Կարճաժամկետ երազանքներ

10/04/2010

Ապրիլի 11-ին Երեւանի կենտրոնական հատվածում, թատերական բեմ հիշեցնող անմարդաբնակ ու դեկորատիվ Հյուսիսային պողոտայում տեղի կունենա ուրախ միջոցառում. օդ կարձակվեն հազարավոր օճառե պղպջակներ` խորհրդանշելով թեթեւ ու կարճ կյանք ունեցող երազանք-փուչիկները: Ըստ կազմակերպիչների (ռուսաստանաբնակ աղջիկների)` գունավոր պղպջակները կօգնեն մարդկանց հոգում տոնական տրամադրություն արթանացնել ու հավատալ գարնան գալստին: Պղպջակները ոչ մի կապ չեն ունենա քաղաքական հայացքների, դավանանքի ու տնտեսական խնդիրների հետ, նրանք ընդամենը ուրախ ու թեթեւ զվարճանքի ձեւաչափ կունենան: Տպավորություն կստեղծվի, որ միջոցառումը նախապես պլանավորված չէ, այլ ինքնաբուխ է ծնվել (այդպես են կազմակերպվում վերջերս մեծ տարածում ստացած «flashmob» ակցիաները): Սպասվում է, որ միջոցառմանը 1000-ից ավելի մարդ կմասնակցի: Կազմակերպիչները խորհուրդ են տալիս հայաստանցիներին, Հյուսիսային պողոտա գալ արդեն «զինված» օճառե փրփուր պարունակող սրվակներով, պղպջակներ արարող սարքերով եւ այլ հատուկ հարմարանքներով: Ամեն մարդ պղպջակ կստեղծի սեփական փրփուրով: Եվ հերթական փուչիկը օդ արձակելու պահին` մտքում երազանք կպահի: Նման տոնական ակցիաները կոչվում են «dreamflash», քանի որ ենթադրվում է, որ վայրկենական ծնվող երազանքները սովորաբար ակնթարթային վախճան են ունենում: