Ազատավան գյուղի վերաբերյալ հրապարակած մեր հոդվածից հետո երեկ խմբագրություն է զանգահարել Ազատավան գյուղի բնակիչներից մեկը: Վերջինս զայրացած էր իր համագյուղացիների վախվորած վիճակի վրա, թեեւ ինքն էլ խուսանավեց ներկայանալ:
«Լավ, մի հատ ինչի՞ չհարցրեցիք գյուղացիներին` ինչի՞ եք վախենում: Էսօրվա դրությամբ ոչ մեկը գյուղացու մասին չի մտածում: Ողբալի վիճակ ա: Մարդիկ վախենում են: Դրա համար մենք ենք մեղավոր: Էսօր մեր գյուղում ամեն ինչ թալանված-վաճառված ա»,- ասաց նա` հանգամանորեն անդրադառնալով գյուղում մինչ օրս վաճառված հողատարածքներին ու գյուղական համայնքի ղեկավար Խաչատուր Սարգսյանի անօրինական գործարքներին: Ըստ նրա` դեռեւս տարիներ առաջ Ազատավանի բնակիչներից մեկը` դաշնակցական Հայրոն, ընդամենը 448.000 դրամով գնել է Մշակույթի պալատը: Ի դեպ, Մշակույթի պալատի շենքին կից գործում է նաեւ գյուղի միակ բուժկետը, որի ծառայությունների որակից դժգոհում էին գյուղի բնակիչները: «Ախր, Կուլտուրայի տան հետ պիտի էդպես չվարվեր: Ինքը (գյուղապետը) իրավունք չուներ: Դրա մի մասն էլ գյուղի բուժկետն ա, որը փլման եզրին ա»,- ասաց խմբագրություն զանգահարած կինը: Իհարկե, պետք է նկատել նաեւ այն, որ գյուղապետի «բարձր» հովանու ներքո գյուղը երկար չմնաց առանց Մշակույթի տան: «Էսօր ինչ ուզում՝ անում են: Կուլտուրայի տունն առած դաշնակ Հայրոն գյուղում իրան փիղ ա զգում: Էդ «Հրաշք աշխարհ» մեծ խանութը, որ սարքել ա, դրա տեղն առաջ փոքր խանութներ էին: Էդ լրիվ փակել տվեցին-հավաքեցին»,- շարունակեց գյուղի խնդիրների մասին խոսող կինը, ով, այնուամենայնիվ, այդպես էլ չցանկացավ ներկայանալ: Վերջինս անդրադարձավ նաեւ գյուղի մեկ այլ ձեռներեցի` Պետրոսի (կինն այդպես էլ չհիշեց ձեռներեցների ազգանունները) ապօրինի շինարարությանը, որը ոչ թե դաշնակցական է, այլ`
ԲՀԿ-ական: «Առաջ մեր դպրոցի շենքը սիրուն երեւում էր: Հետո անօրինական ձեւով ծախեցին Պետիկի վրա: Էս էլ եկավ մեծ շենքեր կառուցեց ու ամբողջ տեսադաշտը փակեց: Դպրոցին մնացել է մի նեղ ճանապարհ, որտեղով էրեխեքը գնում-գալիս են: Իսկական ավարիայի բուն ա»,- ընդգծեց խմբագրություն դիմած կինը` այս անգամ էլ պատմելով գյուղի դպրոցի տնօրեն Էմմա Նիկողոսյանի մասին: Վերջինս, ըստ ազատավանցի տիկնոջ, ապրում է Կանաչուտ գյուղում: «Նիկողոսյան Էմման դպրոցի տնօրենների մոտ ասում ա, որ Ալիկ Սարգսյանն իրա մեջքին ա կանգնած: Դրանով ինքը նաեւ ծնողներին ա վախեցնում: Իսկ է՞ն, որ էրեխեքի վրա բերում ա թատրոնի տոմսեր ա ծախում կամ թերթի համար փողեր ա հավաքում: Էս վերջերս էլ մի աղքատ ուսուցչուհու հեռացնել տվեց այն պատճառաբանությամբ, թե իբր անգրագետ էր: Բայց էդ կինը համալսարան էր ավարտել»,- շարունակեց Ազատավան գյուղի բնակիչը` նշելով, որ դպրոցի շենքին կից որոշակի հողատարածք է գնել Արամ Սարգսյանի Արմեն անունով նախկին թիկնապահը: «Մի խոսքով, գյուղում թալանով են զբաղված»,- ասաց խմբագրություն զանգահարող կինը` խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը: «Հետո մեծ խնդիրների առաջ կկանգնեմ»,- ասաց նա:
Չի բացառվում, որ խմբագրություն զանգահարած «վրդովված» ազատավանցի կինը, ով թվարկում էր գյուղում կատարվող անօրինականությունները, նաեւ անձնական շահագրգռվածություն ունի, սակայն անկախ ամեն ինչից՝ պետք է նկատել, որ գյուղի բնակիչները, որոնց ես հանդիպեցի հենց Ազատավանում, ապրում են վախվորած ու հուսահատ: Նրանք լռում են իրենց՝ տեղական իշխանությունների կողմից կատարվող անօրինական գործողությունների մասին` վստահ լինելով, որ խոսելու դեպքում իրենցից կկտրեն նաեւ մի կտոր հացը: Այս պարագայում անհասկանալի է Ազատավան գյուղի ղեկավար Խաչատուր Սարգսյանի խուսափողական վարքագիծը, որն իր սենյակի եվրոպատուհանից հաստատ չի էլ նկատում գյուղի միակ բուժկետի հնամյա ցուցափեղկը, որին նայելիս չես էլ երեւակայի, թե այդտեղ գործում է բուժական հաստատություն: Այս ամենին մարդիկ հարմարվել են այնպես, ինչպես գյուղի փողոցներում ջրի հերթ կանգնած դույլերն ու ծորակից անշտապ հոսող ջուրը:
Հ.Գ. Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաեւ խմբագրություն զանգահարած տիկնոջ թվարկած ապօրինությունների մասին հակափաստարկները: