց է հայտարարել` Մարտի մեկի էջը փակված է:

Իրավապաշտպաններ կան նաեւ Հայաստանում: Այսինքն` կան կազմակերպություններ, որոնք կոչված են պաշտպանել մեր իրավունքները: Սակայն իրավապաշտպանությունը կոնկրետ մեր երկրում արհեստական բույս է հիշեցնում` պլաստմասսե կարմիր ծաղիկով: Որպես բուտաֆոր` ներկայացնում ենք միջազգային համաժողովներին, հետո թաքցնում խորդանոցում:

Ամեն դեպքում, Հայաստանում մարդու իրավունքների, արդարադատության թեմաներով համաժողովներ եթե անգամ անհրաժեշտ են, ապա ամենեւին ո՛չ իրավապաշտպանների մասնակցությամբ: Պետք են հոգեբանների, հոգեբույժների, փիլիսոփաների, բժիշկ նյարդաբանների մասնակցությամբ համաժողովներ: Այսինքն` երբ մարդը ոտնահարում է իր նմանի իրավունքը եւ դրանից հաճույք է ստանում, եթե իշխանավորը, ով եզակի հնարավորություն ունի ինչ-որ բան շտկելու իր երկրում, բայց գիտակցաբար տապալում է գործը, խնդիրը իրավական չէ: Դրա պատճառը իրադարձությունների ոչ ադեկվատ ընկալումն է: Մի խոսքով, փիլիսոփայություն չունենալը:

Քանի որ այս խնդիրները Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի քննարկման առարկա չէին, հետեւաբար խանդավառվել, որ նույն օրը, նույն քառակուսի մետրերի վրա այսքան իրավապաշտպան էր հավաքվել, գուցե արժե, սակայն ոչ այսքան անկեղծորեն: Առհասարակ, իրավապաշտպանների ներկայությունը մեր կյանքում հիշեցնում է օրերս «Holiday inn» հյուրանոցային ցանցի` հաճախորդներին առաջարկվող նոր ծառայության մասին: Հյուրանոցները անվճար ծառայություն են առաջարկում իրենց հաճախորդներին` մարդ, ով կտաքացնի Ձեր անկողինը: Հյուրանոցային ցանցի մամուլի քարտուղարը, ըստ ինտերնետում հայտնված կարճ հաղորդագրության, պարզաբանել է. «Դա նույնն է, ինչ անկողնու մեջ տաք ջրով լցված շիշ դնեք»: Ինչպե՞ս է տեղի ունենում գործողությունը. անկողին մտնելուց հինգ րոպե առաջ Ձեր խնդրանքով ադմինիստրացիան հյուրանոցի Ձեր համար է ուղեւորում սպասավորի` հատուկ ստերիլ հագուստով, որը հիշեցնում է նորածնի հագուստ. հագուստը նրան ծածկում է ամբողջությամբ` ներառյալ մազերը: Այդ արարածը ուղիղ հինգ րոպե մտնում է Ձեր անկողին, իր մարմնի ջերմությամբ տաքացնում այն, հետո չքվում: Իսկ դրանից հետո տաք անկողին եք մտնում Դուք եւ քնում մանկան անվրդով քնով:

Սպասավորն անկողինը տաքացնում է, սակայն միայն առաջին հինգ րոպեն: Տաքությունը ողջ գիշեր պահելու համար, այնուամենայնիվ, անհրաժեշտ է օգտվել սեփական մարմնի ջերմությունից: