Ապրիլի 8-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մոտ ոստիկանը կրակ է բացել երթուղային ավտոբուսի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայ վարորդը հետույքի վնասվածք է ստացել: Ուղեւորները մտադիր են դիմել Դատախազություն եւ բողոք ներկայացնել ոստիկանի դեմ: Մինչդեռ վերջինս պնդում է, թե վարորդն ինքն է նախահարձակ եղել: Golden Dragon ընկերության N 350 ավտոբուսի վարորդը կանգնել է Խառլամովի կամրջի մոտ` ճանապարհի երկրորդ գծում, եւ իջեցրել է ուղեւորներից մեկին: Ճանապարհային կանոնների խախտումը նկատել է ավտոբուսի հետեւից ընթացող Chevrolet մակնիշի մեքենայի ոստիկան վարորդը: Ըստ ուղեւորների` նա դուրս է եկել մեքենայից, սկսել է անվայելուչ խոսքեր եւ հայհոյանքներ տեղալ վարորդի հասցեին, վերցրել է ատրճանակն ու կրակել նրա վրա:
Այնուհետեւ վիճաբանությունը շարունակվել է Մարիինյան թատրոնի մոտ, որտեղ, ըստ ականատես ուղեւորների, ոստիկանը 12 անգամ կրակել է ավտոբուսի վրա (ենթադրվում է` ռետինե գնդակներով): Հետո քաղաքացիական հագուստով ոստիկանը քարշ տալով ավտոբուսից դուրս է բերել ազգությամբ հայ վարորդին, հարվածել նրան, ապա՝ կրակել նրա վրա: Ըստ «gazeta.ru»-ի` դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, ովքեր ողջունել են իրենց գործընկերոջը` ոստիկանին, զրուցել, ծիծաղել, հավաքել պարկուճները, ոստիկանական բաժանմունք տարել վարորդին եւ ուղեւորներին, ովքեր փորձել են պաշտպանել նրան: Սակայն Ներքին գործերի պետական վարչության հետաքննության վարկածը խիստ տարբերվում է ականատես ուղեւորների ցուցմունքներից: Ոստիկանությունում պնդում են, թե վարորդն է խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները, վիճել ոստիկանի հետ, վիրավորել եւ նույնիսկ ծեծել նրան:
Ազգությամբ հայ վարորդ Արթուր Բ.-ի դեմ կարող է հարուցվել քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: «Բոլորն էլ գիտեն, թե ինչպես են մեքենա վարում մեր քաղաքում ծագումով կովկասցի վարորդները: Մեր փողոցներում հարկավոր է հետեւել կանոններին եւ հանգիստ մնալ, երբ նկատողություն ես ստանում: Սա Երեւանը չէ, սա Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքն է…»,- ասել է Ներքին գործերի պետական վարչության աշխատակիցներից մեկը:
Ի դեպ, ավտոբուսի ուղեւորները մտադիր են դիմել Դատախազություն` ոստիկանին պատժելու պահանջով: Նրանց ասելով` մոտակա շենքի բնակիչներից մեկը նկարահանել է վիճաբանությունը սկզբից մինչեւ վերջ, եւ նրանք կարող են ներկայացնել այդ ապացույցը: