Ինչո՞ւ հայկական ԱԳՆ-ն թուղթ չի սիրում

08/04/2010 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Անկախություն ստացած Հայաստանի դիվանագիտության ծառայության ամենահիմնական խնդիրներից մեկը եղել եւ հիմա էլ մնում է լեզվի` ոչ թե օտար, այլ մայրենի բանավոր ու գրավոր խոսքի հետ կապված դժվարությունները:

Երբ ԱԳՆ-ն սկսեց համալրվել օպերատիվ-դիվանագիտական կադրերով, պարզ դարձավ, որ բարձրագույն կրթությամբ երիտասարդներից շատերը, մեղմ ասած, «կաղում են» հայերենից: (Հայկական իրականության մեջ կար, այժմ էլ որոշ չափով դեռ կա մի հետաքրքիր ֆենոմեն. մարդն իր կիսագրագիտությունը բացատրում է նրանով, որ կրթությունը ռուսական է: Բայց, ցավոք սրտի, նման անձնավորության ռուսերենի իմացության մակարդակը եւս ցածր է լինում: Սրան ավելանում է մեկ ուրիշ պրոբլեմ: Հանրապետությունը նստած է անգլո-ամերիկյան լեզվական «ասեղին»: Բոլորը սովորում եւ խոսում են անգլերեն: Անշուշտ, կա երիտասարդության մի փոքր տոկոս, որը տիրապետում է այդ գեղեցիկ լեզվին: Սակայն մեծամասնությունը OգK-ից այն կողմ չի անցնում: Մոռացանք ռուսերենը, չսովորեցինք անգլերենը): Եվրոպական բաժնի աշխատողներին հանձնարարված էր մեկ-երկու էջի սահմաններում կազմել տեղեկանք` այն մասին, թե ինչպես են իրենք պատկերացնում Հայաստանի հարաբերությունները այդ աշխարհամասի պետությունների հետ: Սկսնակ դիվանագետներից մեկը հանձնարարությունը երկու շաբաթ ձգելուց եւ զգուշացումներից հետո վերջապես ներկայացրեց իր օպուսը: Բովանդակության մասին հիշելն անգամ ավելորդ է. դա պարզապես բառակույտ էր` աբռակադաբռա: Իսկ ձեւակերպման առումով` կատարյալ «գլուխգործոց»: Այդ ժամանակ նախարարությունը դեռեւս կոմպյուտերներ չուներ, եւ երիտասարդը տեղեկանքը գրել էր ձեռքով, Ա-4 չափի թղթի վրա: Ուղղագրական եւ բազմաթիվ կետադրական սխալների կողքին, նա չէր կարողացել տողը պահել, եւ ստացվել էր աղեղնաձեւ պատկեր, իսկ վերջում թղթի ձախ անկյունում տեղավորվել էր ընդամենը մեկ բառ: Քանի որ մեր հերոսը ներկայումս գտնվում է հայկական դիվանագիտության Օլիմպոսի ամենաբարձր գագաթներում, բոլոր հիմքերը կան, առանց սխալվելու մեծ հավանականության, ենթադրել, որ նա արդեն տիրապետում է մայրենի քերականությանը եւ գրելու տեխնիկային:

Հեղինակի անձնական արխիվից

Անշուշտ, անցած տարիներին նախարարությունում աճել է երիտասարդ կադրերի լավ պատրաստված սերունդ: Սակայն եւ՛ բանավոր, եւ՛ գրավոր խոսքի նկատմամբ արհամարհական, անփույթ վերաբերմունքը մնացել է այդ գերատեսչության բնորոշ գործելակերպերից մեկը: Համոզվելու համար լսեք կամ կարդացեք ԱԳՆ-ի հրապարակած նյութերը` տարբեր մակարդակներով արվող հայտարարությունները, հարցազրույցները, մամլո ասուլիսները եւ կտեսնեք, որ բացի քաղաքական եւ պրոֆեսիոնալ ոչ պատշաճ մակարդակից՝ դրանք տառապում են նաեւ լեզվական լուրջ թերություններով: Սա գալիս է նաեւ նրանից, որ այդ համակարգը, կոպիտ ասած, «գրելու հետ գլուխ չունի»: Դժվար կգտնեք որեւէ երկրի արտգործնախարարություն, որը կանոնավորաբար չստանա դեսպանության ինֆորմացիոն-վերլուծական փաստաթղթեր եւ հենվելով դրանց վրա՝ չուղղորդի ներկայացուցչությունների հետագա աշխատանքը: Այստեղ եւս մենք բացառություն ենք: Եթե նախարարությունում չկա փաստաթղթերի պատշաճ շրջանառություն կամ այն համապատասխան մակարդակի վրա դրված չէ, ապա մի կողմից՝ լուրջ խնդիրներ կարող են ծագել այդ նախարարության ու կառավարության մյուս կառույցների միջեւ, իսկ մյուս կողմից` նախարարության եւ հասարակության միջեւ: Խոսքը ինչ-որ երկրորդական հիմնարկության մասին չէ: Արտգործնախարարությունը առանցքային գերատեսչություն է, որից կախված են պետության արտաքին քաղաքականության հարցերը եւ որոշ առումով նաեւ՝ անվտանգությունն ու ներքին բարեկեցությունը: Կրկնում ենք, ինչպե՞ս կարող է ԱԳՆ-ն նորմալ փոխգործակցել պետության այլ մարմինների հետ, եթե նա դեսպանություններից չի ստանում այն հիմնարար փաստաթղթերը, որոնցում արտացոլված է աշխարհի քաղաքական անցուդարձը եւ նախարարության չարածն ու անելիքը այդ ենթատեքստում: Ինչպե՞ս կարող է նա հաշվետու լինել պառլամենտի եւ ժողովրդի առաջ, թե ի՞նչ է բերել երկիր եւ ի՞նչ տարել երկրից: «Չկա մարդ, չկա խնդիր». այս կործանարար գաղափարը, ըստ երեւույթին, Հանրապետության հրապարակում ձեւափոխվել է «Չկա փաստաթուղթ, չկա պատասխանատվություն» մեղքերի թողության վկայագրի` ինդուլգենցիայի: Այն, որ մենք թուղթ չենք սիրում, ես համոզվեցի դեռեւս նախկին ռեժիմի օրոք:

Ռոբերտ Քոչարյանի Բեյրութ պաշտոնական այցելության կապակցությամբ դեսպանությունը տասնյակ փաստաթղթերի, այդ թվում՝ նախագահի ելույթների նախագծերն ուղարկեց Երեւան: Նրա աշխատակազմը, որը զբաղվում էր այցելության կազմակերպման գործով, ոչ միայն անտեսեց գրագրության կարեւորությունը (թեկուզ պետական արխիվում հետք թողնելու համար), այլեւ դժգոհություն հայտնեց «մարդկանց ավելորդ տեղը ծանրաբեռնելուց, եւ այդ բոլորը` հեռախոսի ծառայությունից խուսափելու համար»:

Հեղինակի անձնական արխիվից

Մեսրոպատառ ոսկեղենիկը դիվանագետի լեզու չէ՞

Հայկական դիվանագիտական գրագրության համար գոյություն ունի մեկ ուրիշ` օբյեկտիվ դժվարություն եւս: Ես նկատի ունեմ հայերենի լեզվական առանձնահատկությունը: Դարեր շարունակ չունենալով պետականություն եւ դիվանագիտական հարաբերություններ, մենք, բնականաբար, զրկված ենք եղել գրագրության համապատասխան կուլտուրա եւ ավանդույթներ ձեռք բերելու հնարավորությունից, չենք ստեղծել դիվանագիտական-քաղաքական օպտիմալ լեզու ու բառաֆոնդ: Եվրոպական լեզուները եւ ռուսերենը միանգամայն զգայուն են փոխառությունների եւ նեոլոգիզմների նկատմամբ: Անգլերենի քաղաքական բառապաշարի 60%-ը վերցված է ֆրանսերենից: Ռուսերենը հետ չի մնում անգլերենից եւ ավելի շատ փոխառություններ ունի ֆրանսերենից, մի փոքր էլ՝ գերմաներենից: Հայերենը, այս հարցում, որքան ես եմ հասկանում, պատկանում է պահպանողական լեզուների շարքին, ինչպես, օրինակ` արաբերենը: Մյուս կողմից` ժամանակակից քաղաքական տերմինների եւ արտահայտությունների հայերեն թարգմանությունները միշտ չէ, որ համարժեք են դրանց օտար իմաստներին: Օրինակ` ռազմավարությունը եւ մարտավարությունը, ըստ իս, այնքան էլ չեն համապատասխանում ստրատեգիային եւ տակտիկային, առարկայականը եւ ենթակայականը` օբյեկտիվին եւ սուբյեկտիվին, լավագույնը` օպտիմալին, տեղեկատվությունը` ինֆորմացիային, գործընթացը` պրոցեսին, տեսակետը` ասպեկտին, խորքայինը` գլոբալիզացիային, ամբոխահաճությունը` պոպուլիզմին, ծավալապաշտությունը` էքսպանսիային, օրինականը` լեգիտիմին, խարիսխը` բազային, շահաբաժինը` դիվիդենտին, բարեփոխումը` ռեֆորմին, կնիք-մակագիրը` գրիֆին, եւ այլն, եւ այլն: Երբ գտնվում է օտար բառի ճիշտ թարգմանությունը եւ համարժեքը, այն, բնականաբար, դառնում է մերը, իսկ արհեստածինը մնում է խորթ եւ աղավաղում է տեքստի իմաստը, հակասում նրա քաղաքական ու դիվանագիտական տրամաբանությանը: Քաղաքական տեքստը, եթե անգամ գրված է ընտիր եւ մաքուր հայերենով, միշտ չէ, որ ընկալելի եւ անթերի է պրոֆեսիոնալ առումով: Անհնար է այսօր ծավալվող իրադարձությունների մասին խոսել կամ գրել մեր նախապապերի ժամանակավրեպ` արխաիկ լեզվով: Այդ իսկ պատճառով, Արտգործնախարարության ներքին գրագրության, ինչպես նաեւ՝ ԶԼՄ-ներում միջազգային հարաբերությունների եւ արտաքին քաղաքականության ներկա լեզուն վերանայման կարիք ունի: Սա, կրկնում եմ, զուտ իմ անձնական կարծիքն է, որի հետ կարելի է համաձայնել կամ` ոչ:

Այն մասին, թե ինչպես դեսպանի խոհարարը դարձավ խաբեբա սրիկա

Դիվանագիտական գրագրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` արտաքին եւ ներքին: Արտաքին գրագրություն ասելով՝ հասկանում ենք այն փաստաթղթերը, որոնք փոխանակվում են տարբեր երկրների նախարարությունների եւ դեսպանությունների միջեւ: Դրանց թվին են պատկանում վերբալ եւ անձնական նոտաները, կիսապաշտոնական բնույթի անձնական նամակները, հուշագրերը (մեմորանդում), կառավարական հայտարարությունները, արտաքին գործերի նախարարի, պրեմիեր-մինիստրի, նախագահի ուղերձները: Դիվանագիտական փաստաթուղթ է համարվում կառավարության, նախագահի բաց հեռագիրը, նախարարության հայտարարությունը, պետության լիդերի ելույթը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում: Դիվանագիտական ներկայացուցչությունները ժամանակ առ ժամանակ ստանում են ցուցարարների դիմում-պետիցիաներ, քաղաքացիների խմբակային դիմումներ, որոնք ուսումնասիրման եւ վերլուծման կարիք ունեն, հետեւաբար, նույնպես, դասվում են դիվանագիտական փաստաթղթերի շարքին: Արտաքին եւ ներքին օգտագործման դիվանագիտական փաստաթղթերը տարբերվում են եւ՛ ձեւով, եւ՛ բովանդակությամբ: Արտաքին օգտագործման փաստաթուղթը կազմելիս անհրաժեշտ է տասնապատիկ ուշադիր լինել, քանզի այն առաքվում է օտար երկիր:

Սենեգալում ԽՍՀՄ-ի դեսպանությունը հավատարմագրված էր նաեւ հարեւան փոքր երկրում` Գամբիայում: Առաջինը նախկին ֆրանսիական գաղութ էր, երկրորդը` բրիտանական: Նրանց պետական լեզուները իրենց մետրոպոլիայի լեզուներն էին մնացել` ֆրանսերեն եւ անգլերեն: Մենք Գամբիայի մայրաքաղաք Բանջուլում նստավայր չունեինք, եւ ամիսը գոնե մեկ անգամ դեսպանը, նրա վարորդը, խոհարարը եւ տողերիս հեղինակը այցելում էինք այդ երկիրը ու, մի քանի օր մնալով այնտեղ, աշխատում էինք տեղական իշխանությունների եւ դիվանագիտական կորպուսի հետ: Գամբիան, լինելով արեւմտամետ (կարդացեք՝ անգլիամետ) երկիր՝ մեզ մշտական վիզա չէր տալիս եւ ամեն այցելությունից առաջ պահանջում էր վերբալ նոտա՝ ժամանակավոր վիզաներ հատկացնելու համար: Եվ դա անում էր չկամությամբ, ուշացումով: (Պատճառը նաեւ այն էր, որ 1981թ. Բանջուլում տեղի ունեցավ պետական հեղաշրջման անհաջող փորձ, որի մեջ նախագահ Դաուդա Ջավարան համառ կերպով փնտրում էր Մոսկվայի «հետքը», չնայած այդ հարցում մենք իսկապես անմեղ էինք, բայց ինչպես ասում են՝ ավելի լավ է աչքդ դուրս գա, քան անունդ): Եվ ահա փոխհյուպատոսը (անվանենք նրան Պետրով) հերթական վիզա խնդրելու համար վերբալ նոտա է ուղարկում Գամբիայի Բարձր կոմիսարիատ, այսինքն՝ Արտգործնախարարություն, նշելով մեր բոլորի անուն-ազգանունները եւ պաշտոնները: Սակայն նա թույլ է տալիս աններելի անփութություն: Խոհարար Ալեքսեյ Դենիսովի (ազգանունը փոխված չէ) անվան դիմաց «cook»-ի` «խոհարարի» փոխարեն, Պետրովը, իհարկե պատահաբար, գրում է «crook» բառը, որը անգլիական ժարգոնով` սլենգով, նշանակում է՝ խաբեբա, սրիկա, խարդախ: Թե ինչ մտածեցին հիշյալ դեպքի կապակցությամբ գամբիացիները, մնում է գուշակել: Սակայն Դենիսովը վիզա չստացավ, իսկ դեսպանությունը այլեւս այն չպահանջեց: Պետրովին թեթեւակի նախատեցին, եւ նա հանգիստ ավարտեց իր գործուղման ժամկետը: Մնում է նշել, որ փոխհյուպատոսը նույն «K» վարչությունից էր, որը արտասահմանում զբաղվում էր արտաքին հակահետախուզության խնդիրներով:

Հեղինակի անձնական արխիվից

Շարունակելի