Պահն են ձգում

08/04/2010

Ղարաբաղի հարցում անբարենպաստ իրավիճակը շտկելու միակ ճանապարհը բանակցություններում ԼՂ դերի բարձրացումն է, իսկ այդ նախաձեռնությունը պետք է լինի Ղարաբաղից: Երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ Հովհաննես Իգիթյանը: Անդրադառնալով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի տեսակետին, թե մինչեւ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն մեկնելը Հայաստանը պետք է հայտարարի, որ պատրաստ է ստորագրել մադրիդյան սկզբունքները, Հ. Իգիթյանն ասել է. «Միջազգային հանրությունը եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն լուծումն ունեն, իմ կարծիքով: Նրանք վստահ համոզված են, թե ինչպես պետք է լուծվի այդ հարցը, եւ այստեղ Հայաստանը կստորագրի՞ ինչ-որ մի փաստաթուղթ, թե՞ ոչ` էական չէ. դա ուղղակի ձգում է այն պահը, երբ որեւէ մեկը կասի` ահա, տեսա՞ք` ինչ եղավ»: Հ. Իգիթյանի ներկայացմամբ, թեեւ ԼՂ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերն աննպաստ են, սակայն գործընթացից դուրս գալն ավելի անբարենպաստ կլինի, որովհետեւ այդ դեպքում Հայաստանին ուղղակի կպատժեն, որը նույնպես կապ կունենա ԼՂ խնդրի լուծման հետ: Նրա համոզմամբ, գործընթացի անբարենպաստ վիճակը շտկելու, կամ նույնիսկ ժամանակ շահելու համար ավելի մեծ խելք, ավելի հմուտ դիվանագիտություն եւ, ամենակարեւորը, ավելի մեծ լեգիտիմություն է անհրաժեշտ: «Ես այստեղ իմ կյանքի նպատակը չեմ դրել Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահ դարձնելը: Ճի՛շտ հասկացեք: Իմ նպատակը Հայաստանում լեգիտիմ իշխանություն ունենալն էր եւ շարունակում եմ այդ ուղղությամբ աշխատել, ինչպես նաեւ իմ կուսակցությունը»,- նշել է ՀԱԿ անդամը: