Ի՞նչ է ասելու Օբաման

08/04/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Ապրիլի 11-ին, Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի այցի շրջանակներում նախատեսված է նաեւ երկկողմ հանդիպում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ:

Արդեն հայտնի է, որ գագաթաժողովին մասնակցելու է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Ոչ միայն հայ եւ թուրք հասարակության, այլ նաեւ միջազգային հանրության շրջանում ԱՄՆ նախագահի այս հրավերը դարձավ վերջին շաբաթվա քննարկվող թեմաներից մեկը: Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում տեղի կունենա ոչ միայն երկկողմ, այլ նաեւ Օբամա-Սարգսյան-Էրդողան եռակողմ հանդիպումը: Նախօրեին թուրքական «Sabah» թերթը հրապարակել էր մի հոդված, որտեղ Էրդողանը անուղղակիորեն մի քանի ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին եւ Բարաք Օբամային: Մասնավորապես, նա պահանջում է, որ Հայաստանն իրեն տարանջատի հայկական Սփյուռքից, քանի որ Սփյուռքը չպետք է միջամտի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Բացի այդ, ըստ Էրդողանի՝ հայ-թուրքական հարաբերությունները պետք է զարգանան ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրին զուգահեռ: Առաջարկություններից մեկն էլ վերաբերում է 2 երկրների կողմից Մինսկի գործընթացի համատեղ քննարկմանը: Կանխատեսվում է նաեւ, որ Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում կկազմվի նաեւ նախորդ տարի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ժամանակացույց: Իսկ ինչպես են այդ զարգացումներին վերաբերվում Հայաստանի քաղաքական ուժերը:

«Հիմա շատ դժվար է կանխատեսումներ անել հանդիպման մանրամասների վերաբերյալ: Ես լրատվամիջոցներից տեղեկություններ ունեմ, որ Թուրքիայի վարչապետը հատուկ առաջարկ է պատրաստում եռակողմ հանդիպման մասնակիցների համար: Տեղյակ եմ նաեւ, որ Միացյալ Նահանգները լի է վճռականությամբ` առաջ մղելու հայ-թուրքական երկխոսության գործընթացը,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` ավելացնելով,- Այդ պատճառով էլ, չանելով կանխատեսումներ մանրամասների վերաբերյալ, ուզում եմ վերահաստատել ամերիկյան միջնորդության կարեւորությունը` առանց նախապայմանների հայ-թուրքական երկխոսությունը առաջ մղելու կապակցությամբ: Եվ եթե մենք, իմանալով թուրքական եւ հայկական կողմի դիրքորոշումները հարցի վերաբերյալ, կարողանանք այդ երկխոսությունը այս կետից առաջ մղել եւ գալ այնպիսի համաձայնության, որը կնպաստի մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացման գործընթացին, ապա մենք դրա համար, կարծում եմ, պետք է ուրախ լինենք եւ ողջունենք այդ գործընթացը»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հնարավոր ժամանակացույցին, ասաց. «Ըստ էության, այս ամիսների ընթացքում ողջամիտ ժամկետ հասկացությունը տարակուսանքների տեղիք տվեց ոչ միայն միջազգային հանրության, այլ նաեւ հայ հասարակության մոտ: Բայց ես կարծում եմ, որ ժամանակացույցի խնդիրը կդառնա Վաշինգտոնյան հանդիպման կարեւոր հարցերից մեկը: Կարեւոր է նաեւ այն, որ «Sabah» թերթով Թուրքիայի իշխանությունների կողմից փոխանցված մեսիջներին Հայաստանի նախագահը պետք է պատրաստ լինի: Դրանցից մի քանիսը շատ առարկայական են: Խոսքը վերաբերում է նրան, որ եթե Հայաստանը ցանկանում է արձանագրությունները վավերացվեն, ապա իրեն պետք է տարանջատի հայկական սփյուռքից: Սա հենց այն խնդիրն է, որ վերջին ամիսներին Անկարայի բանագնացները բերում էին Հայաստան: Եվ երկրորդը, պետք է միասին քննարկվի Մինսկի խնդիրը: Կարծում եմ, որ այս 2 առաջարկների վերաբերյալ էլ Հայաստանից պետք է շատ հիմնավոր մերժում հնչի: Կարեւոր են նաեւ Թուրքիա-Ամերիկա հարաբերությունների կոնտեքստում հնչեցված մեսիջները: Դրանք էական են այնքանով, թե ինչպիսի արձագանքի կարժանանան հենց Բարաք Օբամայի կողմից: Խոսքը վերաբերում է նրան, որ նախ՝ Վաշինգտոնը պետք է Երեւանի վրա ճնշումներ գործադրի` Մադրիդյան փաստաթուղթն ընդունելու առումով, եւ, ապա, ԱՄՆ-ը պետք է իր դերը կատարի ոչ միայն Կովկասում խաղաղություն հաստատելու, այլ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բալանս պահպանելու առումով: Դրանք են թուրքական պահանջները: Նշվում է նաեւ, որ Թուրքիան չի կարող երես թեքել Բաքվից: Ակնհայտորեն Ղարաբաղյան խնդիրը այս ուղերձների համատեքստում քննարկման առարկա է դառնալու եւ, կարծում եմ, Հայաստանի նախագահից շատ բան է կախված` բուն պրոցեսները միմյանցից զատելու եւ Թուրքիային խաղաքարտերից զրկելու համար»: Ս. Սաֆարյանը չի բացառում նաեւ, որ սպասվելիք եռակողմ հանդիպման շրջանակում Վաշինգտոնի մոտեցման հարցում փոփոխություններ կլինեն հօգուտ Թուրքիայի: «Թուրքիան շատ հստակ իր օրակարգի խնդիրները անուղղակի ձեւով դրել է «Sabah» թերթում, այն դեպքում, երբ Հայաստանի պարագայում նման ուղերձներ Թուրքիային եւ Միացյալ Նահանգներին տեսանելի չեն: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է ուղղակի կամ անուղղակի ձեւով բարձրաձայնեին իրենց ակնկալիքների մասին»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն էլ գտնում է. «Որեւէ մեկը չի կարող ասել, թե ամերիկյան հանդիպումներում հատկապես ինչ պետք է քննարկվի. կմշակվի նոր ժամանակացույց, թե կորոշեն կյանքի կոչել արդեն ստորագրված արձանագրությունները, ցույց կտան առաջիկա հանդիպումները: Համենայն դեպս, վստահաբար կարելի է պնդել, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ եւ առավելագույն դիվանագիտական ջանքեր է գործադրելու, որպեսզի գործընթացը տեղից շարժվի, այսինքն, արձանագրվեն կոնկրետ քաղաքական դիվանագիտական արդյունքներ: Ինչ վերաբերում է Էրդողանի հարցազրույցում նախապայմանների շեշտելուն, ասեմ, որ հայկական կողմը եւս որոշակի նախապայմաններ է առաջ քաշում, եւ, կարծում եմ, այս ամբողջ իրարանցումը ապացուցեց, որ թե Հայաստանի եւ թե Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում ինքնուրույնաբար լուծել տարածաշրջանում առաջացած խնդիրները, եւ արդեն իսկ ժամանակն է, որ միջազգային կազմակերպությունները ու նաեւ պետությունները որոշակի միջամտություններ անեն»: Ս. Սուրենյանցն ասում է նաեւ, որ, չնայած բազմաթիվ խնդիրներին, այնուամենայնիվ, հնարավոր է ի վերջո տարածաշրջանում խաղաղություն եւ կայուն զարգացման հեռանկար հաստատել, իսկ այդ խնդիրներն ուղղակիորեն կախված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների որակից: «Ցավոք սրտի, 3 երկրներում էլ իշխանությունները չեն կարողանում սպասարկել բարդ խնդիրներ: Կարող եմ արձանագրել, որ ՀՀ գործող նախագահի ձեւավորած իշխանության որակը թույլ չի տալիս նման բարդ խնդիրներ լուծելու: Եթե նա իսկապես ուզում է այդ արտաքին բարդ խնդիրները լուծել, ապա առաջին հերթին շեշտը պետք է դնի ներքին համակարգային բարեփոխումների վրա»:

Նշենք նաեւ, որ երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման պայմանավորվածություն դեռեւս չկա: