Ընտանեկան բռնությունները լայն տարածում ունեն

10/04/2010

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում 2009թ. իրականացված համապետական հարցման ընթացքում կանանց բաժանվել են նաեւ ծրարներ ժպտացող եւ լացող դեմքերի նկարներով, եւ հարցվողները պետք է միայն նշեին, թե իրենք իրենց ո՞ր դեմքի հետ են նույնացնում: Հայ կանանց մոտ 70 տոկոսն իրեն նույնացրել է լացող դեմքի հետ` այսպիսով հաստատելով, որ դժբախտ է ընտանիքում: 45-ամյա Կարինեին (անունը փոխված է) իր ամուսնական կյանքի 20 տարիներից հիշատակ են մնացել բազում սպիներ, որոնցից ամեն մեկը մի դժբախտ կյանքի պատմություն է: Երեւանից մոտ 18 կմ հեռու Աբովյան քաղաքում ապրող Կարինեն ամուսնացել էր երեւանցի մի տղայի հետ, որին հանդիպել էր Մանկավարժական համալսարանում ուսանելու տարիներին: Սակայն ամուսնությունից ի վեր նա ցանկանում է հիշել միայն հարսանիքի օրը. «Հետո ամեն ինչ փշրվեց ու վերածվեց իսկական դժոխքի»: «Ծեծն ամեն օր էր, հարբած վիճակում չէր էլ հիշում, որ հղի եմ, հետո ծեծում էր նաեւ երեխաների ներկայությամբ, հաճախ նրանց էլ ծեծելով ստիպում, որ միանան իրեն»,- պատմում է Կարինեն: «Մարմնիս սպիները կարող եմ անտեսել, իսկ հոգուս վերքը երբեք չի սպիանում, չեմ մոռանում ու զայրանում եմ ինքս իմ վրա էլ, որ էնքան ուժ չունեմ կյանքիս վերջ տալու համար»,- արցունքից փայլող կանաչ, մեծ աչքերը սրբելով`ասում է Կարինեն: Երեք երեխաների մայր Կարինեն երկու անգամ ինքնասպանության փորձ է արել, երկու անգամն էլ երեխաներն են փրկել նրան: «Գոմում կախվել էի, գիտեի՝ երեխեքը կողքի բակում պահմտոցի էին խաղում, մեկ էլ 10 տարեկան Մհերս մտավ գոմ թաքնվելու, մտավ ու սկսեց գոռալ, ոտքերիցս բարձրացնել, եկան հանեցին, բայց դրանից հետո էլ բան չփոխվեց, ծեծն ու նվաստացումն ավելի ուժեղացավ»,- ասում է Կարինեն ու ձեռքով շոյում երեխաների նկարները, որոնց մանկատուն է հանձնել` ամուսնուց հեռու պահելու նպատակով: Գլխին ստացած լուրջ վնասվածքների հետեւանքով` Կարինեն գրեթե կույր է, ապրում է մենակ ու գոյատեւում 30.000 դրամ հաշմանդամության նպաստով: 20 տարվա ընթացքում նա չի դիմել ո՛չ Ոստիկանություն, ո՛չ էլ բարեկամների օգնությանը, քանի որ «ամոթ էր»: Մի պատճառ, որ շատ հայ կանանց է ստիպում լռել:

«Կանայք դեռ չափազանց դժկամությամբ են խոսում այս թեմայով, ոչ միայն խուսափում են, այլ նաեւ հերքում են, որոշ դեպքերում էլ դա ընդունում են որպես օրինաչափ երեւույթ»,- պարզաբանում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան: Ծրագրի շրջանակներում անցկացրած հարցման ընթացքում պարզվել է, որ չնայած հարցման մասնակիցների 80%-ն իր դեմ կիրառվածը բռնություն է համարում, միայն 15%-ն է համաձայն բարձրաձայնել այդ մասին: «Կանայք հրաժարվում են խոսել այդ թեմայով, սակայն տարբեր, ոչ ուղղակի հարցերի միջոցով պարզել ենք, որ խնդիրը բավական մեծ է: Հիմնական պատճառը, որ կանայք չեն ազատվում այդ իրավիճակից ու ապահարզանի չեն դիմում, ամոթն է, տնտեսական կախվածությունը եւս կարեւոր գործոն է, սակայն ամոթն առաջին տեղում է»,- պարզաբանում է Սարգիզովան:

Ըստ «Amnsety International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2008թ. հետազոտության տվյալների` 10 հայ կանանցից ավելի քան երեքն ընտանիքում ենթարկվում է ֆիզիկական բռնության, իսկ նրանց երկու երրորդն էլ` հոգեբանական ճնշման: 2004թ. «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի կողմից 1200 կանանց շրջանում իրականացված հետազոտությամբ` մոտ 41 տոկոսն էր ենթարկվում բռնության, որոնց յուրաքանչյուր 4-րդ դեպքը կատարվում էր երեխաների ներկայությամբ: Սակայն Սարգիզովան, ով կանանց բռնության հարցերով զբաղվում է դեռեւս 90-ականներից, նշում է, որ հասարակության ընկալման լուրջ փոփոխություն է արձանագրել: «Մենք եկել ենք խնդրի լրիվ մերժումից, երբ պարզապես թե՛ ցածր եւ թե՛ ամենաբարձր օղակներում պնդում էին, թե Հայաստանում նման խնդիր ուղղակի չկա, հասել ենք խնդրի առկայության գիտակցմանը ու նաեւ խնդրի լուծման ճանապարհների որոնմանը»,- ասում է փորձագետը: Արդեն 12 տարի գործող «Կանանց իրավունքների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սուսաննա Վարդանյանը եւս հավաստիացնում է, որ առաջընթաց կա: Կենտրոնը նախաձեռնել է «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծ, որի քննարկման եւ պատրաստման համար ստեղծվել է Ոստիկանության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված աշխատանքային խումբ: Կենտրոնի ղեկավարն ասում է, որ օրենքի նախագծի քննարկումն իսկ մատնանշում է վերաբերմունքի փոփոխությունը: «Հինգ տարի առաջ այս մասին ուղղակի խոսել չէինք կարող, բարձրաստիճան պաշտոնյաները հեգնում էին ու ասում, որ նման խնդիր Հայաստանում չկա, դրանք մասնավոր դեպքեր են, այսօր արդեն շատերը պատրաստ են աջակցելու օրենքի ընդունմանը»,- ասում է Վարդանյանը: Խնդրի ընկալման փոփոխության մասին են խոսում կառավարության քայլերը եւս: Երկու տարի առաջ կառավարությունը հաստատել էր բռնության ենթարկված կանանց ապաստարանների ստեղծման եւ աջակցության ծրագիրը, չնայած դրա իրականացումը հետաձգվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով: Մինչ այդ, Հայաստանում ապաստարաններ գործել են բացառապես հ/կ-ների նախաձեռնությամբ: 2001թ. USAID-ի աջակցությամբ չորս մարզերում ստեղծվել էին ապաստարաններ, սակայն դրանք փակվեցին ծրագրի ավարտից հետո, եւ այսօր գործում է միայն «Կանանց իրավունքների կենտրոնի» ապաստարանը: Այս տարվա փետրվարի 11-ին էլ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գենդերային քաղաքականության հայեցակարգին», որի շրջանակներում պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով` մշակելու Գենդերային հավասարության ազգային ծրագիրը: «Գենդերային հավասարության օրենք ընդունելուց հետո շատ ավելի հեշտ կլինի իրականացնել փոփոխություններ օրենսդրական դաշտում, ընդունել նաեւ ընտանեկան բռնությունը քրեականացնող օրենք, մենք ճանապարհի սկզբին ենք դեռ, բայց կարեւոր է, որ քաղաքական կամքն առկա է»,- ասում է Սարգիզովան: Այս նախաձեռնությունը, կարծես, հավանության է արժանանում նույնիսկ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների շրջանակներից դուրս: «Մենք պատմականորեն քաղաքակիրթ ժողովուրդ ենք, բայց այսօր մեր հասարակությունում չկա գենդերային հավասարություն, բազմաթիվ ոլորտներում կինը զրկված է իր իրավունքները իրացնելու հնարավորությունից»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ ընտանեկան բռնությունը եւս տեղ չունի հայ հասարակության կյանքում, եւ «պետք է լրջորեն պայքարել դրա դեմ»:

Ընտանեկան բռնության դեմ պայքարում ընդգրկվել են անգամ հոգեւորականները` մոտեցում, որը նշանակալի է աշխարհի հնագույն քրիստոնեական երկրում: ՄԱԿ-ի «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում դասընթացների շարք է իրականացվել, եւ հատուկ ձեռնարկներ են տպագրվել հոգեբանների, ոստիկանների, բուժաշխատողների եւ անգամ քահանաների համար: Վերապատրաստման ծրագրում ընդգրկված 20 քահանաներն արդեն իրենց քարոզներում խոսում են ոչ միայն ընտանիքի պահպանման կարեւորության մասին, այլ նաեւ աստվածաշնչյան մեջբերումներով շեշտում, որ կին-տղամարդ հավասար են, եւ բռնությունն անընդունելի է: «Այս խնդիրն, իհարկե, կա. անգամ մեզ դիմում են կանայք` լուծումներ գտնելու խնդրանքով, եւ չափազանց անհրաժեշտ էին մեզ հավելյալ գիտելիքները: Անպատժելիությունը ծնում է հանցագործություն: Իսկական տղամարդը կնոջ վրա երբեք ձեռք չի բարձրացնի, սա ես կրկնում եմ իմ բոլոր քարոզներում ու անհատական զրույցներում»,- ասում է Տեր Վիգեն քահանա Մարտիրոսյանը:

Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Կովկասյան լրատու» պարբերական