ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խնդրանքով երեկ ընդունել է նրա հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուին: Վերջինս Ս. Սարգսյանին է փոխանցել Թուրքիայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու ԱԳ նախարարի բանավոր ուղերձները: Ս. Սարգսյանն ասել է, որ ՀՀ-ն Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ: Բանագնացն էլ փոխանցել է թուրքական կողմի հավաստիացումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ: Ի դեպ, բանագնացի միջոցով Էրդողանը Ս. Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում: Նշենք, որ երեկ Փարիզում Էրդողանը հայտարարել է. «Հայկական կողմի հետ հանդիպման թեման կապված է որոշ հարցերի հետ, որոնք էլ իրենց հերթին կախված են ՀՀ-ից սպասվող պատասխանից»,- հայտարարել է նա: