Բացահայտել են

08/04/2010

Պետական եկամուտների կոմիտեի Քննչական եւ Օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող հերթական տնտեսվարողի, ում կողմից կատարված գործարքների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Երկու տարվա ապօրինի գործունեություն, հետեւանքը` պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր առմամբ շուրջ 150մլն դրամի վնաս: Պետական եկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության եւ Քննչական վարչությունների աշխատակիցների իրականացրած միջոցառումների արդյունքում օրերս հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ Ալբերտ Գալստյանը, ով հանդիսանում էր միաժամանակ երեք ընկերությունների իրական ղեկավարը: Այդ փաստը քողարկելու նպատակով նա իր ծանոթներին դրդել է զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: «ՎԳԳԱ», «Տիպգոր» եւ «Գոհար Ասուպ» ընկերությունները գործել են Գոռ Վերդյանի, Ջուլիետա Կարապետյանի եւ Ներսես Զախարյանի անուններով, գրանցվել պետական ռեգիստրում եւ հաշվառվել տարածքային հարկային տեսչություններում: Սակայն, վերջիններիս դրամական պարգեւ խոստանալուց հետո, Ալբերտ Գալստյանը, ով իրականում ղեկավարել է այդ կազմակերպությունները, վերցնելով կնիքները, անձամբ է զբաղվել ապրանքների ձեռքբերմամբ եւ իրացմամբ, բայց իրականացրած գործունեության վերաբերյալ հարկային մարմիններին ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հաշվետվություններ, կամ առհասարակ չի ներկայացրել: Այդկերպ Գալստյանը չարամտորեն խուսափել է պետբյուջե վճարել առանձնապես խոշոր չափի` շուրջ 130մլն դրամի հարկեր եւ սոցիալական ապահովագրության վճարներ: Բացի այդ, նաեւ առանց ապրանքների մատակարարման, ՀՀ-ում գործող մի շարք ընկերությունների տրամադրվել են կեղծ հաշիվ-ապրանքագրեր. այս գործարքների հետեւանքով եւս պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 16,5մլն դրամի վնաս: Նշված դեպքերի վերաբերյալ ՊԵԿ հետաքննության եւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչություններում հարուցվել են քրգործեր, որոնք միացվել են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ալբերտ Գալստյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-189 հոդվածի 1-ին մասով, 189 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 205 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Նախաքննությունը շարունակվում է::