Տասնյակ հարցեր ու հազարավոր ստորագրություններ

08/04/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Սովորաբար համարվում է, որ մեր երկրի ներքին կյանքում սոցիալական խնդիրները գործոն չեն: Անցած 20 տարիների ընթացքում սոցիալական որեւէ պրոբլեմ հասարակական դժգոհության պատճառ չի դարձել: Բունտի կամ գոնե ցույցերի մակարդակի դժգոհության: 90-ականների առաջին կեսին (էներգետիկ ճգնաժամի ամենաթունդ տարիներին) քիչ թե շատ բազմամարդ էին խաբված ավանդատուների հանրահավաքները: Խոսքն այդ տարիներին իրար ետեւից պայթող նորաթուխ բանկերի ու ֆինանսական կառույցների ավանդատուների մասին է: Բայց նրանք ոչ մի քաղաքական ուժի չթույլատրեցին քաղաքականացնել իրենց պայքարը, բավարարվելով ավանդների վերադարձման տնտեսական պահանջով: Հետագայում, կարծեմ 1999թ. խորհրդարանական ընտրությունից առաջ ու կարծեմ ջրի սակագնի բարձրացման ու նախկին պարտքերի ներման մեխանիզմների առաջարկով ՀՅԴ-ն փորձեց օգտվել բնակչության բողոքներից: Քաղաքական հետեւանքներն աննշան էին: Ընտրական քվեների իմաստով` Դաշնակցությունն ակնկալածից քիչ ձայն ստացավ: Հետո կարելի է հիշել խորհրդային ավանդների վերադարձման ՕԵԿ-ական ավանտյուրան: Խորհրդային ավանդատուները սոցիալական ամենաաղքատ ու ամենախոցելի խումբն էին կազմում: Նաեւ ամենամեծ խումբը: Ուստի ՕԵԿ-ն ահագին ձայն ստացավ: Ահա, փաստորեն համակարգչային կես էջից պակաս տարածքի վրա հնարավոր է համարյա ամբողջությամբ շարադրել Հայաստանում սոցիալական խնդիրների ծնած բողոք-շարժումների պատմությունը: «Ինչո՞ւ են հայերն այդքան անտարբեր սոցիալական հարցերում» հարցը բազմաթիվ պատասխաններ ունի: Այնքան բազմաթիվ, որ դժվար է դրան որեւէ խումբ հիմնական համարելը: Նախ` հայ մարդու ընկալմամբ աղքատ լինելը ամոթալի երեւույթ է: Համարյա` արատ: Երկրորդ` Հայաստանում մշտապես բնակվող հայերի միայն մի մասն է իր ապրուստը հայրենիքում վաստակում: Արտահանված աշխատուժի ուղարկած գումարները ծախսող քաղաքացիների համար բարձր գներից ու սակագներից բողոքելը երեւի ընդունելի չէ: Եվ այլն, եւ այլն: Հիմա սոցիալական բողոքներն ուղղորդելու հետաքրքիր նախադեպ է մշակվում: Առջեւում ընտրություններ չկան: Բայց միանգամից քաղաքական երկու ուժ փորձում է բնակչության սոցիալական խնդիրներին «տեր կանգնել»: Հայ Ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը: Խոսքը ապրիլի մեկից գազի սակագնի մոլեգնած գնաճի մասին է: Դաշնակցությունը մոտ 2 տասնյակ հարցեր է ուղղել կառավարությանը՝ փորձելով պարզաբանել սակագնի աճը: Այս քայլը միանգամից կարելի է «միամիտ» որակել: Մեր կառավարությունը սակագների բարձրացման հարցում պակաս շահագրգիռ չէ, քան այդ սակագները գանձող համապատասխան ընկերությունները: Միայն էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների բարձրացումը կառավարությանը համապատասխանաբար մոտ 4 եւ 3 մլրդ դրամ լրացուցիչ գումար ապահովեց: Տարեկան ու միայն ԱԱՀ-ի գծով: Հետեւաբար սակագների բարձրացման դեմ պայքարելը բացառապես սպառողների խնդիրն է: Այս հարցում գործադիր իշխանությունից ու կառավարող կուսակցությունից աջակցություն սպասելը պարապ խնդիր է: Իշխանությունները լավագույն դեպքում 3000 դրամով թոշակ կբարձրացնեն ու զուգահեռաբար եկամտի աճը պատճառ դարձնելով՝ առավել աղքատ ընտանիքներին նպաստառուների ցուցակից կհանեն: Հիմա ՀԱԿ-ն է ստանձնում սոցիալական շահերի պաշտպանությունը: Քաղաքական այս միավորումը 7 հազար 230 քաղաքացիների ստորագրությամբ հայց է ներկայացրել դատարան: Հայցի պատճենները ուղարկվել են բոլոր շահագրգիռ կողմերին` «ՀայՌուսգազարդ». «Տրանսգազ», Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ ֆինանսների նախարարություն: Առայժմ հայտնի է միայն «ՀայՌուսգազարդի» պատասխանը: Նրանք հայտարարում են, որ գիտեն, եւ «Ընկերության ղեկավարությունը բազմաթիվ անգամ բարձրաձայնել է իր մտահոգությունը սակագնի բարձրացման հետեւանքների շուրջ` նշելով, որ այն ծանր բեռ կարող է լինել սպառողի համար»: Բայց պատասխանի մեջ ընկերությունը նաեւ փորձում է մխիթարել սպառողին՝ ասելով, որ «բնական գազը կշարունակի մնալ ամենաէժան եւ հարմարավետ էներգակիրը»: Կարծես թե աշխարհում կա մի երկիր, ուր էլեկտրաէներգիան կամ բենզինը գազից էժան են: Կամ կան երկրներ, ուր բնակիչները ճաշ են եփում ու բնակարան ջեռուցում միջուկային գեներատորներով, որովհետեւ գազն այդ երկրներում թանկ է: Բոլոր դեպքերում քաղաքական այս կամ այն ուժի կողմից բնակչության սոցիալական խնդիրների վրա կենտրոնանալը նշանակում է, որ այդ խնդիրները ներքաղաքական կյանքում սկսել են կարեւորվել: Հայաստանում էլ այն դառնում է կարեւոր: Ու անհողդողդ ու հաստատ ընթացող գնաճը կարող է հանգեցնել «սոված բունտի»: Հասարակության ընդվզման ամենահասկանալի, բայց միաժամանակ ամենադաժան ու ամենասարսափելի տարատեսակին: Ոչ մի հասարակություն ի վիճակի չէ անվերջ ձգել գոտին: Անկախ ազգային մենթալիտետից: