Շուտով` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական
արվեստի կենտրոն) անց է կացվելու «DIGITEC-2005» ցուցահանդեսը։ Այդ առիթով
զրուցեցինք ցուցահանդեսի կազմակերպիչ, «Ձեռնարկությունների ինկուբատոր
հիմնադրամի» գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ, խնդրելով նրան
պարզաբանել ցուցահանդեսի առաքելությունը։
– Մոտ 2-3 ամիս է լրատվամիջոցներն ակտիվ խոսում են միջազգային
«DIGITEC-2005» ցուցահանդեսի մասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների
ցուցահանդեսներ եղել են, սակայն «DIGITEC-2005»-ի շուրջ խոսակցություններն
ավելի շատ են, ուշադրությունն` ավելի մեծ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Նմանատիպ ցուցահանդեսներ եղել են, սակայն «DIGITEC-2005»-ը տարբերվում է
Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կազմակերպված
ցուցահանդեսներից: Նրա նպատակն է ներկայացնել ոչ միայն ինֆորմացիոն
տեխնոլոգիաների նվաճումները, այլեւ ցույց տալ, թե ոլորտն ինչ դեր կարող է
ունենալ տնտեսության ընդհանուր զարգացման համար: Երկրորդը` ցուցահանդեսը
նպատակ ունի ցույց տալ Հայաստանի նվաճումները ոչ միայն հասարակությանը,
այլեւ հանդիսանալ հարթակ արտասահմանյան ընկերություններին` ներկայացնելու
իրենց արտադրանքը: Այսպիսի ցուցահանդեսներ անց են կացվում շատ երկրներում,
եւ մենք կցանկանայինք, որ «DIGITEC-2005»-ը դասվեր տարածաշրջանում
լավագույնների շարքին։ Պետք է ցույց տալ, որ երկրում կա պոտենցիալ եւ
երկրորդը` կազմակերպչական ունակություններ: Ոչ միայն գնահատվելու է, թե
քանի կազմակերպություն է ներգրավված, այլեւ, թե ինչպես են ներկայացված
նրանք ու ինչպիսի որակ են ապահովում: Ցուցահանդեսում ընկերությունները
կիրականացնեն բազմապիսի հետաքրքիր միջոցառումներ: Կներկայացվեն
հետաքրքրաշարժ ծրագրեր, կլինեն օրեր նվիրված այս կամ այն
կազմակերպությանը, մեծ ակցիաներ, որը հատուկ է նմանատիպ միջազգային
ցուցահանդեսներին: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի միջազգային
կոնֆերանս, որը կունենա երկու հիմնական նպատակ: Առաջինը` շարունակել
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» եւ ԱՄՆ Բարձր տեխնոլոգիաների
խորհրդի կողմից ամենամյա խորհրդակցությունները Հայաստանում ՏՏ ոլորտի
զարգացման ռազմավարության մասին: Անցյալ տարի դա ծրագրավորման ոլորտին էր
նվիրված: Այս տարի կոնֆերանսի թեման է ՏՏ-ն եւ դրա կիրառությունները
տնտեսության մեջ: Բացի ինֆորմացիոն եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների
ոլորտի ներկայացուցիչներից, կոնֆերանսին կմասնակցեն պետական հատվածի,
բանկային համակարգի, ֆինանսական հատվածի, տնտեսության ՏՏ կիրառող
բազմապիսի արտադրական ոլորտների ներկայացուցիչները:
– Պետականորեն ՏՏ-ն ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ: Ինչո՞վ է դա արտահայտվում:
– ՀՀ կառավարությունը կարեւորել է ՏՏ-ի զարգացումը։ Ոլորտն ապրում է իր
զարգացման հաջորդ փուլը, այսինքն` այսօր պետք է կարեւորվի նաեւ
ինֆորմացիոն հասարակության ձեւավորման խնդիրը եւ ինֆորմացիոն ու
հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառությունները ներքին շուկայում:
Կառավարության կարեւոր քայլերից մեկը «Ձեռնարկությունների ինկուբատոր
հիմնադրամի» ստեղծումն էր, որն իրականացվել է ՀԲ ֆինանսավորմամբ: Երկրորդ
կարեւոր քայլը վարչապետին կից Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը
աջակցման խորհրդի ձեւավորումն էր: Տնտեսության մեջ մենք չունենք այլ
ոլորտ, ուր պարբերաբար, եռամսյակը մեկ հնարավորություն ունենա պետական,
մասնավոր եւ այլ հաստատությունների համատեղ քննարկումներ անցկացնել
անհապաղ լուծում պահանջող հարցերի շուրջ: Ուղղակի լուծումներ ստանալու
հնարավորություն է ստեղծվել, դրա վառ օրինակն էր ռադիոհաճախականության 2,4
տիրույթի բացման հարցի լուծումը: Վերջերս վարչապետը նշանակեց նոր
խորհրդական, որն ուղղակիորեն պատասխանատու է ինֆորմացիոն տեխնոլոգիաների
ոլորտի զարգացման համար: «Ձեռնարկությունների ինկուբատորն» աջակցում է ՏՏ
կազմակերպություններին` մասնավորապես բացելով ներկայացուցչություններ
արտերկրում։ Ստեղծվում են տարբեր մասնագիտական դասընթացներ` սկսած
Internet եւ web տեխնոլոգիաներից եւ վերջացրած ծրագրերի եւ
ձեռնարկությունների կառավարումով: Աշխատանքներ են տարվում նոր
ընկերությունների ձեւավորման համար: Նախապատրաստական փուլում է գտնվում
Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ձեւավորումը: Սրանք
անուղղակիորեն բոլորն էլ առնչվում են կառավարությանը, որովհետեւ այս
ամբողջ նախաձեռնությունը սկսվել է եւ շարունակում է մնալ կառավարության
հովանու ներքո։ Այսօր բիզնեսը չի կարող միայն սեփական ուժերով դիմակայել
արտաքին մրցակցությանը եւ առանց կառավարության աջակցության դուրս գալ
միջազգային ասպարեզ: Պետք է ուշադրություն դարձնել նաեւ ոլորտի
հաջողությունները տնտեսության մյուս ճյուղերում կիրառելու վրա. այսօր
ինֆորմացիոն տեխնոլոգիաներն աշխարհում ոչ միայն խոշոր ոլորտ են, այլեւ
լուրջ խթան են այլ ոլորտների զարգացման համար։ Եթե մենք ՏՏ-ում ունենք 2
տոկոս հաջողություն եւ կիրառենք դա տնտեսության այլ ոլորտներում, որոշ
բնագավառներում արդյունավետությունը տասն անգամ կբարձրանա:
– Իսկ մասնագետների պակաս զգացվո՞ւմ է:
– Հայաստանի հիմնական հաջողությունը որակյալ մասնագետներն են: Պատահական
չէ, որ օտարերկրյա ընկերությունները ՀՀ-ում ստեղծում են իրենց
ներկայացուցչությունները: Ունենք chip-դիզայնի ուղղությամբ վեց շատ լուրջ
կազմակերպություններ, նույնը web-տեխնոլոգիաների ոլորտում է: Վերջերս մի
ռուսական ընկերության ներկայացուցիչ ասում էր, որ Ռուսաստանում այդքան
միկրոէլեկտրոնիկայի մասնագետներ չկան, որքան Հայաստանում է: Մենք
հաջողություններից բացի ունենք նաեւ լուրջ նպատակներ: Այսինքն, մենք
տեսնում ենք, որ հաջողությունները կարող ենք բազմապատկել առնվազն 2
գործակցով: Մեծ խնդիր է մասնագետների պակասը, որն այսօր սուր զգացվում է:
Կա քանակի խնդիր եւ որակի խնդիր: Այսինքն, այսօր եղած մասնագետների սիրը
եւս սուր է դրված: Այսօր ՏՏ մասնագիտությունների ուսանողների միայն 30
տոկոսն է բուհն ավարտելիս պատրաստ ռեալ աշխատանքի, իսկ մնացածը
վերապատրաստման կարիք ունեն: Մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ`
բուհերում բացվում են մասնագիտացումները, «Սինոպսիսի» կամ «Լակուսի»
օրինակով: Դա առաջին ձեւերից մեկն է, որ հնարավորություն է տալիս հենց
ուսուցման ժամանակ որոշակի որակավորում ստանալ եւ աշխատանք գտնել: Հարցն
այն է, որ շատ ազատ եւ բարձր վարձատրվող աշխատատեղեր կան, որ սպասում են
իրենց աշխատողներին: Սակայն պետք է հաշվի առնել, որ մասնավոր
կազմակերպությունները միշտ չէ, որ կարող են հետեւել «Սինոպսիսի» կամ
«Լակուսի» օրինակին, բուհի դեր կատարել եւ պատրաստել կադրեր իրենց համար:
Դա տրադիցիոն ճանապարհ չէ: Երկիրը պետք է այդ կադրերն ինքը պատրաստի,
առավելեւս` իր կադրերով պետք է գրավի պոտենցիալ ներդրողին: Ամենակարեւորը,
պետք է մեծացնել հետաքրքրությունն այս ոլորտի հանդեպ: