ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած գնահատականին, թե իշխանության ներսում խուճապ է: «Դա Լ. Տեր-Պետրոսյանի երեւակայության արդյունքն է: Եթե նրա կանխատեսումներին հավատայինք, հիմա վաղուց իշխանափոխություն էր եղել, Ղարաբաղն էլ ծախվել էր»,- «tert.am»-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը: Հիշեցնենք, որ իր ելույթում ՀՀ առաջին նախագահն ասել էր, որ ուշագրավ երեւույթ է «իշխանական ճամբարում նկատվող աննախադեպ խուճապը եւ դրա հետեւանքով սկիզբ առած ներքին գզվռտոցն ու ինքնահոշոտման գործընթացը: Ընդդիմության հասցեին հոխորտանքը պակասել է` տեղը զիջելով փոխադարձ քննադատություններին ու մեղադրանքներին: Այդպիսի բան սովորաբար տեղի է ունենում իշխանության մոտալուտ վախճանի զգացողության պարագայում, երբ ամեն ոք մտածում է պատասխանատվությունից խուսափելու եւ սեփական կաշին փրկելու մասին»: