Մեկ դերասանի թատրոն

20/09/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մոնոներկայացումները բարդ են ընկալման համար, մեկ դերասանն իր խոսքով
եւ պլաստիկայով պետք է կարողանա պահել հանդիսատեսի ուշադրությունը:
«Արմմոնո» երրորդ միջազգային թատերական փառատոնի պատվավոր հյուր վրացի
հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ում բեմադրությունները խաղում են
աշխարհի շատ բեմերում, ասել է. «Լավ ռեժիսորն առաջին հերթին հանդիսատես է,
նա պետք է նայի իր բեմադրությունը վաղվա հանդիսատեսի աչքերով»:

Ստուրուան փաստում է, որ վաղուց արդեն դերասանական թատրոնը վերափոխվել է
ռեժիսորականի: Սակայն մոնոթատրոնն առաջին հերթին դերասանի թատրոն է:
Մոնոներկայացումներում դերասանի ուժը եւ կարողությունները թաքցնել չի
ստացվի, թույլ դերասանը «չի ձգի»: «Արմմոնոն» այս տարի նախապատվությունը
տվել է Շեքսպիրին, ում տեքստերն արդեն իսկ մեծ խորություն եւ կիրք են
պարունակում, եւ շեքսպիրյան հերոսների հետ էքսպերիմենտները շատ հեռուն
կարող են գնալ: Սակայն Շեքսպիրը կարող է նաեւ դերասանին ծուղակը գցել,
քանի որ ամենագլխավոր եւ միակ հերոսը պետք է բեմավիճակի ողջ բեռն իր
ուսերին կրի: Սյուժեն անհնար է ամբողջովին խաղարկել. պետք է անսպասելի
լուծումներ գտնել:

Շեքսպիրի հայրենիքից ժամանած Շայլոկը

Փայլուն դերասանական դպրոց անցած բրիտանացի դերասան Գարեթ Արմստրոնգն
աշխատել է Շեքսպիրյան Թագավորական թատրոնում եւ Երեւան է բերել «Վենետիկի
վաճառականը» պիեսի ամենահյութեղ կերպարի՝ Շայլոկի մեկնաբանությունը:
Վաշխառու հրեա Շայլոկը սնանկացած Անտոնիոյից պահանջում է նրա մարմնի մի
կտորը, ապացուցելով այն մոլորությունը, որ բոլոր հրեաները նողկալի եւ տհաճ
մարդիկ են, անպայման մեծ, կեռ քիթ ունեն եւ բոլորովին զուրկ են խղճի
խայթից: Համենայնդեպս, այդպես են պատկերել Շայլոկին Շեքսպիրի
ժամանակներում, թեեւ միջին դարերում Անգլիայում հրեա չկար, եւ Շեքսպիրը
ծանոթ չի եղել այդ ազգի ներկայացուցիչների հետ: Անգլիայից արտաքսված
հրեաները բնակություն էին հաստատել Վենետիկի Գետտո կոչվող մասում:
Բավականին երկար այս բեմադրության մեջ ցուցադրվում, խաղացվում եւ պատմվում
էին տարբեր դարաշրջաններում տարբեր դերասանների կերտած Շայլոկների մասին:
Ներկայացվում էր նաեւ հրեական պատմությունը՝ Մովսեսից, Հուդայից, Մարիամից
եւ Հիսուսից սկսած եւ վերջացրած Հիտլերի ստեղծած գազախցիկներով եւ բոլոր
հրեաների համար Դավթի աստղի պարտադիր կրումով: Ներկայացումը գրեթե զուրկ է
դեկորացիաներից, ունի հազվադեպ երաժշտական միջամտություն: Ամեն ինչ
կառուցված է դերասանի խոսքի վրա, եւ քանի որ խոսքն անգլերեն է եւ
բավականին բարդ, գրեթե անհաղորդ է թողնում հանդիսատեսին: Թեեւ տեքստն
իսկապես հետաքրքիր է, բայց ավելի նման է դասախոսության կամ պատմական
էքսկուրսների հավաքածուի: Արմստրոնգը շատ լավն է, ճկուն եւ գեղեցիկ փոխում
է իր առոգանությունն ու շեշտադրումները: Նա Շայլոկի մասին պատմում է
Շայլոկի ընկերոջ՝ Թուբալի անունից, ում «Վենետիկի վաճառականում» Շեքսպիրն
ընդամենը մի քանի տող է հատկացրել: Եվ այս մեկ ու կես ժամանոց (ինչը
ռեկորդ է մոնոներկայացումների համար) բեմադրությունում անգլիացի դերասանը
փորձում է ուղղել պատմական եւ բեմական անարդարությունը` առաջին պլան
մղելով խորամանկ, քրիստոնյաներին ատող եւ վրեժի ցանկությամբ առաջնորդվող
երկրորդական պերսոնաժ, վաշխառու Շայլոկին: Հետաքրքիր եւ ուսուցողական են
անգլիացի դերասանների նախկինում խաղացած Շայլոկների պատկերումները՝ սկսած
Շեքսպիրի թատրոնի առաջատար դերասան Ռիչարդ Բերբիջից, վերջացրած Հենրի
Իրվինի եւ Էդմուն Քինի Շայլոկներով: Արմստրոնգը Շայլոկ չի խաղում, նա
մեկնաբանում է այդ կերպարը: Եվ ցույց է տալիս, որ չարությանը չարությամբ
պատասխանող Շայլոկը գուցեեւ զոհ է: Այս ներկայացումը շատ ամբողջական,
բայց, միեւնույն ժամանակ, մի քիչ ձանձրալի է: Իսկ թատերական ինստիտուտի
ուսանողներն իզուր էին ներկայացման կեսից դահլիճից դուրս գալիս, նրանք
կարող էին շատ բան սովորել:

Կարեն Ջանիբեկյանի Լիր արքան

Լիրի կերպարը պետք է խմորման շրջան անցնի եւ հասունանա: Կյանքի վերջում
միայնակ եւ լքված, նախկինում հզոր եւ հպարտ արքան այլեւս ոչ մեկին պետք
չէ: Առաջին հերթին պետք չէ իր դուստրերին: Լիրի ողբերգությունը ոչ թե
միայնությունն է, այլ այդ միայնության հետ հաշտվելուն պատրաստ չլինելը:
Լիրն ինքն է որոշում իշխանությունից հրաժարվել եւ առանց այդ իշխանության
«ոչինչ» է դառնում: Ջանիբեկյան-Լիրը ներկայանում է արդեն լքված վիճակում,
նրա փոխհարաբերությունները շրջապատի հետ անցյալում են մնացել: Նա միայն
հիշում է դրանց մասին, սպառնում երկնքին՝ մատնանշելով անշնորհակալ
աղջիկների վարքագիծը: Տարբեր մենախոսություններից հատվածներ է ասում,
ներկայանալով մերթ` արքայի, մերթ` խեղկատակի դերում, քանի որ ըստ
Շեքսպիրի՝ խելքի մեծ պաշարը մարդուն կամ խենթ է դարձնում, կամ խեղկատակ:
Լիր-Ջանիբեկյանն ուղղակիորեն սարդոստայնի մեջ է (այդպիսին է դեկորացիան)
եւ ելք չի տեսնում: Հանդիսատեսը սիրում է Ջանիբեկյանին եւ տպավորիչ խաղ է
սպասում նրանից, սակայն ներկայացումը թույլ է եւ չունի ամբողջական
կառուցվածք: Ջանիբեկյան-Լիրն արդեն կյանքի հատակում է, փնթի եւ անօգնական
ծերուկ է դարձել եւ իր կյանքի մասին հուշեր է գրում: Իսկ նրա հուշերը
ողբերգական տպավորություն չեն թողնում, գուցե ձայնի հզորության պակասի կամ
թույլ ռեժիսուրայի պատճառով: Ջանիբեկյանը կարող է փայլուն Լիր լինել, նրա
մարդկային խառնվածքում արդեն իսկ ողբերգական տարրեր կան, սակայն
«Արմմոնոյի» շրջանակներում ցուցադրված «Լիր արքայի հուշերում» նրա կերպարը
զարգացում չի ապրում եւ նմանվում է փնթփնթացող ծերունու, որը կարող է
կերպարանափոխվել եւ դառնալ խեղկատակ, բայց ոչ երբեք՝ արքա: