Մարդասիրական օգնություն՝ խուճապի ելքով

08/04/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Հարութ Սասունյանը բարերարի համբավ ձեռք բերելու համար կասկածելի դեղեր է ուղարկել»,- ասում են հոգեկան հիվանդների հարազատները:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում դիսպանսերային բուժօգնության եւ կազմ-մեթոդական աշխատանքների կազմակերպման ցանկում, ի թիվս հակաուռուցքային, մաշկավեներաբանական, արյունաբանական եւ այլ հիվանդությունների` ընդգրկված է նաեւ նյարդահոգեբուժական դիսպանսերային օգնության կազմակերպումը: Ներկայումս Հայաստանում պաշտոնական տվյալներով` գրանցված է հոգեկան հիվանդություն ունեցող 42.357 մարդ, որոնք գտնվում են պետության հսկողության տակ, եւ նրանց բուժսպասարկումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Արդեն քանի ամիս է` հոգեկան հիվանդություն ունեցող մարդիկ, նրանց հարազատները եւ նրանց պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները խուճապի մեջ են, քանի որ Առողջապահության նախարարությունը համապատասխան բուժհիմնարկին տրամադրում է մի դեղամիջոց, որը, հիվանդների հարազատների գնահատմամբ` դրական ազդեցություն չի թողնում: Ըստ մասնագետների` աշխարհում հայտնի «Զիպրեքսա» դեղամիջոցը հատկապես շիզոֆրենիա հիվանդության դեպքում համարվում է «ոսկե ստանդարտ», քանի որ այս պրեպարատից ավելի էֆեկտիվը դեռեւս աշխարհում չի ստեղծվել: Ընդ որում` եվրոպական գրեթե բոլոր երկրների հոգեբուժական հաստատություններում որպես ամենաէֆեկտիվ պրեպարատ կիրառվում է հենց «Զիպրեքսան»: «Lilly» ընկերության արտադրած վերոնշյալ դեղամիջոցը 2005-ից Հայաստան է ներմուծվել, եւ այն, ինչպես վաճառվում է դեղատներում, այնպես էլ` անվճար տրամադրվում էր հոգեկան հիվանդներին: Ի դեպ, նշենք, որ «Զիպրեքսան» համարվում է թանկ դեղամիջոց. այն դեղատներում վաճառվում է 3500 դրամով: Շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող Սարգիս Ասատրյանը (անունը հասկանալի պատճառներով փոփոխված է) վստահեցնում է, որ այդ դեղամիջոցի շնորհիվ նա նույնիսկ ներկայումս համարվում է աշխատունակ եւ հոգեբանական ոչ մի խնդիր չի ունենում. «Այդ դեղամիջոցի շնորհիվ ինձ մոտ ապրելու ցանկություն է առաջացել, ես հիմա աշխատում եմ, եւ շրջապատում որեւէ մեկը չի էլ կասկածում, որ ես հոգեկան խնդիր ունեմ, բայց, եթե մեր պետությունը շարունակի հոգեկան հիվանդ մարդկանց հետ էսպես վարվել…»:

Բանն այն է, որ 2009թ. նոյեմբեր ամսին «Կալիֆոռնիա» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը որպես մարդասիրական օգնություն հոգեմետ դեղերի մեծ խմբաքանակ է ուղարկել Հայաստան: Եվ այժմ Ավանի հոգեբուժական դիսպանսերն արդեն մի քանի ամիս է, «Զիպրեքսայի» փոխարեն հիվանդներին է տրամադրում հումանիտար օգնություն ստացած «Մելտոլան-5» պրեպարատը (ի դեպ, «Մելտոլան-5» կոչվող հոգեմետ դեղն արտադրվում է Հնդկաստանում եւ, ի տարբերություն «Զիպրեքսայի», բավականին էժան է): «Մելտոլան-5» պրեպարատից, սակայն, հրաժարվում են հոգեկան հիվանդներից շատերը` պատճառաբանությամբ, որ այն ընդունելուց հետո իրենց մոտ սրացում է նկատվել: Ս. Ասատրյանն ասում է. «Մեր պետությունը զրկում է մեզ համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող դեղից: Հասկանո՞ւմ եք, «Զիպրեքսայի շնորհիվ մարդիկ վերադառնում են հասարակություն, ոմանք ամուսնացել են, կրթություն են ստացել, սակայն «Մելտոլան-5»-ն ընդունելուց հետո շատերի մոտ նույնիսկ սրացում է առաջացել: Ես այդ դեղից խմել եմ ընդամենը մի դեղահաբ եւ կտրուկ վատացել եմ: Նորից օտար ձայներ եմ լսել, նորից տեսիլքներ, կասկածներ, վախեր, ագրեսիվություն, ընկճվածություն, ապրելու ցանկությունը կորցնելու զգացողություն եմ ունեցել եւ այլն: Այսինքն` էդքան տարվա աշխատանքը միանգամից զրոյացվում է, կորցնում ես ինքնատիրապետումդ: Տեսնելով, որ բացասաբար է անդրադառնում, հրաժարվել եմ այդ դեղից եւ ստիպված դեղատնից սեփական միջոցներով «Զիպրեքսա» եմ գնում ու խմում եմ»: Նույն բանը մեզ փոխանցեցին հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց այն հարազատներն, ովքեր եկել էին խմբագրություն` այս խնդիրը մամուլի միջոցով բարձրաձայնելու նպատակով: «Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց եւ նրանց հարազատների» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Անահիտ Մանուկյանը վստահեցնում է, որ մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան մուտք գործած հոգեմետ դեղամիջոցի առկայությունը խնդրահարույց է, քանի որ դրա կիրառությունը եվրոպական զարգացած երկրներում ընդունված չէ: Ա. Մանուկյանը վստահեցնում է, որ Հնդկաստանում «Alkem laboratories» ընկերության կողմից արտադրվող այդ դեղի էֆեկտիվության վերաբերյալ գնահատական տալիս եվրոպացի հոգեբույժները նույնիսկ հեգնում են: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները դեղամիջոցի անվտանգության հարցում վստահ լինելու նպատակով կատարել են հետազոտություն, որի արդյունքում պարզել են հետեւյալը. ««Մելտոլան-5» դեղը գրանցված չէ ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ ԱՄՆ-ում: Աշխարհում ամենահայտնի «Emea» եւ «Fda» դեղագործակալական ընկերություններում այն գրանցված չէ: Դա աբսուրդ բան է: Արտադրող ընկերության կայքէջում ճղճիմ տեղեկատվություն է տեղադրված, այն էլ` դեղի անվանման մասին»: Թե՛ հիվանդների, նրանց հարազատների եւ թե՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մոտ նաեւ տարակուսանք է առաջացրել այն հանգամանքը, որ դեղի տուփի մեջ բացակայում է պրեպարատի մասին տեղեկատվությունը, ինչը, բնականաբար, անթույլատրելի է: Ի դեպ, ՀՀ Դեղերի մասին օրենքում զետեղված է «Դեղերի պիտակավորումը եւ ձեւավորումը» հոդվածը, ըստ որի` «Պիտակը, պիտակավորված փաթեթը, թուղթ-ներդիրը, դեղի օգտագործման հրահանգը պետք է պարունակեն տվյալներ` հաստատված պահանջներին դեղի համապատասխանության մասին, նախազգուշացումներ` դեղաչափի գերազանցումից առաջացած վտանգի եւ դեղը երեխաներին անմատչելի տեղերում պահելու մասին: Դեղը կարող է մտնել շրջանառության մեջ, եթե արտաքին կամ առաջնային փաթեթավորման վրա պարզ ընթերցվում է դեղն արտադրող ֆիրմայի հասցեն եւ անունը, դեղի անվանումը, պատրաստման ամսաթիվը, օգտագործման ձեւը, յուրաքանչյուր միավորի եւ նրա մեջ ազդող նյութի կշիռը (ծավալը) եւ քանակը, պիտանիության ժամկետը, պահպանման պայմանները: Գենային ինժեներիայի մեթոդներով ստացված դեղերի վրա նշվում են դրա պատրաստման համար օգտագործված ակտիվ նյութը եւ ձեւափոխված միկրոօրգանիզմները: Դեղերի փաթեթի մեջ թուղթ-ներդիրի ձեւով տեղեկատվությունը պետք է պարունակի բուժվողի համար տվյալ դեղի ճիշտ օգտագործման մասին անհրաժեշտ տեղեկություններ»: Այնինչ «Մելտոլան-5» դեղամիջոցի տուփերում բացակայում են օրենքի վերոնշյալ պահանջները, հետեւաբար՝ այն շրջանառության մեջ դնելով՝ խախտվում է հոգեկան հիվանդություն ունեցող անձանց իրավունքը: Հոգեկան հիվանդություն ունեցող երիտասարդի հայրը վստահեցնում է, որ նման քայլի գնալով՝ մեր պետությունը շատ լուրջ վտանգի առաջ է կանգնելու, քանի որ թվով 42.357 հոգեկան հիվանդների հոգեկան առողջությունը վտանգելով՝ երկրի ազգային անվտանգության խնդիր է առաջանալու. «Հասկանո՞ւմ եք, պետբյուջեով գումար է փոխանցվում, որ նախարարությունը հիվանդներին ապահովի դեղորայքով: Հիմա պետության համար ձեռնտու է հիվանդներին տալ մարդասիրական օգնություն ստացած կասկածելի ձրի դեղը ու գումարները խնայել: Բայց մարդկային ճակատագրերի հետ են խաղում, որովհետեւ հիվանդների մոտ վատթարացում, սրացում է նկատվում: Դա պետության վրա ավելի թանկ է նստելու, քանի որ շատերը նորից հիվանդանոցում են հայտնվելու, հաշմանդամության կարգի խնդիր է լինելու եւ այլ ծախսեր, որոնք պետության հաշվին են լինելու: Շատերը չեն խմում այդ դեղը ու նորից վատանում, հիվանդանոց են ընկնում, իսկ ովքեր խմում են՝ նորից դրական փոփոխություն չեն զգում ու դադարեցնում են օգտագործել: Էն հիվանդների ընտանիքները, որոնք գումար ունեն` դեղատներից գնում են 3500 դրամանոց «Զիպրեքսան», բայց մեծ մասը սոցիալապես անապահով վիճակում է: Այսինքն` հասարակության մի մեծ հատված, խոցելի խավ այսօր գտնվում է ծանր վիճակում: Պետությունը հոգեկան հիվանդների հաշվին փո՞ղ է տնտեսում»:

Նշենք նաեւ, որ ինչպես ադեկվատ հոգեվիճակում գտնվող հիվանդներն, այնպես էլ` նրանց հարազատներն ու հասարակական կազմակերպության ներկայացուցիչները Հարութ Սասունյանին գրավոր նամակներով տեղեկացրել են որպես մարդասիրական օգնություն ուղարկած իր դեղամիջոցի բացասական ազդեցության մասին: Նաեւ խնդրել են այդ դեղի մասին տեղեկատվություն փոխանցել, սակայն Հ. Սասունյանը որեւէ կերպ չի արձագանքել: Հայաստանում գտնվելու օրերին նույնիսկ Հ. Սասունյանը չի արձագանքել հանդիպելու եւ խնդրի մասին քննարկելու նրանց խնդրանքին: «Մարդասիրական օգնություն տրամադրելը շատ ազգանվեր գործ է, բայց այդ ճանապարհով չի կարելի ուղարկել այն ամենը, ինչը մերժում են այլ երկրները: Մենք գործ ունենք մարդու հոգու հետ. առարկայի մասին չենք խոսում: Ի վերջո, Հ. Սասունյանը կարող էր աշխարհում լավագույնը համարվող «Զիպրեքսա» ուղարկել, ինչը շատ շնորհակալ գործ կլիներ: Հ. Սասունյանը անունը հնչեցնելու համար օգնություն է ուղարկում, բայց տարիների արդյունքում ձեռք բերված արդյունքը մենք կորցնում ենք: Բարեգործի անվան համար մարդիկ կորցնում են ապրելու հույսը, իսկ նախարարության համար ձեռնտու է մեծ գումար տնտեսելը»,- ասում է Ա. Մանուկյանը: Առողջապահության նախարարին ուղարկած դիմումին ի պատասխան՝ հ/կ-ի խորհրդի անդամները նամակ են ստացել ՀՀ ԱՆ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հ. Գրիգորյանից: Վերջինս տեղեկացրել է, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացված «Մելտոլան-5» դեղն, ըստ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի «Էքսլաբ-փորձագիտական անալիտիկ լաբորատորիայի» կողմից տրված եզրակացության` «համապատասխանում է ՉՏԲ-ի (Չափորոշիչ տեխնիկական փաստաթուղթ) պահանջներին»:

ՀՀ ԱՆ Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանը «Մելտոլան-5» դեղամիջոցի շուրջ ծավալվող աղմուկի մեջ միտում է տեսնում: Վերջինիս հավաստմամբ` «Զիպրեքսա» դեղամիջոցն արտադրող «Lilly» ընկերությունը հիվանդների եւ նրանց հարազատների շրջանում միտումնավոր անհանգստություն է հրահրում. պատճառը թերեւս այն է, որ «Զիպրեքսային» ներկայումս փոխարինող «Մելտոլան-5» դեղամիջոցի մուտքը վնասում է վերոնշյալ արտադրանքի սպառմանը: «Մելտոլան-5»-ը թե՛ էֆեկտիվությամբ, թե՛ բուժական ազդեցությամբ ոչնչով չի զիջում «Զիպրեքսա» պրեպարատին: Ես փաստերով եմ խոսում, որը Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ պրն Թորոսյանի փաստարկն է»: Մեր զրուցակիցները նաեւ վստահեցնում էին, որ հանրապետության հոգեբույժ-մասնագետները նույնպես անհանգստացած են մարդասիրական օգնության ճանապարհով ստացված պրեպարատի կիրառությունից, մինչդեռ Մ. Հարությունյանն ասում է. «Որեւէ նման տեղեկատվություն չենք ունեցել: Մենք պարբերաբար զրուցում, քննարկում ենք պրն Թորոսյանի հետ, եւ որեւիցե հիվանդի մոտ առաջացած որեւէ խնդիր չենք ունեցել: Ամբողջ հարցը հոգեբանական խնդիր է. հիվանդները չեն հավատում հնդկական արտադրության դեղամիջոցին»: Մ. Հարությունյանի հավաստմամբ` այդ դեղամիջոցից հրաժարվող հիվանդները կարող են գրավոր դիմում ներկայացնել եւ դեղատներից իրենց նախընտրելի դեղամիջոցը գնել: Մ. Հարությունյանի ասելով` պետությունն ահռելի գումարներ է ծախսում «Զիպրեքսա» դեղամիջոցը գնելու համար. մեկ հիվանդի համար եռամսյակի կտրվածքով մոտավորապես 1մլն դրամից ավելի գումար է ծախսվում: «Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն թույլ տալ նման թանկարժեք օգնությունից հրաժարվելու, մանավանդ, որ դեղը որակյալ է, ուսումնասիրված է եւ բոլոր չափանիշներով համապատասխանում է չափորոշիչ փաստաթղթային նորմատիվներին: Նախարարությունը խնայողություն է անում ոչ թե հոգեկան հիվանդների, այլ հումանիտար օգնության հաշվին, իսկ նախատեսված գումարը տեղափոխում ենք այն հիվանդության դեղորայքի ձեռքբերման համար, որի անհրաժեշտությունը կա»,- ասում է Մ. Հարությունյանը` ներկայացնելով «Բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն` «Մելտոլան-5»-ը համապատասխանում է ՉՏՓ-ի պահանջներին: Նա մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ ԱՄՆ-ում այդ դեղամիջոցը լայն կիրառում ունի, եւ լուրերը, թե այն գրանցված չէ` չեն համապատասխանում իրականությանը: Ի դեպ, Մ. Հարությունյանի պնդմամբ` Հարութ Սասունյանն առաջարկել է մարդասիրական օգնություն ուղարկել կա՛մ «Զիպրեքսան», կա՛մ «Մելտոլան-5»-ը, սակայն ԱՆ-ն նախընտրել է հնդկական արտադրության դեղամիջոցը, քանի որ այն ավելի էժան ձեռք բերելով՝ Հ. Սասունյանն առավել մեծ խմբաքանակ է ուղարկել: Մ. Հարությունյանի հավաստմամբ` դեղորայքի համար նույնիսկ միջազգային փորձագիտական կենտրոնում հարցում է կատարվել եւ ճշգրտվել է չափանիշներին համապատասխանելիությունը: Ինչ վերաբերում է «Մելտոլան-5» դեղամիջոցի տեղեկատվություն պարունակող թուղթ-փաթեթների բացակայությանը, ապա Մ. Հարությունյանի ասելով՝ պատճառն այն է, որ մարդասիրական օգնության մաքսազերծումը կատարվում է ըստ քաշի, հետեւաբար՝ այդ տեղեկատվական թղթերը հանվում են, իսկ դեղամիջոցն էլ, ըստ նրա` տրամադրվում է մասնագետների ցուցումներով: