Գյուղի հոգսաշատության մեջ տոները գրեթե միշտ մոռացության են մատնվում, ինչպես հերթական տոնը` Ապրիլի 7-ը: Սա էլ օրացուցային օր է, որն անցնում է այնպես, ինչպես Ազատավան գյուղի հեծանվորդները:
Իսկ տոնի մասին հիշեցրեց միայն Ազատավան գյուղի ետդարձի ճանապարհին կանգնած աղջիկը, որը նոտայի հնգատող թղթում փաթաթել էր կարմիր կակաչներն ու հայացքի վեհությամբ նայում էր շուրջը: Քիչ անց փոքրիկը բացեց Ազատավան-Երեւան երթուղային տաքսու դուռն ու հարցրեց, թե արդյո՞ք երթուղայինը հասնում է Մխչյան գյուղ: Անհասկանալիորեն վարորդն ազդու տոնով ասաց` ո՛չ, որից հետո աղջիկը շփոթված փակեց երթուղային տաքսու դուռը:
Տարիներ առաջ Արարատի մարզի Չիգդամլու գյուղը վերանվանվեց Ազատավան: Գյուղի բնակիչները պատմում են, որ իրենց տարածաշրջանում գրեթե բոլոր գյուղերի անվանումները թուրքերեն էին: Սա բացատրում են այն փաստով, որ այդ վայրերը առավելապես բնակեցված են եղել թուրքերով: «Էս գյուղը 1928-30թթ. ա հիմնադրվել: Անընդհատ ենթարկվել ա հարձակումների»,- ասաց Ազատավան գյուղի պատմության եւ աշխարհագրության նախկին մանկավարժ Լուսաբեր տատը` պատմական Չիգդամլուից անցնելով գյուղի ներկա հոգսերին: «Ժողովուրդը տանջվում ա: Չի ապրել ու չի ապրում: Գյուղացուն ոչ մեկը ոչ մի բանով չի օգնում` ուզում ա անձրեւ գա, ձյուն գա` մեկ ա: Կարկուտ եկավ, վնասեց ամեն ինչ, բայց ո՞վ էկավ ասի` ո՞նց եք: Դրա համար էլ գյուղը քիչ-քիչ դատարկվում ա»,- շարունակեց Լուսաբեր տատը` մատնացույց անելով գյուղի անմշակ հողատարածքները:
Գյուղում քայլելիս դժվար չէր նկատել ապակիները ջարդած ջերմոցները, խոտածածկույթով պատված հողերն ու հողաշեն հին տները: «Այ մարդ, գյուղացուն ոչ մի բանով էլ չեն օգնում: Ջուրը 9 դրամ էր, դարձրին 11 դրամ, գազը, ջհանդամը, իրենց գլուխը: Դե հիմա ասա` դաշտում աշխատողին ինչո՞վ են օգնում: Եթե ես 5000 մետրին ջուր անեմ, 5500 դրամ պիտի փող տամ: Տակը մեզ օգուտ չի մնում, մնում ա մենակ մեր չար-չա-րան-քը»,- դժգոհում էր պարոն Վալտերը` շարունակելով փոցխել տնամերձ հողամասը: «Վերեւների» մասին նա խոսում էր անզուսպ զայրույթով ու հուսահատությամբ: Այգու ցանկապատին մոտենալով` վերջինս հարցրեց, թե մինչ օրս ե՞րբ են գյուղացուն օգնել, որ այս գարնանն էլ օգնեն: Գյուղացիներն արդեն գիտեն, որ իրենց ամբողջ տարվա աշխատանքն իրացնում են կոպեկներով` հարստացնելով հարուստներին ու պարտքերի մեջ խրելով իրենց: Ըստ գյուղի բնակիչների` հողի մշակման համար իրենք ծախսում են նվազագույնը 50.000 դրամ: «Սածիլներին փող ենք տալիս, պարարտանյութերին տալիս ենք, տրակտորին փող ենք տալիս: Անցած տարի 1000 մետրը տրակտորը վարում էր 3000 դրամով, էս տարի դարձրել են 4000 դրամ»,- հանգամանորեն նշում է պարոն Վալտերը: Վերջինիս միացավ նաեւ գյուղի մեկ այլ բնակիչ` պարոն Յուրան: «Դուք քանի՞ դրամով եք ուզում խաղողն առնեք, ասեք: Էս տարի խայտառակ ձեւով ենք վաճառել: Հազիվ կարողացա 80 դրամով հանձնել: Ի՞նչ անեմ»,- ասաց նա` կարծելով, թե ես գյուղացիների հետ բերքի իրացման պայմանագրեր եմ կնքում: Քիչ անց իմանալով լրագրող լինելուս մասին` ավելացրեց. «Պարզ ա, ես էլ իմացա՝ եկել եք պայմանագիր կնքեք»: «Գնացեք էդ ձեր վարչապետին ասեք` բա ասո՞ւմ էիք` եկեք բոլորս երեսներս դարձնենք դեպի գյուղացին: Բա ո՞ւր կորան երեսները, հը՞: Գյուղի վիճակն իրականում ահավոր ա: Սաղ մեծերը գալիս են մեզ մոտ հողեր են առնում, գյուղացուն էլ դարձնում են ճորտ: Եթե գյուղացին ոռոգման ջրի խնդիր ունենա, բա էլ ի՞նչ բերքի մասին ա խոսքը: Էս վիճակը հենց վերեւներն են սարքել: Աղջիկ ջան, առաջ մեր էս գյուղում արտեզյան ջրեր կային, հիմա էլ կան, ուղղակի էն ժամանակ գյուղացին կարողանում էր ջրել արտը: 50 դրամ էր 1խմ-ն, հետո սարքեցին 80, հիմա էլ ասում են` 120 դրամ ա: Դա է պատճառը, որ գյուղի հողերի 60 տոկոսն անմշակ են մնացել»,- գյուղի մայրուղու մոտ զայրացած բողոքում էին երկու ազատավանցի պապիկներ` չցանկանալով ներկայանալ: «Մեզ բոլորը շատ լավ ճանաչում են: Փառավոր անցյալ ենք ունեցել, հիմի ինչի՞ պիտի ասենք մեր անունները, համ էլ ի՞նչ կարեւոր ա: Մեր ասածները հենց էդպես էլ գրելո՞ւ ես… Չենք հավատում: Էսօր ժողովրդի 30 տոկոսը հազիվ ա մշակում հողը: Սաղ հողերը վերեւներն են առել ու օգուտ են ստանում»,- շարունակեցին պապիկները` խորը հոգոց հանելով: Իսկ երբ նրանցից մեկը փորձում էր թվարկել, թե իշխանական բուրգից ովքեր են հողեր գնել իրենց տարածաշրջանում, մյուսը սաստեց: «Իրանք ավելի լավ գիտեն, սո՛ւս: Ինքը չգիտի՞, որ հիմա մեր ղեկավարներն ամբողջ գյուղերը սկսել են կոլեկտիվացնել: Իրենք 100.000-ավոր խաղողի այգիներ են տնկել, ժողովրդի խաղողին էլ չեն նայում: Պարզ ա, չէ՞»,- անտարբերությամբ նշեց մյուսն, ու իրար հետ խոսելով հեռացան: Ցավալին այն է, որ անգամ Ազատավան անուն ունեցող գյուղում են մարդիկ ապրում վախվորած ու անազատության մթնոլորտում:
Գյուղի մթերային խանութներից մեկում փորձեցի հարցնել ապրանքատեսակների գները: Վաճառողուհին լռեց` պատասխանելով, որ ինքը նոր է աշխատում խանութում ու դեռ չգիտի գները: Ու այնպիսի տպավորություն էր, ասես, Ստալինի կամ Բրեժնեւի ուրվականն էր վերադարձել Ազատավան: Գյուղապետարանի անկյունի փոստային հին արկղն ու Հանրապետական կուսակցության ցուցանակը շատ ավելի խոսուն էին, քան գյուղապետարանի եվրովերանորոգված շենքն ու ներսի աշխատակիցները: Սա, ինչ խոսք, մեր իշխանության փոքրիկ մոդելն է, որին լրացնում է նաեւ ղեկավարի մշտազբաղ կամ տեղում չլինելու արտահայտությունը: «Գյուղապետը տեղում չէ»,- շեշտեց գյուղապետարանի աշխատակից կինը` անհասկանալիորեն նետվելով դեպի ընդունարանի դուռը: Իհարկե, տվյալ դեպքում հասկանալի է այն, որ գրեթե բոլոր գյուղական համայնքի ղեկավարներն ունենում են խոսելու իրենց սրբագրված տեքստերը: «Մեր գյուղապետարանն ինչո՞վ օգնի, աղջիկ ջան: Իրենց էլ պիտի տան, որ մեզ օգնեն: Էս տարի սաղ ծիրանը կարկտահարվել ա, բան չկա: Մենք էլ հողի հույսին ենք, Աստծո փեշին ենք նայում»,- փոխարենը գյուղապետին պաշտպանության կանգնեց Լենա տատը, որը գուցե չէր էլ նկատել գյուղապետարանի շքեղ վերանորոգումն ու դրա անմիջապես դիմաց գտնվող գյուղի նախկին մշակույթի ակումբի շենքը: Քիչ անց փողոցում գտնվող ջրի ծորակներից մեկի մոտ հանդիպեցի գյուղի բնակիչ Արմենին, որը քարին նստած ուշադիր հետեւում էր ծորակից մեղմ հոսող ջրին: «Գարնանացանը սկսել ա: Ես էլ այգի ունեմ: Պոմիդոր, բադրիջան, բիբար եմ մշակում: Քանի գնում ա` վիճակը ավելի ա վատանում»,- ասաց Արմենը: Իսկ այն հարցին, թե Գյուղնախարարությունն իրենց ինչո՞վ է աջակցում, պատասխանեց. «Ես էսքան ժամանակ, վնասից բացի, օգուտ չեմ տեսել: Արտեզյան ջրեր կան, որոնցով դաշտ ենք ջրում: 1 ժամ դաշտ ջրելու համար գյուղացին պիտի 1000 դրամ վճարի: Հեն ա, գյուղապետի տեղակալն ա գալիս` իրենից հարցրու, կասի»: Իսկ գյուղապետի տեղակալն էլ, ի պատասխան համագյուղացու, այսպես արձագանքեց. «Հա՛, ես գիտեմ: Գյուղապետարան էլ էր եկել: Ես հիմա որեւէ բան չեմ կարա ասել, շտապում եմ»: Իսկ իրականում գյուղացիների հետ զրուցելիս հասկանում ես, որ գյուղում խնդիրները շատ են, իսկ դրանց լուծում տվողները` քիչ: «Թուրն էլ ա վերեւների ձեռքին, թվանքն էլ: Ասեք` ո՞վ ա գյուղացին»,- իր խոսքի վերջում այսպես եզրահանգեց Ազատավան հարս գնացած կինը, որին հանդիպակաց գտնվող խանութի ցուցանակն անցնող-գնացողներին փորձում էր համոզել` «Հրաշք աշխարհի» մասին,,,