Առանց առճակատման

08/04/2010

Երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ապրիլի 6-ին տեղի է ունեցել ՀԱԿ-ի հանրահավաքը եւ երթը, որոնք անցել են անսովոր մթնոլորտում: Ավելի քան 2 տարվա ընթացքում առաջին անգամ դրանք չեն ուղեկցվել բազմաքանակ ոստիկանության ներկայությամբ, ոստիկանության կողմից սպառնալիքներով, ցուցարարների նկատմամբ ճնշումներով եւ սադրանքներով, ինչպես նաեւ քաղաքացիների ազատ կամքի նկատմամբ ապօրինի միջամտություններով: Արդյունքում բոլոր միջոցառումներն անցել են առանց առճակատման մթնոլորտի, կազմակերպված, հասարակական կարգի բացառիկ պահպանումով: Իշխանությունների նման կեցվածքը ունի միայն մեկ բացատրություն: ՀՀ-ում մեկնարկել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ֆորումը, որի աշխատանքներին մասնակցում են մոտ 400 հեղինակավոր իրավապաշտպաններ ամբողջ աշխարհից: Ուստի, իշխանությունները որոշել են դիմել էժանագին խորամանկության եւ միջոցներ ձեռնարկել, որ ֆորումի մասնակիցների համար տեսանելի չլինի բռնապետության իրական դեմքը: Այն հանգամանքը, որ Ֆորումի անցկացման ժամանակաշրջանում իշխանությունները որոշել են կատարել իրենց սահմանադրական պարտականությունները, բացահայտեց մի քանի իրողություն, – նախ, ակնհայտ է, որ իշխանությունները մտահոգված են միայն դեմոկրատական իմիտացիոն քողածածկույթի ստեղծմամբ, բայց ոչ երբեք ժողովրդավարական ազատությունների ապահովման իրենց անմիջական պարտականություններով, – երկրորդ, անվիճելի է, որ ընդդիմությունը եւ հասարակական կազմակերպությունները գործում են օրենքներին համապատասխան եւ ի վիճակի են սեփական ուժերով պահպանել հասարակական կարգը, – երրորդ, ակնհայտ է, որ երկու տարի շարունակ իշխանությունների եւ նրա կամակատար գործիք դարձած ոստիկանության նպատակը եղել է ոչ թե հասարակական կարգի պահպանումը, այլ համաժողովրդական շարժումը ճնշելու նպատակով սադրանքների եւ հալածանքների իրագործումը, այսինքն` հենց ոստիկանությունն է մշտապես հանդես գալիս հասարակական կարգը խախտողի դերում»: